Լրահոս
Օրվա լրահոսը

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը կուրատոր է դարձել

Օգոստոս 24,2020 12:00

Յուրահատուկ ցուցահանդեսին նա կներկայացնի բացառիկ ֆոտոհուշեր

Սուպերմոդել Կլաուդիա Շիֆերը, որպես համադրող, պատրաստվում է իր առաջին ցուցահանդեսին՝ «Fashion-1990-ականների լուսանկարներ» խորագրով:

Այս ցուցահանդեսը նա որակել է իր անձնական ճանապարհորդությունը՝ նորաձեւության աշխարհ:
Այս մասին տեղեկացնում է The art newspaper Russia-ն:

Լուսանկարիչների թվում, որոնց աշխատանքները կներկայացվեն դյուսելդորֆյան Կունստպալաստ թանգարանում, կլինեն նաեւ Յուրգեն Թելլերը, Կորին Դեյը, Կարլ Լագերֆելդը, Հերբ Ռիտցը եւ Էլեն ֆոն Ունվերտը:

Ցուցադրվող լուսանկարներին Շիֆերը կհավելի նաեւ իր անձնական արխիվից նմուշները, իրեն պատկերող լուսանկարներ, որոնք արվել են նորաձեւության աշխարհի տարբեր ամսագրերի համար:

Այդպիսով էքսպոզիցիան բաղկացած կլինի 120 ցուցանմուշներից՝ կապված 1990-ականների դիզայներների, լուսանկարիչների, խմբագիրների եւ ֆոտոմոդելների հետ:
«Ես սիրահարվեցի նորաձեւությանը 1980-ականներին, սակայն միայն 1990-ականներին հասկացա, թե այն ինչ է իրենից ներկայացնում: Դա էներգիայով լեցուն հրաշալի ժամանակաշրջան էր, որը նման չէր այն տարիներին, ինչով զբաղվել էինք նախկինում: Ֆոտոսեսիաները կարող էին ձգվել օրերով, իսկ նորաձեւության մասին հոդվածների վերնագրերը շաբաթներով  «փողփողալ» լրատվամիջոցներում: Ես եւ այլ ֆոտոմոդելներ ապրել ենք այդ միջավայրում, շնչել դրա օդը ու գիտակցել, որ ի վիճակի ենք ինչ-որ բան փոխել աշխարհում»,-ասել է Կլաուդիա Շիֆերը:

Հավելենք, որ սուպերմոդելը ծնվել է Գերմանիայում, այժմ, սակայն, բնակվում է Մեծ Բրիտանիայում: Շիֆերը հայտնվել է ավելի քան 1000 ամսագրերի շապիկներին եւ այժմ էլ շարունակում է մեծացնել այդ թիվը: 2002 թվականին Forbes-ը նրա ունեցվածքը գնահատել է 55 միլիոն ԱՄՆ դոլար։ Նա նկարահանվել է մի քանի ֆիլմում, զբաղվում է բարեգործությամբ եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31