Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության անհաջող գործողություններից հետո տարեց մարդիկ մուտք են գործել իրենց տուն

Օգոստոս 24,2020 13:00

ՀՀ ոստիկանության Վաղարշապատի պետին է դիմել փաստաբան Գեւորգ Դավթյանը՝ տարեց մարդկանց՝ Սոֆյա եւ Արտոս Պետրոսյաններին  իրենց բնակարանից ոստիկանության վտարման գործողությունների դեմ:

Փաստաբանը երեկ «Առավոտին» հայտնեց, որ դեռեւս 31.07.2020թ. Էջմիածնի ոստիկանության բաժնի պետին է ուղարկել դիմում, որտեղ մանրամասն, կից ապացույցներով տեղեկացրել է, որ չի կարող վտարման գործողություններ կատարվել «կալանքի առկայության, դատական գործի քննության եւ ներխուժման բացակայության պայմաններում»։ Այնինչ նախորդ օրը ոստիկանները փորձել են վտարում իրականացնել, ինչի կապակցությամբ փաստաբանը ներկայացրել է հաղորդում հանցագործության վերաբերյալ:

Կապիտան Ս. Ամիրյանի կողմից առաջարկվել է տարեց մարդկանց՝ «Իրենց իրերով ազատել բնակարանը», տեղափոխվել այլ բնակարան:

Փաստաբանի տեղեկացմամբ, թոշակառու վստահորդները չեն պատկերացնում իրավական առաջարկները, կատարվածը, ներկայացնել իրադրությունը: Պարզվում է, որ ՀՀ վարչական դատարանում դատավոր Ռ. Ազրոյանի նախագահությամբ քննվում է վարչական գործն ըստ Սոֆյա Պետրոսյանի՝ ընդդեմ հարկադիր ծառայությունն ապահովող ծառայության, երրորդ անձ Անի Ղուկասյանի եւ Արտոս Պետրոսյանի:

Խնդիրն առնչվում է էլեկտրոնային աճուրդն անվավեր համարելու, Էջմիածնի վիճելի տան նկատմամբ նոտարական կարգով կնքված պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների հետ:

Փաստաբան Գեւորգ Դավթյանը տեղեկացնում է, որ քաղդատարանում քննվել է Սոֆյա Պետրոսյանի հայցն ընդդեմ հարկադիր ծառայության, եւ այն այս տարվա հունիսի 22-ին կարճվել է այն հիմքով, որ գործը ենթակա է քննության վարչական դատարանում, այլ ոչ թե ընդհանուր իրավասության:

Ըստ դատարանի կարճման որոշման, ինչը իր տրամադրության տակ է, դատարանն արձանագրել էր. «Սույն գործով քննության ենթակա հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագել է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Իսկ գործով քննության ենթակա պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի` թիվ ԱՐԴ1/3272/02/16 քաղաքացիական գործով դատական ակտի կատարման ապահովմանը /տե՛ս սույն քաղաքացիական գործի գ.թ. 17/, հաշվի առնելով նաեւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 8-րդ մասով նախատեսված հստակ իրավակարգավորումն առ այն, որ լոտի վաճառքից ստացված գումարը առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում, փոխանցվում կամ հանձնվում է պահանջատիրոջը: Այսինքն, տվյալ դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հարկադիր կատարման վարույթում սույն գործով պատասխանողը, կատարելով օրենքով սահմանված իր պարտականությունը, կազմակերպել եւ իրականացրել է անշարժ գույքի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, որի հաղթողի հետ էլ կնքվել է վիճարկվող առուվաճառքի պայմանագիրը, իսկ վեճն առաջացել է պատասխանողի կողմից իր հանրային իշխանական այդ լիազորություններն իրականացնելու կապակցությամբ:
Մասնավորապես, հայցվորն իր հերթին հայցադիմումում նշել է, որ եթե պատասխանողն իր գործառույթներն իրականացներ բազմակողմանի, լրիվ եւ ամբողջական, ապա հաշվի կառներ հայցվորի սեփականության իրավունքը՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ:
Միաժամանակ պետք է արձանագրել, որ հայցվորի ներկայացուցիչը 22.06.2020 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանին հայտնեց նաեւ, որ իր վստահորդի կողմից վարչական դատավարության կարգով վիճարկվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից կազմակերպված եւ իրականացված աճուրդը /որի արդյունքում կնքվել է սույն գործով վիճարկվող առուվաճառքի պայմանագիրը/, գործը գտնվում է ՀՀ վարչական դատարանի վարույթում: Դատարանը տվյալ դեպքում գալիս է այն եզրահանգման, որ կողմերի միջեւ ծագած վեճը իր բնույթով ոչ թե քաղաքացիական, այլ հանրային իրավահարաբերություններից ծագած վեճ է, ուստիեւ այն ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում, բացառությամբ նույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով եւ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»:

Այն փաստաբանի տեղեկացմամբ հրապարակվել է «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգում հուլիսի 16-ին:

«Ներկա պահին տունն արգելանքի տակ է, հետեւբար այլ անձի արգելված է վտարելը, տնօրինման գործողություններ կատարելը»,-ասում է նրանց ներկայացուցիչը՝ փաստաբան Գ. Դավթյանը, ապա շարունակում. «Որեւէ անձ իրավասու չէ որեւէ գործողություն կատարել, մինչեւ այդ արգելանքները վերացված չլինեն»:

Ոստիկանության նախորդ օրվա գործողությունների ժամանակ տարեց մարդիկ ասացին, որ Լերմոնտովի փողոցի վրա գտնվող տանն ապրում են երկար տարիներ, հետեւաբար, խոսք չի կարող լինել այն մասին, թե իրենք ապօրինի են ներխուժել վիճելի տուն:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31