Բելառուսում ձերբակալվել են ընդդիմության Համակարգող խորհրդի ղեկավարներ Սերգեյ Դիբելսկին և Օլգա Կովալկովան: Այս մասին Facebook-ում գրառում է կատարել Կովալկովան: Ձերբակալությունն իրականացվել է Մինսկում` ՕՄՕՆ-ի ուժայինների կողմից:
Ըստ տեղեկատվության՝ ընդդիմադիր գործիչները ձերբակալվել են այսօր՝ օգոստոսի 24-ին, Մինսկի տրակտորի գործարանի մոտ: Ընդդիմության ներկայացուցիչներին մեղադրել են չարտոնված զանգվածային միջոցառում կազմակերպելու համար: Կովալկովան և Դիլեվսկին գործարանի մոտ էին ժամանել՝ խոսելու գործադուլ հայտարարած աշխատակիցների և գլխավոր տնօրենի տեղակալի հետ:
Նշենք, որ նախօրեին Մինսկում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի հերթական ակցիան: Մարդիկ հավաքվել էին Անկախության հրապարակում, որից հետո երթով շարժվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի ուղղությամբ, բայց ճանապարհը փակել են ՕՄՕՆ-ի ուժայինները: Ուշագրավ է, որ ստեղծված իրավիճակում Լուկաշենկոն տեսախցիկների առաջ է հայտնվել ինքնաձիգը ձեռքին և զրահաբաճկոնով (լուսանկարում):
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ