Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ
Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,
Սիրելի հայրենակիցներ Արցախում եւ Սփյուռքում,
Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ:
Կարդացեք նաև
30 տարի առաջ, 1990թ. օգոստոսի 23-ին, արտաքին եւ ներքին աննախադեպ բարդ պայմաններում, Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։
Այն ազդարարում էր մեր ժողովրդի կյանքում պատմական նոր փուլի սկիզբը:
Այն երազանքը, որ անթեղված էր մեր մեջ Հայաստանի առաջին հանրապետության անկումից հետո, նորովի կյանք առավ՝ հիմք դնելով այլեւս անշրջելի մեր անկախության ճանապարհին:
Օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագիրն ուղեկցեց հայ ժողովրդին դեպի սեպտեմբերին 21-ի անկախության հանրաքվե, դեպի իրական անկախ Հայաստան:
Արդեն երեք տասնամյակ ընթանում ենք այդ ճանապարհով՝ մեր դարավոր երազանքներն ու իղձերն իրագործելով:
Այսօր մենք անկախ պետություն ենք, որն ունի փորձությամբ ու հաղթանակներով կերտված կենսագրություն, այն շարունակաբար զարգացնող քաղաքացի, այն պաշտպանող բանակ:
Հայաստանի անկախության հռչակագիրը անանց փաստաթուղթ է, որովհետեւ դրանով հռչակված անկախությունն ինքը անանց ու անսակարկելի արժեք է:
Անկախության հռչակագիրը հայ պատմաքաղաքական մտքի արժեքավոր նմուշ է, որ դարձավ պետականության վերականգնման խորհրդանիշ և մեր բոլոր սահմանադրությունների անփոփոխելի հիմքը:
Կեցցե՛ անկախ Հայաստանը:
Կեցցե՛ մեր ժողովուրդը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ