Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ խախտումներ են արձանագրել, պատասխանում չկա. ոստիկանությունն առաջարկում է կասեցնել Լիդիանի պահնորդների լիցենզիան. ՀԲՃ

Օգոստոս 24,2020 15:46

Սույն թվականի հունիսի 30-ին Լիդիան ընկերությունը փոխեց տարածքի պահպանության ծառայություն իրականացնող ընկերությանը՝ վարձելով «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ին։ Այս նոր պահնորդների գործունեությունն Ամուլսարում անմիջապես սկսվեց բռնի ու սադրիչ գործունեություններով, շան երեք ձագերին ավտոմեքենայի անիվների տակ ոտնատակ անելով, զենքի բացահայտ ցուցադրությամբ, Ամուլսարի պահապանների նկատմամբ սպառնալիքներով։ Դա շարունակվեց արդեն օգոստոսի հայտնի դեպքերով, երբ նրանք հեռացրին պահապանների տնակները, սանձազերծեցին բռնություններ Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների, նույնիսկ՝ ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ։ Լիդիան ընկերության պաշտոնական մեկնաբանությունները հաստատում էին, որ վարձված ընկերությունը գործել է Լիդիանի անմիջական վերահսկողության ու ցուցումների ներքո։

Նոր պահնորդական ընկերության կողմից ծառայությունն իրականացնելու ընթացքում օրենքի պահանջները չկատարելու հետ կապված բազմիցս բարձրաձայնել են տեղացիները, իսկ Հայկական բնապահպանական ճակատը հուլիսի 17-ին դիմում էր ներկայացրել ոստիկանությանը՝ կապված ընկերության ներկայացուցիչների կողմից ֆիրմային տարբերանշաններ ու անուն-ազգանուն չկրելու հետ, ինչպես նաև խնդրել պարզաբանել, թե արդյոք Ամուլսարում հայտնված համազգեստավոր անձինք պահնորդի որակավորո՞ւմ ունեն, թե ոչ։

Հիշեցնենք, որ ծառայության անցնելու առաջին իսկ օրվանից տեղացիների, Ամուլսարի պահապանների ու Ջերմուկի մայրուղով անցնող մարդկանց համար մեծ խնդիր էր Լիդիանի վարձկանների կողմից զենք կրելու հարցը։ Դեռևս հուլիսի 1-ին «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ տնօրեն Ա․ Դանիելյանը Թեհմինե Ենոքյանի հարցին պատասխանել էր, որ «ըստ իրավիճակի կորոշեն՝ զենք կրեն, թե ոչ»։

Պարզվում է, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ն 2017թ․ սեպտեմբերի 25-ին իրեն տրամադրված ՄՊԳ 47 լիցենզիայով ընդհանրապես քաղաքացիական զենք ու փամփուշտներ պահելու ու օգտագործելու թույլտվություն չունի։ Այս մասին ոստիկանությունը հուլիս ամսին տեղեկացրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, ի պատասխան իր հարցմանը։

Իսկ ահա Հայկական բնապահպանական ճակատի հարցմանը ոստիկանությունը պատասխանել է օգոստոսի 21-ին՝ տեղեկացնելով, որ «Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊ ընկերության կողմից հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքով ոստիկանությունում իրականացվել է վարչական վարույթ։ Թե ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը, պատասխանում չկա, կարելի է միայն ենթադրել, որ դրանք կարող էին վերաբերել լիցենզիայի թույլտվության սահմաններից դուրս զենք կրելու, Պահնորդական ծառայության մասին օրենքի պահանջները չկատարելու, ոստիկանության ներկայացուցիչների պահանջները չկատարելու հետ։

Այդուհանդերձ, ոստիկանությունը հայտնում է, որ իրենց կատարած վարույթի արդյունքները ներկայացվել են ՀՀ ոստիկանությունում գործող լիցենզավորման հանձնաժողովի քննարկմանը՝ առաջարկով, որ կասեցվի ընկերության լիցենզիայի գործունեությունը։

Լիցենզավորման հանձնաժողովի նիստի քննարկման արդյունքներով կայացվելիք եզրակացությունը կտեղադրվի azdarar.am ՀՀ հրապարակային ծանուցման պաշտոնական ինտերնետային կայքում։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31