Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին բացօթյա ներկայացումից հանդիսատեսը աննկարագրելի «կայֆ» է ստացել

Օգոստոս 24,2020 12:30

Հարցազրույց ռեժիսոր Գոռ Մարգարյանի հետ

– Հայաստանյան թատրոններից առաջինը Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը օգոստոսի 20-ին հանդես եկավ բացօթյա ներկայացմամբ՝ ձեր ռեժիսուրայով Էլջիբեթա Խովանեցի «Գարդենիա» բեմադրությամբ։ Հասկանալի պատճառով տեղերը սահմանափակ են եղել, ըստ մեր տեղեկությունների՝ շուրջ 40 հանդիսատես,  հավանաբար դա է պատճառը, որ «Առավոտը» հրավեր չէր ստացել։ Ներկայացումից տպավորություններ լսելու ակնկալիքով կապվեցինք ռուսական թատրոնի ֆանատներից մեկ-երկուսի հետ։ Նրանց տպավորությունները սեղմ կարելի է ներկայացնել հետեւյալ հավաքական ձեւակերպմամբ. չեք պատկերացնի՝ ամեն ինչը հիանալի էր, ամիսների ընդմիջումից հետո աննկարագրելի «կայֆ» ստացանք։ Մեր զրուցակիցներից մեկն էլ մտաբերեց, որ այս բեմադրությունը ինքը դիտել է 2019թ., Երեւանի երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ Մոսկովյան Պուշկինի թատրոնի հյուրախաղերի ժամանակ։ Մի ֆանատ էլ մտաբերեց, որ ի սկզբանե այդ ներկայացումը նախատեսված էր բացօթյա տարածքում խաղալու համար…

– Հիանալի է, որ նման թատերասերներ ունենք։ Իսկապես, ներկայացումն ի սկզբանե թատրոնի ղեկավարության եւ նկարչուհի Նելլի Բարսեղյանի հետ որոշել էինք խաղալ բացօթյա։ Եվ պետք է այդպես էլ լիներ, բայց վրա հասավ համավարակը։

– Ի՞նչ հանգամանքներից ելնելով էր որոշված ներկայացումը բացօթյա խաղալ։

– Նախ նշեմ, որ հետեւելով աշխարհում կատարվող անցուդարձին, թատրոնները վաղուց դուրս են եկել «կարոբկաներից» եւ ինչպես Նելլին է ասում՝ քաղաքը պե՛տք է օգտագործել որպես սցենոգրաֆիա։

– Իհարկե գիտենք, որ, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հռչակավոր թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը մենահամերգ է ունեցել նույնիսկ մեկ հանդիսատեսի համար, բայց թատրոնի համար, չե՞ք կարծում, որ 40 հանդիսատեսը…

– Հասկանալի է հարցը, բայց համավարակի պայմաններում այդ թվով հանդիսատես ունենալը երջանկություն է։ Պետք է փաստեմ նաեւ, որ բոլոր ցանկացողները չկարողացան դիտել ներկայացումը, քանի որ տեղերը սահմանափակ էին։

– Հասկանալի է, որ հանդիսատեսը շուրջ վեց ամիս զրկված էր թատրոն հաճախելուց եւ կարոտել էր։ Դուք՝ որպես ռեժիսոր, ինչպե՞ս կամ ինչո՞վ կմեկնաբանեք հանդիսատեսի հիացմունքը։

– Ներկայացմանը ընդգրկված էին ճանաչված դերասանուհիներ Ելենա Վարդանյանը, Իրա Հարությունյանը, Հայարփի Զուռնաչյանը եւ Աննա Մանուչարյանը։ Իհարկե, հաճելի է լսել հանդիսատեսի նման արձագանքի մասին, մանավանդ հայ հանդիսատեսի։ Թեեւ աշխատանքիս որակի մասին դժվար է արտահայտվելը, այդուհանդերձ, կպատասխանեմ ուղիղ՝ հավանաբար հանդիսատեսը նկատեց, որ աշխատանքը կատարված է ազնիվ։ Եվ ոչ պակաս կարեւոր մի հանգամանք. Թատրոնի դերասանները, տեխնիկական անձնակազմը, մի խոսքով՝ բոլորը, աշխատանքին մոտեցել էին բարեխղճորեն, չմտածելով, թե համավարակի պայմաններում ինչ էլ ներկայացվի, եթե նույնիսկ լինեն բացթողումներ, ներելի կլինի։

– Ընտրել էիք լեհ հեղինակի գործ…

– Այո, այս գործը ընդգրկում է շուրջ մեկ դար՝ 1930-ականներից մինչեւ մեր օրերը, կերպարների՝ տատիկի, դստեր, թոռնուհու եւ ծոռնուհու միջոցով ներկայացվում է մարդկային, ընտանեկան, փաստորեն մոտ հարյուր տարի ձեւավորված հարաբերություններ, նիստուկաց, մտածելակերպ եւ այլն։ Կարճ ասած՝ սցենարը իսկապես հետաքրքիր է։ Թույլ տվեք առանց համեստության նշեմ նաեւ գործողությունների դինամիկ զարգացման մասին։

– Ձեր կենսագիրը չենք, բայց հետեւելով ռեժիսորի ձեր գործունեությանը, իրականացրել եք շուրջ 20 ներկայացում, որոնցից մի քանիսը ներկայացվել են նաեւ արտասահմանում։ Իսկ երիտասարդ ռեժիսորի համար այդ թիվը փաստում է պահանջված լինելու մասին։ Առանց ձեր տարեկից գործընկերների անունները բարձրաձայնելու ասենք, որ նրանցից մեկ-երկուսը խոր դեպրեսիայի մեջ են…

– Այո, բեմադրություններս ցուցադրվել են նաեւ Լիտվայում, Բելառուսում, Ռուսաստանում, Մակեդոնիայում եւ այլ երկրներում։ Ինչ վերաբերում է դեպրեսիային, ես պարզապես չեմ հասցրել այդ հոգեվիճակին մոտենալ։

– Միայն անցյալ տարի ձեր ռեժիսուրայով Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում, եթե չենք սխալվում, ներկայացվեց ըստ Դունկան Մակմիլանի «Թոքեր» ստեղծագործության «CO2» պիեսը…

– Մեկ պրեմիերայով էլ եմ հանդես եկել. 2019թ. Պարոնյանի փոքր դահլիճում  թատերական ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ ներկայացա Ռեջինալդ Ռոուզի «12» բեմադրությամբ։ Հրավեր ստացա այդ աշխատանքը հոկտեմբերին ներկայացնելու Ուզբեկստանում կայանալիք ԱՊՀ երկրների երիտասարդ ռեժիսորների ֆորումի շրջանակներում։ Դե, արդեն պարզ է, որ դա հետաձգվել է, բայց այն անպայման կկայանա 2021թ.։

– Նկատել ենք, որ ձեր աշխատանքներում սակավ են հայ հեղինակների ստեղծագործությունները, ավելի ստույգ՝ ընդամենը երկու անուն է՝ Սարոյան եւ Կարինե Խոդիկյան։ Ինչո՞ւ չեք դիմում, օրինակ, ձեր սերնդակից դրամատուրգներին։

– Դա էլ համարենք իմ թերացումը։

– Այնուամենայնիվ, կնշեք մերօրյա ընդամենը մեկ հեղինակի անուն, որի գործերը սրտամոտ են ձեզ։ Կամ՝ ի՞նչ թեմայով, սցենարով գործ կուզեիք ձեզ առաջարկվեր։

– Որպես այդպիսին հատուկ թեմա չունեմ, սակայն ցանկալի էր լինեին նաեւ քաղաքական թեմաներով  գործեր, ինչը բնավ չի նշանակում քարկոծել այս կամ այն քաղաքական գործչին կամ, ասենք, մեկին էլ բարձրացնել գովասանքի պատվանդանին։ Քաղաքական թեմաներով պիեսները, որոնցով հեղեղված են աշխարհի թատրոնները, նաեւ մի ձեւ է չկտրվել քաղաքական, սոցիալական տիրող վիճակներից։ Անկեղծ ասած՝ մի պիես եմ ընտրել, բայց մեր երկրի համար սկանդալային թեմայով։ Միանգամից ասեմ, որ չեմ բարձրաձայնի հեղինակի անունը, բայց միայն կասեմ, որ այն չորս տարվա փնտրտուքի արդյունք է։

– Ընդամենը մեկ հետաքրքրական հարց. ի՞նչ թեմա է այդ գործի առանցքում։

– Շատ նուրբ թեմա է շոշափվում, ինչին, կարծում եմ, մեր հանդիսատեսի մի որոշ մասը դեռ պատրաստ չէ։                                                   Տեսարաններ «Գարդենիա» ներկայացումից։

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Հ.Գ.– Համավարակի պայմաններում առաջին բացօթյա ներկայացմամբ վերջերս մեկնարկեց «Արմմոնո» միջազգային թատերական 18-րդ փառատոնը (տնօրեն՝ Մարիաննա Մխիթարյան)։ Զուլում եւ Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բակում սիրված դերասանուհի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանը ներկայացրեց Հրանտ Մաթեւոսյանի «Գոմեշը» մոնոներկայացումը։

«Առավոտ» օրաթերթ
22.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սուսաննա says:

    Առաջին բացօթյան չէ, արդեն հազար բացօթյա ներկայացումներ ՀՀ տարբեր տարածքներում խաղացել են…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31