ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ. «ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան ժամը 05:00-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակությունները օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը»։