Նուիրւում է Հայաստանի Անկախութեան հռչակագրի 30 եւ այդ պայքարի հիմնադիր Հայկազ Խաչատրեանի 100 -ամեակներին
Ուղիղ 30 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագոյն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը: Ընթերցելով հռչակագրում ամրագրուած սկզբունքները մտածում ենք, որ վաղուց ժամանակն է մաքրել փոշին այդ կարեւոր փաստաթղթից եւ կեանքի կոչել դրանք:
Անկախութեան հռչակագիրը ունի երկար մաքառումների պատմութիւն: Այն մի խումբ գործիչների հայրենասիրութեան, քաղաքակիրթ գաղափարների, յանուն դրանց մղած անձնազոհ տեւական պայքարի եւ պատմական յաջող հանգամանքների արդիւնք է: Սկսելով իրենց պայքարը, նրանք կարողացան երկու տասնամեակ անց իրենց շուրջ համախմբել Հայ ժողովրդի մեծամասնութեանը: Այդ ամբողջ պայքարի հիմքը 1966 թ. Ապրիլի 24 -ին Երեւանի կենտրոնական բանտում դրեց մտաւորական Հայկազ Խաչատրեանը, ստեղծելով Ազգային միացեալ կուսակցութիւնը՝ ԱՄԿ -ն:
Հայկազը ծնուել է 1919 թ. դեկտեմբերի 11 -ին Գեղարքունիքի մարզի Սարուխան գիւղում: Այսօր այդ գիւղի դպրոցը պատուով կրում է իր անունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սովետական բանակի կազմում եղել է հետախոյզ սպայ եւ առանձնացել առաջատարի իր յատկանիշներով: Մինչ պատերազմը Հայկազը սովորել է Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի ուսումնարանում, իսկ պատերազմից յետոյ ընդունուել եւ աւարտել է Երեւանի գեղարուեստի պետական ինստիտուտի գեղանկարչութեան ֆակուլտետը: Դրանից յետոյ մօտ 10 տարի ապրել եւ աշխատել է Ռուսաստանում, մասնակցելով Էրմիտաժի վնասուած կտաւների վերականգնմանը: Տարիներ շարունակ տեսնելով, որ Հայկական պահանջատիրութիւնը եւ ազգային գաղափարախօսութիւնը արգելուած են, իսկ բոլոր նրանք, ովքեր յանդուրժում են այդ մասին խօսել ենթարկուում են բռնաճնշումների, նրա մօտ աւելի են զարգանում անկախութեան հետ կապուած գաղափարները: Նա համոզուում է, որ Հայաստանը պէտք է լինի անկախ, որպէսզի իրականացնի մեր ազգի շահերից բխող քաղաքականութիւն:
Հայկազի գաղափարական հասունութիւնը, կեանքի փորձն ու նուիրուածութիւնը վստահութիւն են ներշնչում իր սկսած պայքարին զինուորագրուած երիտասարդներին: Նրանց մէջ էին այնպիսի գործիչներ, ինչպիսիք էին՝ Ստեփան Զատիկեանը, Շահէն Յարութիւնեանը, Պարոյր Հայրիկեանը (1969 -ից ԱՄԿ հրամանատար), Ազատ Արշակեանը, Ռազմիկ Մարկոսեանը, Աշոտ Նաւասարդեանը, Անդրանիկ Մարգարեանը, Վարդան Յարութիւնեանը, ազգային հերոս Մովսես Գորգիսեանը:
Բանտի դաժան պայմանները խարխլել էին Հայկազ Խաչատրեանի առողջութիւնը: Նա ողջունեց ԱՄԿ -ի ընդհատակից դուրս գալը ԱԻՄ -ի տեսքով, հասցրեց տեսնել 1988 -ի Մայիսի 28 -ի պատմական ցոյցը, որտեղ առաջին անգամ ծածանուեց մեր եռագույնը եւ կնքեց իր մահկանացուն 1989 թ. սեպտեմբերի 27 -ին Երեւանի իր տանը:
Կարդացեք նաև
Հայկազի հայացքները կիսել են այդ ժամանակի մեր ազգի ամենամեծ նուիրեալները: Միաժամանակ բազմաթիւ արուեստագէտներ խուսափում էին նրա հետ հանդիպումներից, իրեն անուանելով խենթ, բացառութեամբ Մինաս Աւետիսեանի ու Պարոյր Սեւակի: Երկուսն էլ Հայկազի գաղափարակից ընկերներն էին: Վերջիններս դաւադրաբար սպանուեցին (մեքենայի վրաերթից եւ աւտովթարից):
Այդ բոլոր զոհողութիւնների արդիւնքն է մեր անկախութեան հռչակագիրը: Առողջ ազգայնական ուժերը պիտի հետեւողականօրէն տարածեն հռչակագրում ամրագրուած սկզբունքները եւ պատմեն մեր հասարակութեանը այդ ճանապարհն անցած հերոսների մասին:
Շնորհաւոր Հայաստանի անկախութեան հռչակագրի օրը:
Դաւիթ ԱՂԱՋԱՆԵԱՆ
«ՏԻՐ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ