Այս պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումն է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ:
Մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցում Շաթիրյանը հարցին՝ մի անգամ դուք արդեն հանդիպում ունեցել եք իրենց հետ, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու էիք, ի՞նչ ակնկալիք ունեք այս հանդիպումից՝ պատասխանեց. «Ենթադրում եմ, որ կլինի բովանդակային հարցուպատասխան: Ենթադրելի է, որ կլինեն հարցադրումներ մոտեցումների, այս կամ այն հարցի շուրջ դիրքորոշումների առնչությամբ: Ես կներկայացնեմ իմ տեսլականը, իմ մոտեցումներն ու դիրքորոշումները»:
Թե ինչքանո՞վ է նա պատրաստ լինելու ՍԴ դատավոր՝ հաշվի առնելով ՍԴ-ի շուրջ աղմուկը, հանրության սպասումները՝ Շաթիրյանը պատասխանեց. «Ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, հնարավոր է վերջին պահին որպես թեկնածու առաջադրվի այլ անձ, քննարկումները եղել են խիստ նախնական: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ցանկացած անձ՝ ես կլինեմ, թե որեւէ այլ սուբյեկտ, պետք է առնվազն գիտակցի, որ իր վրա պատասխանատվության շատ մեծ բեռ է վերցնում, որովհետեւ ՍԴ-ի շուրջ վերջին ամիսներին տեղի են ունեցել որոշակի գործընթացներ եւ չի բացառվում, որ այս գործընթացներին հաջորդեն որոշակի պրոցեսներ ՄԻԵԴ-ում: Ես իմ մասնագիտական դիրքորոշումը այդ գործընթացների շուրջ հրապարակավ արտահայտել եմ ու իմ դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ չի փոխվել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ