Սպա Գուրգեն Ալավերդյանը, ինչպես ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց` օգոստոսի 22-ին, մարտական հենակետը ստուգելիս, եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է:
Սրան հաջորդեց Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե սպան դիվերսիոն-հետախուզական խմբի հրամանատար է, ՀՀ ՊՆ-ն հերքեց դա՝ շեշտելով, որ մոլորվածին Ադրբեջանը որպես դիվերսանտ է ներկայացնում: Ադրբեջանը տարածեց Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսանյութ՝ նրա հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունքով:
«Ադրբեջանի՝ որպես հակամարտող երկիր ստանձնած մի շարք միջազգային կոնվենցիաներով՝ գերիների/ռազմագերիների նկատմամբ նման վերաբերմունքը միջազգային նորմերի կոպիտ խախտումներ են՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ տեսանկարահանել եւ հրապարակել են ոչ պատշաճ կարգով»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը: «Նրան նվաստացուցիչ պայմաններում են պահում, գլխարկն աչքերին քաշած, վիրավորում են էթնիկ արժանապատվությունը, այսինքն՝ հայ լինելը, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում»,-շեշտեց մեր զրուցակիցը: «Գուրգեն Ալավերդյանի դեպքում չենք կարող ասել ռազմագերի, որովհետեւ նա ռազմական գործողությունների ժամանակ չէ, որ գերեվարվել է, այլ պարզապես մոլորվել է: Անձի հանդեպ նման վերաբերմունքը մարդասիրական նորմերի կոպտագույն խախտում է»,-հավելեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ