Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի ցածր է, քան մինչեւ տավուշյան դեպքերը»

Օգոստոս 24,2020 13:30

Ըստ քաղաքագետ Կարեն Վերանյանի՝ տավուշյան իրադարձություններից հետո, Ալիեւի ռազմաքաղաքական ու հանրային դիրքերը բավական թուլացել են

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում մատնանշեց, որ այժմ մեծ է պատերազմի վտանգը, քանի որ ըստ համանախագահների` բանակցային գործընթացը փակուղում է, իսկ 2016-ին Ադրբեջանը դիմեց ռազմական գործողությունների, քանի որ, ինչպես հետագայում նաեւ Ալիեւը խոստովանեց, միջազգային հանրությունն իրեն ճնշում է` ճանաչել Արցախի անկախությունը։ «Առավոտը» «Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Կարեն Վերանյանից հետաքրքրվեց. «Ձեր գնահատմամբ` ներկայում հակառակորդի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու ինչպիսի՞ ռազմաքաղաքական նախադրյալներ եւ պատճառներ կան»:

Կարեն Վերանյանը նախ ընդգծեց. «Վերջին տասնամյակում չեմ հիշում մեկ տարի, որ հանրության ու փորձագիտական-քաղաքական շրջանակներում չխոսվի այն մասին, որ պատերազմի հավանականություն կա, կամ վերսկսելու են ռազմական գործողությունները: Ասել է թե՝ այդ հավանականությունը մշտապես առկախված է օդում, քանի դեռ Ալիեւն ունի իշխանության պահպանման խնդիր: Կարծում եմ՝ սա է սկզբունքայինը, եթե խոսում ենք ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունից»:

Պարոն Վերանյանը շեշտեց. «Միաժամանակ կցանկանայի նշել, որ այնքան էլ համամիտ չեմ ասուլիսում հնչեցված ձեւակերպման հետ, թե պատերազմի վտանգը մեծ է: Կարծում եմ՝ այսօր, հատկապես տավուշյան լարվածության ընթացքում մեր փայլուն գործողություններից հետո, ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունն ավելի ցածր է, քան մինչեւ տավուշյան դեպքերը: Տրամաբանական պետք է համարել, որ պատերազմական գործողություններն ազդեցություն են թողնում բանակցային գործընթացի վրա, թուլացնում փոխվստահության մթնոլորտը, սակայն այս պահին ես չեմ տեսնում մի իրավիճակ, երբ բանակցային գործընթացը փակուղում է: Ավելին` ռազմական գործողությունների ընթացքում էլ կողմերի միջեւ կապը պահպանվում էր: Ռազմական գործողությունների հետեւանքով կողմերի միջեւ ստեղծված լարված իրավիճակի լիցքաթափման համար որոշակի ժամանակ է հարկավոր, որից հետո կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ` արդեն վերադասավորվածության նոր դիրքերից: Կարծում եմ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դիմում է արկածախնդրությունների մի քանի պատճառով, նախ, երբ բացեր է նկատում Հայաստանի կամ Արցախի պաշտպանությունում, երկրորդ, երբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարվում է, երրորդ` երբ Ալիեւը վտանգ է տեսնում իր իշխանության պահպանման համար երկրի ներսում: Այդ վտանգը կարող է առաջանալ երկրում տնտեսության թուլացման, նավթային եկամուտների նվազման, հանրային դժգոհությունների բարձրացման դեպքերում: Ալիեւը փորձել է մեծացնել սահմանային լարվածությունը նաեւ այն ժամանակ, երբ երկրի նավթային եկամուտները սկսել են աննախադեպ աճել: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կարող է գնալ սադրանքի նաեւ Թուրքիայի հրահրմամբ: Այնպես որ, պատճառները բազմաշերտ են ու փոխկապակցված: Ներկայում` տավուշյան իրադարձություններից հետո, Ալիեւի ռազմաքաղաքական ու հանրային դիրքերը բավական թուլացել են: Այսօր Ալիեւը զբաղված է իր քաղաքական ու դիվանագիտական թիմում դավաճաններ փնտրելով, ինչով փորձում է հանրության առջեւ կոծկել տավուշյան ռազմական գործողություններում Ադրբեջանի կրած բացահայտ պարտությունը եւ շեղել հանրության ուշադրությունը»:

Կարեն Վերանյանի բնորոշմամբ. «Շատ էր խոսվում, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ընթացքում անգամ Թուրքիան կարող է ուղիղ ռազմական միջամտության դիմել Հայաստանի նկատմամբ, բայց ինչպես սպասվում էր, դա տեղի չունեցավ, քանի որ չկան դրա քաղաքական կամ ռազմական հիմքերը: Ադրբեջանի՝ հերթական սադրանքի գնալու հնարավորությունն այսօր ցածր եմ գնահատում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31