Իտալական հայտնի թանձրուկներից մեկը՝ պեստոն, կարելի է ոչ միայն խանութից գնել, այլեւ պատրաստել տան պայմաններում, ընդ որում՝ տարբեր բաղադրիչներով:
Այսօր կներկայացնեմ ինչպես դասական պեստոն՝ բազիլիկով եւ մայրու սոճու ընկույզով (кедровый орех), այլեւ՝ այլ համադրություններով: Շատ ավելի մատչելի տարբերակ է մաղադանոսով եւ ընկույզով տարբերակը: Եվ շատ յուրահատուկ համ ունի ռուկոլայով եւ պիստակով տարբերակը:
Անհրաժեշտ մթերքները
Դասական պեստոյի համար
Կարդացեք նաև
Բազիլիկ կամ կանաչ ռեհան- 1 կապ (առանց ճյուղերի՝ միայն տերեւները, ընդ որում, եթե կապով չեք գնում, այլ տուփով, նկատի ունեցեք, որ պետք կլինի մոտ երկու թեյի բաժակ բազիլիկի տերեւ)
Մայրու ընկույզ- 50 գրամ
Սխտոր- 1 խոշոր պճեղ կամ 2 մանր պճեղ
Պարմեզան (պարմեզանի փոխարեն կարող եք վերցնել գրանա պադանո կամ գրան շպիկո տեսակի իտալական կոշտ պանիր)- 50 գրամ
Ձիթապտղի յուղ- 100 մլ
Մաղադանոսով պեստոյի համար
Մաղադանոս- կես կապ
Ընկույզ- 50 գրամ
Սխտոր- 1 խոշոր կամ 2 մանր պճեղ
Պարմեզան (կամ՝ գրանա պադանո կամ՝ գրան շպիկո)-50 գրամ
Ձիթապտղի յուղ-100 մլ
Ռուկոլայով պեստոյի համար
Ռուկոլա- մի փունջ
Պիստակ կամ դդումի կորիզ- 50 գրամ
Սխտոր-1 խոշոր կամ 2 մանր պճեղ
Իտալական կոշտ պանիր պարմեզան, գրանա պադանո կամ գրան շպիկո- 50 գրամ
Ձիթապտղի յուղ- 100 մլ
Պատրաստման եղանակը
Երեք տարբերակներով էլ պեստոյի պատրաստաման եղանակը նույնն է: Կանաչին լավ լվանում ենք, չորացնում եւ կտրատում: Մայրու ընկույզը պետք չէ, բայց սովորական ընկույզն ու պիստակը հարկավոր է կտրատել: Սխտորը մաքրում ենք, լվանում եւ կտրատում: Պանիրը քերում ենք խոշոր անցքերով քերիչով:
Տարայի մեջ լցնում ենք կանաչին, ընկույզը, սխտորը, պանիրը եւ ձիթապտղի յուղն ու էլեկտրական հարիչով հարում մինչեւ միատարր զանգված դառնա:
Լցնում ենք ապակյա տարայի մեջ, հնարավորինս սեղմում, ապա մի քանի անգամ զգուշորեն հարվածում սեղանին, որպեսզի որքան հնարավոր է՝ քիչ օդ մնա մեջը, վրան լցնում այնքան ձիթապտղի յուղ, որ մոտ մեկ մատ ծածկվի պեստոյի մակերեսը: Դա անում ենք նրա համար, որպեսզի պեստոն օդի հետ շփում չունենա եւ չսեւանա: Առնվազն 2 շաբաթ փակ կափարիչով կարող եք պահել սառնարանում, պայմանով, որ յուրաքանչյուր օգտագործելուց հետո, կրկին ձիթայուղով ծածկեք ամբողջ մակերեսը:
Պեստո թանձրուկով կարող եք պատրաստել աղցան Կապրեզե, աղցան Չերրի-կապրեզե, ծնեբեկով կապրեզե, Պեստոյով հավի կրծքամիս եւ այլն: Բայց ամենատարածված տարբերակն, իհարկե, պեստո թանձրուկով պաստան է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ