«Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու է դիտարկվում, բայց կառավարության թեկնածուն չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Շաթիրյանի հետ հանդիպումից հետո ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Կարո՞ղ է Շաթիրյանը լինել անկախ ու անաչառ դատավոր այդ պաշտոնում՝ այս հարցին ի պատասխան Մակունցն ասաց. «Որպես հնարավոր թեկնածու՝ մեզ հուզող բոլոր հարցերն ուղղել ենք պարոն Շաթիրյանին: Պաշտոնապես թեկնածու ներկայացվելու պարագայում առիթ կունենանք լսելու ԱԺ նիստերի դահլիճում ու փակ գաղտնի քվեարկությամբ մեր դիրքորոշումը կհայտնենք»:
Իսկ թե ինչպե՞ս են տրամադրված պատգամավորները թեկնածուի հարցով՝ Մակունցը պատասխանեց. «Տարբեր հարցերի շուրջ քննարկումներ ենք ունեցել, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամից հրաժարվելու հետ կապված իր որոշմանն ենք անդրադարձել, այնպես որ, տպավորությունների հետ կապված չեմ կարող ասել»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ սկզբում այլ թեկնածու են առաջադրել՝ Ավետիսյանին, սպասել, որ Էդգար Շաթիրյանի 40 տարին լրանա ու համապատասխանի ՍԴ դատավորի պաշտոնի պահանջներին, «Իմ քայլը» եւ կառավարությունը ունեցել են պայմանավորվածություն այդ հարցում, Մակունցը պատասխանեց. «Ոչ, չկա նման բան, չկա որեւէ պայմանավորվածություն»:
Հարցին՝ Վահրամ Ավետիսյանը բողոքում էր, որ «Իմ քայլը» խմբակցության եւ իր դիրքորոշումները տարբեր են եղել ՍԴ-ի մասին՝ ի՞նչ խնդիր է առաջացել քննարկման ժամանակ, որ նման գրառում էր արել ու հրաժարվել թեկնածու լինելուց՝ Մակունցը պատասխանեց, որ ինքը այլ կերպ է ընկալել Ավետիսյանի դիրքորոշումը. «Պարոն Ավտիսյանի մոտ որոշ տպավորություններ ձեւավորվել են առանձին պատգամավորների սուր հարցադրումներից: Մեր բոլոր հանդիպումներում մշտապես հնչում են սուր հարցեր, այնպես որ հարցերով պայմանավորված տպավորությունները ոչ միշտ է, որ հաընկնում են իրականությանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ