Երեսուն տարի առաջ 1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը, որն ուղենշեց ինքնիշխան, անկախ Հայաստանի Հանրապետության ծնունդը: Այս հռչակագիր արտահայտում էր հայության միասնական աներեր կամքը վերականգնելու իր բռնազավթված պետականությունը, որի հիմքում ժողովրդավարական ու իրավական հասարակարգն էր լինելու:
Երեսուն երկար տարիներ են անցել, Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը իրագործել են Անկախության հռչակագրի հիմնական կետերը, ձևավորված են ինքնուրույն պետականության հաստատությունները, օրենսդրական դաշտը, բայց իրականացված մեծ գործերի հետ մեկտեղ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու հանուն մեր ուղենշած նպատակների պետության կայացման:
«Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին Հայաստան, Արցախ և ի սփյուռս աշխարհի մեր անկախության հռչակագրի ընդունման հպարտ ու պարտավորեցնող երեսնամյա այս տարեդարձի առիթով՝ մաղթում ենք հաստատակամություն և ստեղծարար համախմբում մեր հայրենիքի ինքնիշխանության ամրակայման բարդագույն գործում:
Հռչակագրով ամրակայված հայության նպատակները սպասում են մեր նոր խիզախումներին ու իմաստնությանը՝ անցյալի սխալներն ուղղելու, հնի ձախող բեռը թոթափելու, մեզ պառակտող բոլոր խոչընդոտները հաղթահարելու և դեպի առաջ նայելու՝ հավատարիմ ազգային պետականության բարձրագույն արժեքներին:
Կարդացեք նաև
«Ժառանգությունը» համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ունենալու ժողովրդի միասնական քվեին արժանի այն Սահմանադրությունը, որի մասին գրված է հռչակագրում՝ ապահովելով իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը, բացառելով անձնիշխանությունը: Հռչակված ու կիսատ գործեր կան, ժողովրդավարական կառավարման համակարգը կարոտ է կատարելագործման:
Անկախության հռչակագրի ընդունումից երեսուն տարի անց մեր առջև լրջագույն մարտահրավերներ են, անկախությունն իրականություն դարձրած մեր հերոսների արժանի ժառանգորդը լինենք, անկախության արժեքներից խոտորվելու իրավունք չունենք:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն