«Ձեւավորել հակաճգնաժամային, անցումային կառավարություն եւ իշխանության անկման պահից ստանձնել պետության պատասխանատվությունը, բացառել պետության ղեկը նախկին կեղեքիչ խամաճիկներին կամ նրանց դիմափոխված սատելիտներին հաձնումը». սա Ազգային ժողովրդավարական բեւեռի կարճաժամկետ ծրագիրն է, որը պատրաստվում են իրականացնել, քանի որ Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի անդամների կարծիքով, գործող կառավարության վստահության ժամկետը սպառվում է, եւ վերջիններս շուտով հրաժեշտ են տալու իշխանությանը:
Այսօր, Ազգային ժողովրդավարական բեւեռի նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովում, որը նվիրված էր Հայաստանի անկախության Հռչակագրի 30 ամյակին, նախաձեռնող խմբի անդամները հրապարակեցին իրենց պատկերացումները:
Հակաճգնաժամային անցումային կառավարությունը, որը կազմվելու է վերկուսակցական ձեւաչափով, պետք է իրականացնի հակաճգնաժամային ծրագիրը՝ Արցախը ներառող կառավարման համակարգով: Ծրագրի մեկնարկը ենթադրվում է նախկին իշխանություններին իրավաքաղաքական գնահատական տալով, որից հետո անցումային արդարադատության իրականացում՝ նոր Սահմանադրություն, նոր ԸՕ եւ կուսակցությունների մասին նոր օրենքի մշակում, որոցով էլ կիրականացվեն նոր ընտրությունները: Հակաճգնաժամային կառավարությունը գործելու է մեկ տարի:
Նախաձեռնող խմբի անդամ, պատմաբան, վերլուծաբան Արա Պապյանի կարծիքով, իրավաքաղաքական գնահատական պետք է տրվի նաեւ 1920-1991 թվականները ներառող շրջանին:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայաստանի երրորդ հանրապետության գոյության նախորդ երեք տասնամյակներին՝ Արա Պապյանն արձանագրում է, որ Հայաստանի անկախության Հռչակագրում ամրագրվածը մեծապես անկատար է մնացել կամ կատարվել է թերի, ինչը պայմանավորված է օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններով՝ չկար ժողովրդավարական կայուն մշակույթ, կայուն ձեւավորված միջին խավ, քաղաքական ղեկավարության կողմից իրագործված սկզբունքային, որոշ դեպքերում հանցավոր սխալներ: Բայց, ըստ նրա, չարդարացված կորուստները շատ են. իշխանությունը մեկը-մյուսի ետեւից զավթած իշխանավորների կողմից իրականացվել է համաժողովրդական հարստություն հադիսացող ընդերքի յուրացում ու դրա ամենավառ դրեւորումը Ամուլսարի ծրագիրն է:
Արա Պապյանի գնահատմամբ, թեեւ անկախության Հռչակագրով անուղղակիորեն ընդունվում է, որ ՀՀ երրորդ հանրապետությունը Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդն է, բայց առաջին վարչախումբը որդեգրեց դրան հակասող իրավաքաղաքական հայեցակարգ, որի վրա ցայսօր խարսխված է ներքին եւ արտաքին քաղաքականությունը, փոխարեն ստանձնելու առաջին հանրապետության իրավահաջորդությունը՝ իշխանություն հայտարարելով Հայաստանի առաջին հանրապետության լիազորության տակ եղած տարածքների վրա, ինչպես արել են հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը: 1990-ականների սկզբին, ՀՀ իշխանությունն՝ իր գնահատմամբ, անհասկանալի պատճառով ստանձնեց ՍՍՀՄ կազմում ընդամենը վարչատարածքային միավոր հանդիսացող, որեւէ միջազգային կարգավիճակ չունեցող եւ չունեցած ՀՍՍՀ-ի իրավահաջորդությունը: Այս քայլով, Արա Պապյանի պնդմամբ, ՀՀ իշխանությունը ընդունեց 1920 թվականի թուրք-բոլշեւիկյան ուժերի կողմից մեր երկրի զավթումը, սրբագործեց ստալինյան Սահմանադրության հայավնաս հետեւանքները՝ թուլացնելով մեր բանակցային դիրքերը թե Արցախի հարցում, թե Թուրքիայի հետ բանակցություններում: Արցախի հարցում ներկայիս բանակցային փակուղային իրավիճակը, բանախոսի պնդմամբ, ածանցվում է վերոշարադրյալ սխալներից:
Անկախության հռչակագրի ուղենիշներից շեղվելով՝ Արա Պապյանի գնահատմամբ, անտեսվեցին առաջին հանրապետության դասերը, եւ ձեւավորվեց կեղծ ժողովրդավարական, ավտորիտար համակարգ, ոտնահարվեց անկախության Հռչակագրով սահմանված ինքնիշխանության եւ անկախության հանձնառույթը: Վերջինիս մասով բանախոսը քննադատեց 2008-ի իրադարձությունները, 2013-ին՝ ԵԱՏՄ-ի անդամակցությունից սկսած զարգացումները, ինչի արդյունքում, Մադրիդյան սկզբունքների վրա Արցախի հիմնահարցի լուծման փուլում Լավրովյան սկզբունքներին հանգեցինք, եւ դրանով պայմանավորված ապրիլյան քառօրյա պատերազմը եղեվ, որը նա բնութագրեց պայմանավորված եւ անվանեց «ազգային դավաճանություն»:
Այս զարգացումների արդյունքում է, որ, բանախոսի կարծիքով, «Սասնա ծռերը» ստիպված եղան զենք վերցնել՝ «ընդդեմ բռնատիրության», որն, իր գնահատմամբ, ժողովուրդը ողջունեց, լեգիտիմացրեց եւ տեր կանգնեց այդ ապստամբությանը՝ քաղաքացիական անհնազանդություն դրսեւորելով, այն վերածելով համաժողովրդական ընդվզման: 2016-ի, «Սասնա ծռերը» գործողությունները, Արա Պապյանի բնութագրմամբ, զրկեց պետական կառավարման համակարգին՝ հետագայում քաղաքացիական անհնազադության ակցիաները բռնի ուժով կասեցնելու հնարավորությունից եւ 2018-ին, զանգվածային քաղաքացիական անհնազանդության միջոցով բռնապետությունը տապալվեց: Արա Պապյանը գտնում է, որ եթե 2016-ի հուլիսի փորձը չլիներ, 2018-ին իշխանափոխությունն անարյուն չէր լինի: Իսկ եթե այս վարկածն անընդունելի է, բանախոսը նկատում է՝ ուրեմն պետք է ընդունել այն վարկածը, որ 2018-ի իրադարձությունները նախապես պայմանավորված բեմականացում էին: Նա հավելում է նաեւ, որ 2016-ին «Սասնա ծռերի» ապստամբությունը վիժեցրեց նաեւ Լավրովյան պլանի իրագործումը:
2018-ի հեղափոխական ալիքի վրա եկած իշխանությունը, ըստ Արա Պապյանի, կրկին շարունակեց նախորդ իշխանություններից ժառանգած, անկախության Հռչակագրից շեղված ուղենիշը, ինչի հետեւանքով չարդարացվեցին հետհեղափոխական սպասումները, չկատարվեցին խոստումները, արդյունքում՝ համակարգային ճգնաժամը խորանում է, մանավանդ համաշխարհային զարգացումների եւ կորոնավիրուսի վարակի ֆոնին: Նա արձանագրում է՝ իշխող խմբի կարողությունները չեն համապատասխանում մեր պետականության առջեւ ծառացած մարտահրավերներին, գործող իշխանության վստահության պաշարը սպառվում է, նրանք շուտով հրաժեշտ են տալու իշխանությանը:
Արտաքին քաղաքական զարգացումների ֆոնին, Արա Պապյանին հուսադրող են թվում Բելառուսում տեղի ունեցող գործընթացները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցնելու են Կրեմլի ռեժիմի փոփոխության, ինչը հնարավորություն կտա ՌԴ-ի հետ արժանապատիվ եւ իրավահավասար գործընկերության հաստատում: Եկող տարի լրանում են Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակները. Արա Պապյանի կարծիքով, Հայաստանի կառավարությունը պարտավոր է քեմալաբոլշեւիկյան այդ ակտերին իրավաքաղաքական գնահատականներ տալ՝ նույնը պահանջելով ՀՀ դաշնակից համարվող եւ այդ պայմանագրերի կողմ հանդիսացող Ռուսաստանից: Նաեւ, իր համոզմամբ, պետք է վերարծարծվեն Սեւրի պայմանագիրը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը եւ հայկական հարցի լուծման այն պայմանագրերը, որոնք վերոնշյալ ակտերի տրամաբանության մեջ են: Ի դեպ, նոյեմբեր ամսին լրանում է Վիլսոնի իրավարար վճռի հարյուրամյակը, բանախոսը քննադատեց գործող իշխանություններին՝ բավարար քայլեր չանելու համար, որպեսզի այդ ակտն արդի քաղաքականություն մտնի՝ հնարավորություն տալով Հայաստանին լծակ ձեռք բերել Թուրքիայի վրա, նաեւ, արդի համաշխարահային զարգացումներում դերակատարում ստանձնել ձեւավորվող հակաթուրքական դաշինքում:
Նախաձեռնող խմբի անդամները նաեւ պահանջում են գործող իշխանությունից՝ «Սասնա ծռերի» բանտում գտնվող անդամներին ազատ արձակել, մահվան դրվագներով անաչառ դատավարություն իրականացնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ