Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Վիեննայում հանդես գալ «յան» ազգանվամբ եւ լինել հաջողակ

Օգոստոս 24,2020 15:00

Արաքսյա Սարուխանյանը ծնունդով Վանաձորից է, այժմ ապրում է Վիեննայում, աշխատում տեղի լավագույն թանգարաններից մեկում: Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք Արաքսյայի հաջողության պատմության մասին:

Մանկության ամենաջերմ հուշն առնչվում է տատիկ-պապիկի հյուրասենյակի պատի մեջ գտնվող ռուսական հսկա վառարանի հետ: Ասում է՝ երեխա ժամանակ պառկում էր գորգին ու իրեն թվում էր՝ նկարները շարժվում են:  Հիշում է նաեւ մանկապարտեզի ճաշարանի անհաճո հոտը, որն իրեն բնավ դուր չէր գալիս: Ասում է՝ 6 տարեկան էր, երբ 88-ի ավերիչ երկրաշարժը եղավ, դրանից հետո մանկական ջերմ հուշեր չեն մնացել: Հիշում է մոր խորհուրդները, օրինակ, որ այսօրվա գործը վաղվան չպետք է թողնել, կամ երբ մայրը որեւէ բան արգելում էր իրեն, դա հենց այնպես, չպատճառաբանված չէր անում,այլ միշտ ինչ-որ լուսավոր կետի հետ էր կապում: Ասում է՝ այժմ նույն կերպ ինքն է իր որդուն՝ վեցամյա Էմանուելին դաստիարակում:

Արաքսյա Սարուխանյանը 24 տարեկանում է Եվրոպա տեղափոխվել, ասում է՝ մինչեւ վերջ չի ադապտացվել, քանի որ կարծես մի ոտքը Հայաստանում է, մյուսը՝ Ավստրիայում. «Իմ հայրենիքը Հայաստանն է, մեզ առաջինը հայ են դաստիարակել: Այստեղ ինձ տանը չեմ զգում, բայց Հայաստանում էլ հիմա մի տեսակ տանը չեմ… Ուղղակի ես տեսակով թիմային լավ աշխատող եմ, կարծում եմ հենց դա էլ ինձ օգնել է հարմարվել, հատկապես որ դժվարություններ չեմ ստեղծում»:

Արաքսյան Վիեննայում թանգարանում է աշխատում, ասում է վերջին անգամ հայաստանյան թանգարանում 2002-ին է եղել, հույս ունի, որ շատ բան է փոխվել դեպի լավը ու զարգացում ապրել: Ինչ վերաբերում է եվրոպական թանգարաններին, ասում է՝ այնտեղ գումար չեն խնայում աշխատակիցների վրա, թանգարանային ամենահասարակ աշխատակիցն անգամ շատ հարգված ու գնահատված է, թանգարանները շատ լավ են հսկվում, նաեւ ցուցանմուշների պահման պայմաններն են իդեալական: Ասում է՝ թանգարանները պահում, պահպանում են գանձեր, ներկայացնում են դրանք եւ կրթական գործունեություն են իրականացնում միաժամանակ: Նշում է, որ վերջերս եղել է հայտնի Բրիտանական թանգարանում ու տեսել Անահիտ աստվածուհու արձանի մասունքները. «Երբ բոլորը ասում են՝ պահանջենք, հետ բերենք մեր Անահիտին, ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետեւ մտածում եմ, որ այնտեղ Անահիտն ավելի լավ պայմաններում է պահպանվում, ավելի շատ այցելուներ ունի, քան կունենար Հայաստանում»:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ թանգարանում իր աշխատանքին: Արաքսյա Սարուխանյանն ասաց, որ չի թաքցնում  իր ծագումը, եւ կրծքանշանի վրա հպարտորեն իր անուն-ազգանունը կրում է, ի տարբերություն ոմանց, որոնք պայմանական անուն-ազգանուններով են ներկայանում այցելուներին:

«Շատերն են մոտենում, ասում են՝ եղել ենք ձեր երկրում, տեսել ենք Խոր Վիրապը, այս կամ այն եկեղեցին…Վերջերս Գերմանիայից մի խումբ էր եկել, հենց իմացան հայ եմ, մոտեցան ու ասացին, որ Գյումրին Հալլեի հետ քույր քաղաք է, պատմեցին, թե ինչ տպավորված են Գյումրիով…Մի այցելու էլ ասաց, որ պատրաստվում է Զատիկը Հայաստանում անցկացնել: Մի շրջան էլ ես ակամայից դարձել էի Արամ Խաչատրյանի ներկայացուցիչը, բոլորին պատմում էի, ներկայացնում, թե ով է այդ հրաշալի կոմպոզիտորը…Մեր թանգարանի այցելուները  բժիշկներ են, ճարտարապետներ, ուսյալ մարդիկ: Մեկն ինձ պատմում էր, որ գոթական ճարտրապետությունը ծնվել է հայկականից: Անգամ էլեկտրոնային հասցե ուզեց, որ այդ թեմայով համապատասխան նյութեր ուղարկի… Ինչպե՞ս չհպարտանաս, որ կողքիդ աշխատողները լսում են այդ մասին…»,- մանրամասնում է Արաքսյան:

Խոսելով մարդկային շփումների ու փոխհարաբերությունների մասին՝ ընդգծում  է, որ երբեք շուտ չի ոգեւորվում եւ շուտ չի հիասթափվում, քանի որ մարդկանցից ավելորդ սպասելիքներ չի ունենում. «Այդպես ե՛ւ ինձ համար է ապահով, ե՛ւ դիմացինի: Բայց ես մի հատկանիշ ունեմ, որը դրական չեմ համարում՝ միշտ փորձում եմ ուրիշներին արդարացնել: Ցանկացած արարքի առնչությամբ ես փորձում եմ այդ արարքը գործած մարդու համար արդարացում գտնել»:

Մեր զրուցակիցը հավելում է, որ սիրում է գեղարվեստական գրքեր ընթերցել, վերջինը Շաֆակի «Ստամբուլի բիճն» էր, դրանից առաջ վերընթերցել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որը շատ երիտասարդ տարիքում էր կարդացել. «Քանի որ Վերֆելի երկրում եմ ապրում, մտածեցի, որ պետք է անպայման նորից վերընթերցեմ նրա «Մուսա լեռան 40 օրը»: Ափսոսում է, որ մայր դառնալուց հետո ժամանակը չի բավականացնում  ընթերցանությամբ ավելի շատ զբաղվելու համար:

Խոսեցինք նաեւ Արաքսյայի որդուց՝  Էմանուելից, որի հայրն ավստրացի է: «Ինձ թվում է, որ հենց հիմա հայ լինելը իր համար շատ ավելի կարեւոր է: Ինքն իրեն հայ է համարում, եւ վստահ է, որ ինքը հարյուր տոկոսով հայ է, հարյուր տոկոսով ավստրիացի: Ես փորձում եմ իրեն այդպես դաստիարակել, որ կիսատ լինելու՝ կես հայի-կես ավստրիացու զգացողություն չունենա: Ասում եմ՝ եթե հայերի մեջ ինչ-որ գիծ է դուր գալիս, պահիր դա, եթե՝ ոչ, ապա թո՛ղ այդ գիծը, նույնն էլ՝ ավստրացիների պարագայում: Դու ես որոշում՝  ինչ ես…Վերջերս տրամվայի մեջ մեկը հարցրեց՝ ինչ ազգ եք, արդյոք իտալացի՞ եք, Էմանուելը պատասխանեց՝ ես հայ եմ, բայց իմ հայրիկն ավստրացի է: Դա ինձ համար անակնկալ էր: Ես առաջին անգամ նման պատասխան լսեցի, որովհետեւ մինչեւ հինգ տարեկանն ինքն իր ծագման  մասին չէր խոսում…Կարծում եմ՝ երեխաները խելացի են եւ երկու մշակույթներից վերցնում են այն, ինչն իրենց հարմար է…»,-նշեց Արաքսյան:

Հարցրինք՝ իրեն հաջողակ մարդ համարո՞ւմ է: «Ես ինձ հաջողակ եմ համարում, բայց ինձ թվում է, որ դա ինքնըստինքյան չէ, ինքնաբերաբար չէ… Աստված է ինձ հետ, որ հաջողակ եմ… Ինձ թվում է, որ Ասված բարի է, եւ ես պաշտպանված եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արաքսյա Սարուխանյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Հարգելի Գոհար, շնորհակալություն, որ մեր Արաքսին (Արաքսյա) ներկայացրեցիք հանրությանը։ Կարող եմ միայն հաստատել, որ Արաքսը լավ ընկեր է, լավ մարդ և լավ հայուհի։ Արաքս ջան սիրում ենք քեզ շատ։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31