Լրահոս
Օրվա լրահոսը

Խունդկարյանի մութ անցյալը, կասկածելի գույքն ու մեդալը եւ Վաղարշյանի դասախոսական վատ համբավը. Հրապարակվել են ՍԴ դատավորի թեկնածուների բարեվարքության թղթապանակները

Օգոստոս 22,2020 19:31

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դատավորների բարեվարքության ստուգման փուլային գործընթացի առնչությամբ հայտարարություն է տարածել:
Դատավորների նշանակման գործընթացում նախ ներկայացված հայտն են ստուգում, հետո գիտելիքներն են ստուգում, գրավոր քննություն անցկացնում, հետո՝ հարցազրույց անցկացնում: Ու այսքան ռեսուրս ծախսելուց հետո կարող է պարզվել, որ լավ գիտելիքներ ունեցող դատավորի թեկնածուն բարեվարքության հետ լուրջ խնդիրներ ունի: Ուստի առաջարկվում է նախ բարեվարքությունը ստուգել՝ ներկայացվող փաստաթղթերի ստուգման փուլից հետո, որ հետո չպարզվի՝ ամեն ինչ իզուր էր:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների վերաբերյալ բարեվարքության թղթապանակներ է պատրաստել ու առաջինը Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն է՝ իր անցյալով ու հայտնի գործերով:
Թղթապանակում նշվում է, որ Երվանդ Խունդկարյանը 2001-2008 թթ. հանդիսացել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր ու նրա անունը կապվում է «Ա1+» և «Նոյյան Տապան» անկախ լրատվամիջոցների իրավունքների ոտնահարումների գործընթացի հետ և կասկածի տակ է դնում նրա անկախությունը։ Դրանից հետո 2008 թ. հոկտեմբերի 8-ին Ե․ Խունդկարյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր, 2010-ին՝ պալատի նախագահ:

Թե ինչպես է Խունդկարյանն իրեն դրսեւորել այդ պաշտոնում, թղթապանակում մեջբերվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի արտահերթ զեկույցը՝ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ։ Այդ զեկույցում նախաբանի փոխարեն, Մարդու իրավունքների երրորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը արձանագրել էր․ «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երեւանում տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5- ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ – երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների հետ»:

2013-ին ՄԻՊ-ի գրասենյակի կողմից անցկացրած հարցումների արդյունքում բացահայտվել էին դատական համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմները, շրջանառվող գումարի չափերը և տրման ձևերը: Ըստ այդմ, կաշառքի սակագները տատանվել են հետևյալ միջակայքերում․ առաջին ատյանում՝ 500-10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում՝ 2,000-15,000 ԱՄՆ դոլար, վճռաբեկ դատարանում՝ 10,000-50,000 ԱՄՆ դոլար:
Բացի այդ, ըստ զեկույցի, Վճռաբեկ դատարանում ձեւավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ՝ այսպես կոչված, Վճռաբեկ դատարանի «զոնալ դատավորների» ինստիտուտը: Ըստ այդ համակարգի Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնք իրենց հետ պետք է համաձայնեցնեն համապատասխան դատական գործերը:

ՄԻՊ զեկույցում արձանագրված փաստերը երբևէ չեն վիճարկվել այդ թվում՝ անուններով մատնանշված դատավորների կողմից։ Ավելին՝ ի արձագանք ՄԻՊ-ի զեկույցի՝ 2014-ի սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, ՀՀ Անկախության տոնի առթիվ, նա պարգեւատրվել է Գոշի մեդալով։ Հետագայում՝ 2017-ի դեկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Ս․ Սարգսյանի հրամանագրով, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար նրան շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում։
Ներկայացնելով Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում Խունդկարյանի վարքագիծն ու մարդու իրավունքների խախտումները, բարեվարքության թղթապանակում նշվում են մի շարք հայտնի գործեր, երբ Խունդկարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ընդունված որոշումների առնչությամբ առկա են ՄԻԵԴ որոշումներ, որոնք արձանագրել են խախտումներ:

Անդրադառնալով Խունդկարյանի գույքին ու եկամուտներին, արձանագրվում է, Խունդկարյանը 2018թ․ տարեկան հայտարարագրում տարվա վերջի դրությամբ որպես դրամական միջոց հայտարարագրել է 6,000 ԱՄՆ դոլար և 22 մլն ՀՀ դրամ։ 2019 թ․տարեկան հայտարարագրում տարվա սկզբի դրությամբ բացի նշված միջոցներից, որոնք ներկայացված են կանխիկ գումարի բաժնում, հայտարարագրված են 1,220 եվրո և 837,723.00 ՀՀ դրամ չափով բանկային հաշիվների մնացորդներ։ Ուստի առաջարկվում է ստուգել այս անհամապատասխանությունը:
2019 թ․ հայտարարագրում նշված է, որ նրա անչափահաս զավակը՝ Դավիթ Երվանդի Խունդկարյանը 2019 թ․ Անիկ Արտաշի Բաղդասարյանից ստացել է 2 միլիոն դրամ, որպես նվիրատվության կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց։ Ա․ Բաղդասարյանի կապը Ե․Խունդկարյանի հետ անհասկանալի է և բացատրության կարիք ունի։

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին, որն առաջադրվել է ՀՀ նախագահի կողմից, թղթապանակում տեղեկություններ կան նրա դասախոսական համբավի մասին: Վաղարշյանը ԵՊՀ դասախոս է եղել: Իսկ 2009 թ․-ին «Միասին» երիտասարդական շարժումը իրականացրել էր կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր Երևանի մի շարք բուհերում, որի նպատակն էր բուհերի ուսանողների ուժերով վեր հանել կոռուպցիոն երևույթները և հրապարակել բոլոր կոռումպացված դասախոսների, ինչպես նաև ուսանողների և բուհերի անունները: 2009 թ․ մարտի 11-ին մի շարք բուհերի դասախոսների լուսանկարները հայտնվեցին Երևանի շենքերի պատերին: Փակցված էր շուրջ 30 լուսանկար, իսկ նկարների մեջ կար նաև ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի նկարը։
Խիստ վերապահումներ ունենալով հանդերձ «Միասին» շարժման և դրա իրական մոտիվացիաների առումով՝ բարեվարքության թղթապանակում առաջարկ է արվում ստուգել նշված տեղեկատվությունը։

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31