«Յուվենտուսի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Մանչեսթեր քաղաքի կենտրոնում 11 հարկանի լյուքս հյուրանոց կառուցել, որը կարժենա 27 միլիոն ֆունտ: Նա պայմանագիր է կնքել պորտուգալական Pestana զբոսաշրջային-զվարճանքային ընկերության հետ: Եթե շինարարությունն սկսելու թույլտվությունը լինի, այն շահագործման կհանձնվի 2023 թվականին եւ կկոչվի CR7 Pestana:
Թե ինչի՞ է Ռոնալդուն ընտրել հատկապես Մանչեսթերը, ընկերությունը տրամաբանական է համարում: «Սա այն քաղաքն է, որտեղ Կրիշտիանուն «Մանչեսթեր Յոունայթեդում» սկսել է իր միջազգային կարիերան եւ այդ թիմում առաջին անգամ հագել է թիվ 7 մարզաշապիկը: Բացի ֆուտբոլից, Մանչեսթերը ճանաչված է երաժշտական բեմերով, այստեղ է ծնվել արդյունաբերական հեղափոխությունը եւ այստեղ է Եվրոպայում չինական խոշորագույն համայնքներից մեկը»,- գրել է Pestana ընկերությունը:
Նախագծով պլանավորվում է վերակառուցել երկու շենք եւ դրանք փոխարինել 11 հարկանի աշտարակով, որտեղ կլինի 151 ննջարանային համար, բար, սրճարան՝ նաեւ շենքի տանիքում, վարժասրահ եւ դիտահրապարակ՝ տանիքում:
Կրիշտիանու Ռոնալդուն ավելի վաղ հյուրանոցներ է բացել Պորտուգալիայի Ֆունշալ եւ Լիսաբոն քաղաքներում, հերթում են Մադրիդը, Նյու Յորքը, Մարոկկոյի խոշորագույն քաղաք Մարաքեշը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ