«Կամք» նախաձեռնությունը ցույց էր կազմակերպել՝ ընդդեմ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց։ Նրանք դեմ են հանրակրթական չափորոշիչների փոփոխություններին, Լանզարոտեի կոնվենցիային, սեռական կրթություն առարկայի ներդրմանը։
Ոստիկանությունը նախ հորդորեց նրանց ազատել փողոցի երթևեկելի հատվածը, այնուհետև՝ նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանին պահանջեց դիմակ կրել։ Որոշ ժամանակ անց նա դրեց դիմակը, բայց անմիջապես իջեցրեց ծնոտին։
Ոստիկանները բերման ենթարկեցին նախաձեռնության անդամ Տարոն Դավթյանին։ Վահագն Չախալյանի խոսքերով՝ Տարոն Դավթյանը շատ ակտիվ էր, բարձրախոսով հայտարարություններ էր անում, ոստիկանությունը նրան նկատել էր և, ըստ նրա, վրեժխնդիր են լինում․ «Սրանք շատ խեղճուկ քայլեր են, այսպիսի քայլերով չեն կանգնեցնելու մեզ։ Մենք պաշտպանելու ենք մեր երեխաներին։ Ես այսօր իմ տղայի հետ եմ եկել այստեղ, որ եթե ձերբակալելու լինեն, ինձ ու տղայիս իրար հետ ձերբակալեն»։
Ոստիկանները ընդհատեցին նրա ելույթը, որ վարչական արձանագրություն կազմեն։ Վահագն Չախալյանը անմիջապես բարձրացրեց դիմակը և ոստիկաններին մեղադրեց իր իրավունքները ոտնահարելու մեջ, նա պնդում էր, որ խոսի, նոր մոտենա ոստիկաններին․ «Հարգելի՛ ոստիկաններ, դուք չհոգնեցի՞ք մեզ խանգարելուց, մեր ազատ խոսքի իրավունքը, մեր մտքի թելերը կտրում եք»։ Ոստիկանը արձագանքեց․ «Ոչ ոք դիտավորություն չունի խանգարելու։ Պարո՛ն Չախալյան, կանոններին համապատասխան իրականացրեք»։ Ոստիկանը արձանագրությունը կազմեց։
Կարդացեք նաև
Ոստիկանները «Կամք» նախաձեռնության այլ անդամների էլ բերման ենթարկեցին, նրանք դիմակ չէին կրում։ Վահագն Չախալյանը հորդորեց ներկաներին՝ ենթարկվել ոստիկանության պահանջներին․ «Հավատացեք, որ գալու է ժամանակ, որ այս հրաման տվողներն իրենք կանգնելու են օրենքի առաջ և պատասխան են տալու, թե ինչո՞ւ են մեր ոստիկաններին նման անօրինական հրամաններ տվել, ինչո՞ւ են մեր ոստիկաններին օգտագործում իրենց աթոռը պաշտպանելու համար։ Արայիկ Հարությունյանը ո՞վ է, որ իրեն պաշտպանելու համար այսքան ոստիկան է հավաքվել»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ