Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին. «Այդպես պետք է ասեն, որովհետեւ իրենք դավաճանել են հեղափոխությանը եւ արագ քայլերով վերածվում են հերթական ռեժիմի»

Օգոստոս 23,2020 16:36

«Սա քաղաքական գործընթաց է, որը տեղի է ունենում կեղծ իրավական ձեւի մեջ, հեղափոխությունից հետո ապստամբներին դատապարտող իշխանությունն այլեւս հակահեղափոխական է»: Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանն՝ ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի այն հայտարարությանը, որ «Սասնա ծռերի» դատավարությունը իրավական գործընթաց է, այն քաղաքական հետապնդում չէ:
Մինչ այդ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից մի քանիսի փաստաբան Մուշեղ Շուշանյանն էր հայտարարել. «Սասնա ծռերը» ենթարկվում են քաղաքական հետապնդման»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Լենա Նազարյանի հետ անձնական երաշխավորագիր էր ներկայացրել դատարանին՝ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու համար, օրերս ասել է. «Տեղի է ունեցել հանցագործություն, որի համար պետք է լինեն մարդիկ, որոնք պետք է ենթարկվեն պատասխանատվության, սա բերել-կապել քաղաքական հետապնդման հետ… Այսօր ով ուզում է, ասում է՝ ես քաղհալածյալ եմ, քաղաքական հետապնդման եմ ենթարկվում: Սա կոնկրետ իրավական գործընթաց է, տեղի է ունեցել սպանություն, մարդ է զոհվել»:

«Եվս մեկ արձանագրում պարոն Հակոբյանի եւ կառավարող ուժի մյուս ներկայացուցիչների նմանատիպ դատողություններին՝ նախկին ռեժիմի ժամանակ էլ էին այդպես խոսում եւ որեւէ ռեժիմ չի ընդունում, որ իր օրոք կա քաղաքական հետապնդում, եւ որեւէ քրեական օրենսգրքով հատուկ նշված չէ, որ քաղաքական գործունեության համար պետք է իրականացնել քրեական հետապնդում: Այդպես պետք է ասեն, որովհետեւ իրենք դավաճանել են հեղափոխությանը եւ արագ քայլերով վերածվում են հերթական ռեժիմի: Սա է իրական պատճառը, թե ինչու են կառավարող ուժի ներկայացուցիչներն այդպիսի դիրքորոշմամբ հանդես գալիս»,- ասաց Վարուժան Ավետիսյանը: Մեր դիտարկմանը՝ սպանություն է կատարվել, որին էլ հղում են անում իշխող ուժի ներկայացուցիչները, հիմնավորելով՝ իրավական գործընթաց է, ոչ թե՝ քաղաքական հետապնդում, պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Որովհետեւ իրենք ապիկար են եւ շահախնդիր: Զարմանալի չէ, որ 5-րդ շարասյան քարոզչամեքենան եւ պետական քարոզչամեքենան միակարծիք են, եւ ուշադրությունը կենտրոնացնում են այդ հանգամանքի վրա: Մինչդեռ տեղի է ունեցել ապստամբություն կեղեքիչ, ազգադավ ռեժիմի դեմ, որը ոտնահարում էր բոլոր հիմնարար իրավունքները, այն ժամանակ ուրիշ ելք չկար, բացի զինված ապստամբությանը դիմելուց: Բոլորը մոռանում են, որ «Սասնա ծռերի» ապստամբությունը վիժեցրել է Լավրովյան պլանի իրագործումը, ինչի հետեւանքով մենք կունենայինք հազարավոր զոհեր, տարածքային հսկայական կորուստներ եւ վատթարագույնը՝ կունենայինք Արցախի պաշտպանական համակարգի քայքայում՝ մուլտիպլիկատիվ էֆեկտով եւ դրանից բխող բոլոր ծանրագույն հետեւանքներով: Դա կհանգեցներ Հայաստանի ռազմավարական պարտության»:

Վարուժան Ավետիսյանը պնդեց․ «Ռեժիմի ձեռքով սպանված ոստիկանների սպանության մեղքը բարդել ապստամբների վրա եւ Սերժ Սարգսյանի օրոք կարած մեղադրանքները որպես հալած յուղ անցկացնել Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեւավորված դատարաններով, կարծում եմ անբարոյականության վերջին աստիճանն է, որին դիմում է ներկա իշխանությունը: Ցավալի է, որ սերտաճել են նախկիների հետ թե՛ արժեքներով , թե՛ գաղափարներով, եւ թե՛ անգամ իրենց քարոզչական կլիշեներով: Սա փաստ է, որը պետք է արձանագրենք եւ շարժվենք առաջ»:

Aravot.am-ը պարոն Ավետիսյանին հիշեցրեց ՊՊԾ գնդում սպանված ոստիկան Արթուր Վանոյանի դեպքը, եթե մյուս ոստիկանների դեպքում խմբավորման անդամները հայտարարում են, թե նախկին ռեժիմն է սպանել, ապա Վանոյանի դեպքում հայտարարում են, թե նախազգուշացնող կրակ են արձակել, գնդակը կպել է ոստիկանին:
Ի պատասխան պարոն Ավետիսյանն ասաց՝ գործող քրեական օրենսգրքով չեն կարող ապստամբները մեղադրվել կամ չմեղադրվել. «Ապստամբության գործը պետք է քննվի որպես ապստամբություն եւ այն պետք է քննի ոչ թե այն ռեժիմի դատարանը, որի դեմ ապստամբները զենք են բարձրացրել, այլ արդեն հեղափոխական դատարանը, անցումային արդարադատության ատյանը, եւ գործը պետք է դիտարկվի ոչ թե ռեժիմի քրեական օրենսգրքի, այլ իրավունքի սկզբունքների եւ պահանջների շրջանակում, նկատի ունենալով ապստամբության իրավունքի եւ զինված հակամարտություների իրավունքի խաչումը: Ասօրվա վարչախումբը պարզ պատճառով, կրկնում եմ, նախորդների լիարժեք իրավահաջորդն է՝ գաղափարների եւ արժեքների շարունակողը: Այդ պատճաով անհեթեթ պատճառաբանություններ են բերվում եւ շեղվում է հանրության ուշադրությունը ապստամբության իրավունքի եւ այն դրդապատճառներից, որոնք հանգեցել են ապստամբության: Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի ռեժիմը լեգիտիմ էր եւ դրա դեմ ապստամբելը՝ հանցագործություն: Այդ դեպքում 2018 թվականի համաժողովրդական ընդվզումն ի՞նչ էր եւ դրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ո՞վ է»:

Մեր դիտարկմանը՝ ձեր նշած ապստամբությունը ահաբեկչություն է, (Նիկոլ Փաշինյանը ՊՊԾ գնդի գրավման օրերին ասել էր՝ ինձ համար ընդունելի չէ, որ «Սասնա ծռերի» անդամներին փորձ է արվում ներկայացնել որպես ահաբեկիչ: Սա նշանակում է՝ ուղղակի շփում կամ առնչություն չունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ), ժամանակին այդ մասին նշել են քաղաքական գործիչներն ու իրավաբանները, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Հանցավոր ռեժիմների պալատական սազանդարների վերածված փսեւդո իրավաբանների մեկնաբանությունները քննարկման ենթակա չեն: Ակնհայտ բաներ կան, ապստամբության իրավունքը բնական իրավունք է, դա կյանքի իրավունք է: Շատերը իրազեկ են դրան։ Բայց քանի որ այդ քաղաքական գործիչները, իրավաբաններն իրենց հոգին ծախել են նյութին եւ կարիերային, այդպիսի վերաբերմունք են դրսեւորում»:

Հիշեցնենք, 2016-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի գործով մոտ 3 տարի տեւած դատավարությունն ավարտվում է: Օգոստոսի 12-ի դատական նիստում հրապարակվեց մեղադրական ճառը. գլխավոր դատախազությունը միջնորդեց խմբավորման անդամներ Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամվա, ոստիկանների սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանին՝ 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին՝ զմահ ազատազրկման, զինված խմբի մյուս 5 անդամներին էլ՝ 8-ից 9 տարվա ազատազրկման։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31