Պատմվածք, որտեղ ոչինչ հորինված չէ:
Խոտերը ծածկում էին փոքրիկ աղջնակին:
նա սիրում էր խաղալ բարձր խոտերի մեջ ու մի տեսակ պաշտպանված էր զգում իրեն: Երբեմն աղջնակին թվում էր, թե ինքն աննկատ է նույնիսկ ամենատես արևի առաջ և որ ժամանակ առ ժամանակ կարող է մոլորեցնել անգամ արևին՝ թաքնվելով փոքր-ինչ գլուխները թեքած վեհատեսք խոտերում:
Պապիկը տանն է… մտածում էր նա, և մեջքը հենած մի կիսաքանդ շինության պատին՝ խոտերի միջից գաղտնորեն նայում էր արևին և ասես պահմտոցի խաղար արեգակի հետ:
Հանկարծ նկատեց մի տարօրինակ պարոնի, որն ամբողջովին ճերմակ էր հագնված: Աղջնակը վախեցավ, բայց քանի որ խոտերի մեջ իրեն պաշտպանված էր զգում՝ փորձեց տեսնել պարոնի դեմքը: Ապարդյուն, արևը շարունակում էր խաղալ՝ այս անգամ շողերով ծածկելով խորհրդավոր մարդու երեսը:
Ձեռքով ցույց տալով տունը, պարոնը կարգադրեց աղջնակին .
-Աղջի՛կ, գնա տուն, պապիկդ քեզ է սպասում:
Կարդացեք նաև
Ձայնն ազդեցիկ էր, բայց աղջնակն արդեն չէր վախենում: Թեթևորեն բարձրանալով՝ ինչպես հատուկ է բոլոր փոքրիկ երեխաներին՝ շտապեց տուն:
Պապիկն ուշաթափվել էր ու գիտակցությունը կորցրել: Աղջնակը վազեց հարևան տուն, որտեղ նրա մայրն ու ընկերուհին սուրճ էին խմում:
Շտապօգնություն կանչեցին:
Մի խոսքով՝ պապիկը փրկվեց:
Աղջիկը շարունակում էր խաղալ խոտերի մեջ: Նա ատում էր արևը: Արևը թաքցրել էր ամենակարևորը՝ ճերմակ պարոնի դեմքը:
Անցան տարիներ. աղջիկն այլևս չէր խաղում խոտերի մեջ, նա նկարում էր:
Աղջիկը հավատում էր Աստծուն, իր տեսած սպիտակ Աստծուն, որի դեմքն արևի շողերով էր ծածկված: Նա այդպես էլ բարձրագույն կրթություն չստացավ, սովորեց միջնակարգ դպրոցում, սիրահարվեց իր դպրոցական ընկերոջը և ամուսնացավ: Տարիներ անց մայրացավ՝ մնալով նույն երեխան: Երեխաներ ունեցավ, սովորեցրին քայլել, խոսել… մի խոսքով ոչինչ էլ չսովորեցրին, քանի որ մանուկներն ամեն ինչ մոռանում են: Այնուհետև «արևը» կրկին հայտնվեց, և կնոջ ամուսինն ավտովթարի ենթարկվեց ու մահացավ:
Գրում եմ ու փորձում կյանքը տեղավորել սեղմ նախադասությունների մեջ: Գրում եմ ու սարսափում բառերից, նախադասություններից, բազմակետերից ու վերջակետերից: Գրում եմ ամեն ինչի մասին և հոգուս խորքում ցավակցում այն ընթերցողին՝ ով ամեն ինչ կհասկանա, ով ամեն ինչ հասկանում է…
Լսելով ամուսնու մասին, կինը կորցնում է գիտակցությունը և ընկնում կոմայի մեջ՝ այսինքն հայտնվում այս ու այն աշխարհներն իրար կապող կամուրջի վրա, մեջտեղում: Երկու կողմերում էլ խավար է: Կինը կանգնած է կամուրջի մեջտեղում և չի կարողանում շարժվել: Հանկարծ մեր աշխարհի կողմում հայտնվում է ճերմակազգեստ պարոնը, որի դեմքը չի երևում: Այս անգամ արևը մեղավոր չէ, իսկ ո՞վ է մեղավոր…
Կինը փրկվում է, գիտակցությունը տեղն է գալիս և հայտնվում այն աշխարհում, որտեղ չունի բարձրագույն կրթություն, չունի ամուսին, չունի աշխատանք, որտեղ ունի երեխաներ, ծերացած մայր և իրեն հոգեպես ոչնչացնող ցնորք՝ ճերմակազգեստ պարոնի ուրվապատկերը:
Տ. ԳԼԱԿ