Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հալիձորի համայնքապատկան հողերի վաճառքը ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել, որ նորաստեղծ ընտանիքները մնացել են անհող ու արտագաղթում են

Օգոստոս 24,2020 17:30

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի համայնքապատկան հողատարածքների վաճառքը տեղի է ունեցել 2010 թվականին՝ աճուրդային եղանակով: Ի պատասխան Aravot.am-ի գրավոր հարցմանը՝ հայտնում են Սյունիքի մարզպետարանից: Ըստ մարզի պատասխանատուների, այդ հողատարածքները հիմնականում ձեռք են բերել Հալիձոր գյուղի բնակիչներ չհանդիսացող անձիք:

Մեր լրատվամիջոցն օրերս հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ ճշտելու մանրամասներ՝ ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում է տեղի ունեցել Հալիձորի համայնքապատկան հողերի վաճառքը, արդյոք այն օրինակա՞ն է եղել, ովքե՞ր են այդ հողատարածքների տերերը:

Հիշեցնենք, որ  2018 թվականի հեղափոխությունից հետո հալիձորցիները 500-600 ստորագրությամբ նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով հետաքննություն սկսել ու համայնքապատկան հողերը վերադարձնել: Հալիձորցիների խոսքով՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հովանավորությամբ գյուղին պատկանող հողատարածքները մի գիշերում վաճառվել են նրան մտերիմ անձանց, եւ այդ մասին գյուղացիներն իմացել են, երբ գյուղապետից համայնքապատկան հող են ուզել՝ աճող ընտանիք ունեցող որդիների համար տուն կառուցելու: Անակնկալի են եկել, երբ նախկին գյուղապետը հայտնել է, որ համայնքն այլեւս հող չունի: Ասում են՝ հիմա գյուղից երիտասարդ ընտանիքների արտագաղթը հենց այդ պատճառով է. հող չկա, որ տուն կառուցեն: Նորաստեղծ ընտանիքները գյուղը շենացնելու փոխարեն Հալիձորից դուրս են գալիս՝ Ռուսաստանում հաստատվում:

Հալիձորցիները մեզ հետ զրույցում պնդում էին, որ կառավարության նոր առաջնորդից էլ իրենց հարցերին որեւէ ռեալ պատասխան չեն ստացել:
Aravot.am-ի հետ զրույցում նրանք կարծիք հայտնեցին, որ իրենց նամակն անգամ չի էլ հասել վարչապետին՝ հակառակ դեպքում Փաշինյանը կհանձնարարեր՝ «այդ հարցով լուրջ զբաղվել»:
Սյունիքի մարզպետարանի՝ Aravot.am-ին տրամադրած փաստաթղթերից տեղեկանում ենք, որ Հալիձոր համայնքի բնակիչների դիմումը վարչապետը մակագրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին: Նախարարն էլ՝ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին: Մարզպետի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է մարզպետարանում,  քննարկման է ներկայացվել նաեւ Սյունիքի մարզի Տաթեւ համայնքի ղեկավարին՝ տեղական ինքնակառավարման մարմիններից տեղեկատվություն ստանալու ակնկալիքով:
Հալիձորը 2015-2016 թվականներին խոշորացման արդյունքում եւս 7 գյուղերի հետ միասին միավորվել է Տաթեւ համայնքին:

Մարզպետարանից ստացված պարզաբանման համաձայն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հալիձոր համայնքի ավագանին համայնքապատկան հողերը վաճառելու որոշումը կայացրել է 2009 թվականի դեկտեմբերի 18-ի նիստում, որով աճուրդի են հանվել դիմումատուների կողմից նշված, համայնքի վարչական տարածքում գտնվող նախկին «միջտնտեսային ձեռնարկության» տարածքի արտադրական եւ գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 4.1 հեկտար ընդհանուր մակերեսով:

«ՀՀ ԱԳԿԿ Սյունիքի մարզային ստորաբաժանումից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարված   հողամասերի նկատմամբ իրականացվել են գույքային իրավունքների պետական գրանցումներ: Հողամասերի օտարման գործընթացի  փաստաթղթային ուսումնասիրությունների ընթացքում ակնառու թերություններ չեն հայտնաբերվել»,-Սուրեն Պապիկյանին եւ նաեւ Aravot.am-ին հայտնում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը: Այսինքն, դատելով մարզպետի պատասխանից, նշյալ աճուրդը եղել է օրինականության սահմաններում, եւ գործարքը չեղյալ հայտարարելու հիմքեր չկան՝ ինչպես որ պահանջում են բնակիչները: Ի դեպ, 2010 թվականից մինչ օրս նշյալ հողատարածքներում որեւէ գործունեություն չի ծավալվել:

Օրերս Հալիձոր կատարած մեր այցելության ժամանակ եղանք նաեւ այդ վայրում. հողատարածքներն ինչպես որ անմշակ եղել են, այդպես էլ մնացել էին:

Մատնանշելով հալիձորցիների դժգոհությունը, որ գյուղից նաեւ արտագաղթում են հողի բացակայության պատճառով, Սյունիքի մարզպետից նաեւ հետաքրքրվել էինք՝ մարզպետարանը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում Հալիձորում տուն կառուցել ցանկացող երիտասարդ ընտանիքներին հողով ապահովելու՝ հատկապես, որ նրանց հասանելիք հողատարածքները վաճառվել են բնակիչներ չհանդիսացող անձանց: Ի պատասխան՝ մարզպետարանից հայտնեցին, որ հալիձորցիների կողմից մատնանշված տարածքները ոչ թե տնամերձեր են եղել, այլ՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, բայց, քանի որ Հալիձորի բնակիչներին բնակարանային շինարարության համար տարածքներ հատկացնելու խնդիրը արդիական է, բնակելի նոր կառուցապատման համար բնակավայրի հյուսիսային մասում նախատեսվել է այլ տարածք:

Սակայն, որոշ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ նախատեսված նոր տարածքը, ճիշտ է, գյուղին շատ մոտ է, սակայն բավականին թեքության վրա է, եւ տուն կառուցելու դեպքում ծախսերն անհամեմատ մեծ կլինեն: Այդուհանդերձ, մարզպետարանից հայտնեցին, որ տարածքը բավարար է, որպեսզի ով տուն կառուցելու ցանկություն ունի, այդտեղ հողատարածք  ձեռք բերի:  Հողատարածքներն էլ ոչ թե գյուղնշանակության են, այլ՝ տնամերձ, որտեղ թույլատրվում է կառուցապատումը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31