Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա , որ անեն քեզ». Նոր Կտակարան

Օգոստոս 24,2020 11:00

ԶԼՄ-ներում և սոցցանցերում քննարկվում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորական արտահայտությունը Ջորջ Սորոսի նկատմամբ։ Քննարկումները հիմնականում բևեռացված են`կախված կարծիք հայտնողի քաղաքական ուղղվածությունից և քարոզչական ազդեցությունից։

Որոշեցի ինքս էլ անդրադառնալ հարցին․

1. Հիշենք, որ երկու տարի առաջ «թավշյա հեղափոխության» առաջնորդ Նիկոլ Փաշինյանն, իհարկե, ավելի «նրբորեն», բայց նույնպես նման արտահայտություն արեց․ «․․․Սորոսը ինչքան հաց ու պանիր պիտի ուտի, որ․․․»։ Այնպես որ, անկախ այն բանից, թե որևէ քաղաքական-հասարակական կազմակերպություն, անհատ աջակցել է, թե ոչ «թավշյա հեղափոխությանը», Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում որևէ մեկի հետ «կիսել» հեղափոխության դափնիները։ Այն կխոչընդոտի միանձնյա իշխանությանը։ Եվ եթե, հանկարծ, իր իսկ թիմակիցներն, այդ թվում Ալեն Սիմոնյանը փորձեն գերագնահատել իրենց դերը «թավշյա հեղափոխության» մեջ, ապա կարժանանան Դավիթ Սանասարյանի ճակատագրին։

2.Անկախ այն բանից, թե ում նկատմամբ է վիրավորանքը, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից, օրինակ է ծառայում բոլոր, կամ համարյա բոլոր «հպարտ քաղաքացիների» համար՝ վիրավորանքներով և հայհոյանքներով արտահայտվելու իրենց կողմից չսիրված անձանց նկատմամբ։ Դա նաև միանգամայն արդարացնում է իշխանության հակառակորդների կողմից իշխանություններին նույն բառապաշարով այպանելու ձգտումները։ Այնպես որ ընդդիմությունից այլևս չբողոքեք։

Կարծեմ Ալեն Սիմոնյանը քրիստոնյա-հավատացյալ է։ Մի՞թե նա տեղյակ չի Հիսուսի հայտնի պատվիրանին․ «Մի արա ուրիշին այն, ինչ չես ցանկանա , որ անեն քեզ »։ Եվ ճաշակի հարց է, թե ո՞րն է ավելի վիրավորական՝ «անբարոյականի զավակ», թե՞ «Էսինչն ու՞մ շունն է» արտահայտությունը։ Եվ եթե Ալեն Սիմոնյանից վիրավորված Սորոսի հուզված կողմնակիցներից մեկը, գլխով հարվածեր նրա քթին, արդյոք ՀՀ իրավապահ մարմինները քրեական գործ կհարուցեի՞ն Ալեն Սիմոնյանի նկատմամբ, թե ՞․․․

Հետաքրքիր է, որ ԱԺ-ում «լուրջ» դեմքերով քննարկում են քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու հարցերը, երբ բարձրաստիճան պաշտոնյաները չեն խորշում հայհոյախառն բառապաշարից, խրախուսելով նոր «քաղաքական ենթամշակույթը»։ Իսկ Ալեն Սիմոնյանն ու այլք, օրինակ են վերցնում իրենց սիրելի առաջնորդից․ «Շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացող դատավորներ և այլն»։ Գուցե, եթե ժամանակին քաղհասարակության ներկայացուցիչները դատապարտեին այս խոսքերը, այսօր Ալեն Սիմոնյանն իրեն թույլ չէր տա նման արտահայտություններ։

3.Բայց ինչո՞ւ հանկարծ Ալեն Սիմոնյանը որոշեց վիրավորել Սորոսին։ Հիշենք Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին։ Նիկոլ Փաշինյանը, դուր գալու համար ռուսական լսարանին, փորձեց ձերբազատվել արևմտամետ գործչի պիտակից և ԲՀՀ-Հայաստանի (Սորոսի հիմնադրամ) , այլ ՀԿ-ների գրանցման և գործունեության մեղքը գցեց «նախկին, կոռումպացված ռեժիմի» վրա։ Ալեն Սիմոնյանն էլ իր «համարձակ» արտահայտությամբ ամրապնդեց առաջնորդի տեսակետը։ Հնարամտորեն օգտվելով ԲՀՀ-Հայաստանի և նրա հետ համագործակցող ՀԿ-ների առաջարկություններից և դրանք օգտագործելով որպես սպառնալիք՝ իրականացնելու անցումային արդարադատություն՝ դատավորների «վեթթինգ», Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընտրովի արդարադատություն, իսկ «վեթթինգը»՝ որպես մահակ, պահում չհնազանդվող դատավորների գլխին։ Սահմանադրական դատարանը կազմալուծելը մի քանի ՀԿ-ներ ողջունեցին․․․ և որպես «մավրեր», արդեն արեցին իրենց գործը։

4.Հետաքրքրական է, որ արդեն մեկ իմքայլական պատգամավոր պաշտպանեց կուսակցին։

Այս հարցով, ինձ ավելի շատ հետաքրքրում է «Իմ քայլի» այն պատգամավորների տեսակետները, որոնք կամ աշխատել են ԲՀՀ գրասենյակում, կամ որպես ՀԿ սերտորեն համագործակցել գրասենյակի հետ, դրամաշնորհներ ստացել, և այժմ միաձայն քվեարկում են «Իմ քայլի» և Ալեն Սիմոնյանի հետ։

 

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31