Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջության պահպանման 50 երանգները․ ֆլավոնոիդներ՝ բնության գունեղ պարգևը «գունեղ» կյանքի համար

Օգոստոս 22,2020 22:00

Ֆլավոնոիդները ֆենոլային միացություններ են, որոնք բուսական գունանյութերի, հակաօքսիդանտների, դաբաղող նյութերի հսկայական դաս են ներկայացնում․ դրանք այնքան հայտնի չեն, որքան վիտամիններն ու հանքանյութերը, սակայն նույնպես կարևոր նշանակություն ունեն հիվանդությունների ու վաղաժամ ծերացման դեմ պայքարի հարցում, որպես հակաօքսիդանտներ՝ կարող են զգալիորեն ազդել առողջության բարելավման վրա, եթե բավարար քանակով օգտագործվեն սննդում։
Ֆլավոնոիդների՝ մարդու համար կենսաբանական հնարավոր նշանակության մասին առաջին աշխատությունը պատկանում է հունգարացի ֆիզիոլոգ, բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Սենթ-Գեորգիին։ Նա հայտնել է, որ հունգարական կարմիր պղպեղից ստացված ֆլավոնոիդը կարող է նպաստել արյունատար անոթների փխրուն պատերի ամրացմանը։

Ալբերտ Սենթ-Գեորգի

Ֆլավոնոիդների նկատմամբ հետաքրքրությունն աճեց 1990-ական թթ․-ին, երբ բացահայտվեցին ֆլավոնոիդների հակաօքսիդանտային և ազատ ռադիկալները չեզոքացնող հատկությունները։
Գոյություն ունեն 6000-ից ավելի ֆլավոնոիդներ, որոնցից յուրաքանչյուրն իր դրական ազդեցությունն ունի մարդու օրգանիզմի վրա։ Այդ սննդանյութերը պարունակվում են մրգերի, բանջարեղենի, ընդեղենի ու բույսերի կազմում և կարող են կանխարգելել տարածված շատ հիվանդություններ։

Դանիայի, Ավստրալիայի, Հյուսիսային Իռլանդիայի և Ֆրանսիայի հետազոտողների համագործակցությամբ անցկացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ֆլավոնոիդներով հարուստ սննդամթերքի կանոնավոր օգտագործմամբ հնարավոր է նվազեցնել սիրտ-անոթային, քաղցկեղային հիվանդությունների և մահացության ընդհանուր մակարդակը։
Նշված հետազոտությունը, որը հայտնի էր որպես դանիական կոհորտային հետազոտություն, հրապարակվել էր Nature Communications ամսագրում «Դիետա, քաղցկեղ ու առողջություն» վերնագրով․ այն ընդհանուր գաղափարով միավորված գիտնականների` 2 տասնյակից ավելի տարիների աշխատանքի ամփոփումն էր։ Ուսումնասիրելով 56048 դանիացիների սննդակարգը՝ գիտնականները համոզվել են, որ այն մարդիկ, որոնք ավելի շատ ֆլավոնոիդներ են օգտագործել իրենց սննդում, ավելի քիչ են ենթարկվել քաղցկեղից կամ սրտի հիվանդություններից մահանալու վտանգին։

Նրանց խոսքով․ «Ֆլավոնոիդների չափավոր ու կանոնավոր օգտագործումը հետադարձ կապի մեջ է ընդհանուր, սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդություններից մահացության հետ։ Ֆլավոնոիդների օգտագործման և մահացության հետադարձ կապն ավելի ընդգծված և ուժեղ է ծխողների դեպքում, քան չծխողների։
Մրգերի ու բանջարեղենի օգտագործումը կապված է սիրտ-անոթային հիվանդությունների, քաղցկեղի ու մահացության ավելի ցածր վտանգի հետ։ Որոշ գնահատականների համաձայն՝ 2013 թ․-ին աշխարհում վաղաժամ մահվան մոտ 7,8 միլիոն դեպքերը կապված են եղել օրական 800 գրամից պակաս քանակով մրգերի ու բանջարեղենի օգտագործման հետ»։

ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի տվյալներով մահացության պատճառ հանդիսացող հիվանդությունների շարքում առաջնային տեղ են գրավում սրտի հիվանդությունները, քաղցկեղը, դիաբետը և այլն։
Ավստրալիայի Էդիթ Քոեն համալսարանի բժշկական գիտությունների ու առողջության դպրոցի հետազոտողներն, ուսումնասիրելով դանիական կոհորտային հետազոտության տվյալները, այն հաստատել են իրենց կողմից մշակած զեկուցագրով, որի համաձայն՝ խնձորի ու թեյի տարատեսակները, որոնք մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ են պարունակում, կարող են նվազեցնել օրգանիզմում քաղցկեղային ու սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը։
Նրանք նույնպես կապեր են գտել ֆլավոնոիդների և ծխախոտի ու ալկոհոլի օգտագործման միջև։ Մարդիկ, որոնք ծխախոտի ու ալկոհոլի չարաշահման պատճառով ավելի շատ են ենթարկվում են քրոնիկական հիվանդություններով հիվանդանալու վտանգին, կարող են փոքր-ինչ «շահեկան դիրքում» հայտնվել ֆլավոնոիդներով հարուստ մթերքների օգտագործման շնորհիվ։

Մասնավորապես․ «Մասնակիցները, որոնք օրական մոտ 500 մգ ֆլավոնոիդ են օգտագործել, ամենաքիչն են ենթարկվել քաղցկեղային ու սիրտ-անոթային հիվանդություններից մահանալու ռիսկին»։
Սակայն դանիական հետազոտության մեջ անդրադարձ կա նաև ծխելու և ալկոհոլ օգտագործելու բացասական հետևանքներին․ բացի այն, որ դրանք քաղցկեղածին են, վնասում են նաև օրգանիզմի էնդոթելիալ գործառույթին ու թրոմբոցիտների աշխատանքին, կարող են հարուցել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են թրոմբոզը, բորբոքումն ու զարկերակային բարձր ճնշումը։

«Ֆլավոնոիդներով հարուստ մթերքների օգտագործումը ծխախոտի ու ալկոհոլի չարաշահման հետևանքների չեզոքացում չի ենթադրում։ Սակայն, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, դա կարող է օգնել նվազեցնել այդ սովորությունների պատճառով քրոնիկ հիվանդությունների զարգացման վտանգը»,-նշվում է «Առողջություն» ամսագրում։

Էդիթ Քոեն համալսարանի առաջատար փարձագետ Նիկոլա Բոնդոնոն գրում է․
«Մենք գիտենք, որ կենսակերպի այդ փոփոխությունները (ծխելուց ու խմելուց հրաժարվելը՝ խմբ․) ծայրահեղ դժվար են տրվում, ուստի ֆլավոնոիդների օգտագործման խթանումը կարող է ռիսկերի նվազեցման միջոց լինել»։

Որքան ֆլավոնոիդ է պետք օգտագործել օպտիմալ առողջության համար

Բոնդոնոյի տվյալներով հետազոտության մասնակիցներն օրական օգտագործել են մոտ 500 մգ ֆլավոնոիդ՝ հիվանդությունների զարգացման վտանգի նվազեցման նպատակով։ Նա պատմել է՝ ինչպես հասնել նմանատիպ արդյունքի․
«Կարևոր է օգտագործել ֆլավոնային տարատեսակ միացություններ, որոնք պարունակվում են բուսական ծագման տարբեր մթերքներում ու ըմպելիքներում։ Օրինակ՝ 1 գավաթ թեյը, մեկ խնձորը, մեկ նարինջը, 100 գրամ հապալասն ու 100 գրամ բրոկոլին պարունակում են մոտ 500 մգ ֆլավոնոիդներ և ունակ են ապահովելու օրգանիզմի օրական նորման»։

Դանիական հետազոտությունը ցույց է տվել, որ օրական 500 մգ ֆլավոնոիդների ընդունումը դրական է ազդել սիրտ-անոթային հիվանդությունների բուժման վրա, ինչպես նաև պարզ է դարձել, որ ֆլավոնոիդների՝ օրական 1000 մգ չափաբաժինը նվազեցնում է քաղցկեղային հիվանդությունների ռիսկի գործակիցները։

Ֆլավոնոիդները լիուլի պարունակվում են բուսական ծագում ունեցող մթերքներում

Մուգ կանաչ մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև մուգ շոկոլադը, կարմիր գինին ու թեյը սովորաբար պարունակում են մեծ քանակությամբ ֆլավոնոիդներ։
Ֆլավոնոիդներն առողջության համար օգտակար մի շարք ազդեցություններով են օժտված և լայնորեն օգտագործվում են նաև դեղագործական, կոսմետոլոգիական և այլ նպատակներով։

Դրանք օժտված են հակաօքսիդանտային, հակաբորբոքային, հակաքաղցկեղային ազդեցություններով, ինչպես նաև կարգավորում են ֆերմենտների առանցքային գործառույթները։

Ֆլավոնոիդները բաժանվում են մի քանի դասերի ու ենթադասերի։
Ստորև ներկայացնենք ֆենոլային միացությունների մի քանի տիպեր, դրանց ազդեցությունն առողջության վրա, ինչպես նաև սննդային աղբյուրը։

  • Ֆլավոններ – Լյուտեոլինն օժտված է հակաուռուցքային ու հակաբորբոքային ազդեցություններով․ այն արգելակում է օքսիդացման սթրեսն ու պաշտպանում սիրտը (պարունակվում է մեքսիկական օրեգանոյի (խնկածաղիկ) և հազրեվարդի մեջ), ապիգենինն օգտակար է շաքարախտի, ամնեզիայի, Ալցհեյմերի հիվանդության, դեպրեսիայի, անքնության ու քաղցկեղի բուժման ժամանակ (պարունակվում է նեխուրի, բրոկոլիի, կանաչ պղպեղի, ծոթրինի, անանուխի, մաղադանոսի և օրեգանոյի կազմում
  • Ֆլավոնոլներ – Կվերցետինն ու կեմպֆերոլը պարունակում են հակաօքսիդանտներ ու նվազեցնում են անոթային հիվանդությունների վտանգը (աղբյուր՝ սպանախ, դդմիկ), միրիցետինն ու իզոխամետինը նպաստում են կրծքագեղձի քաղցկեղի բուժմանը (պարունակվում են բանանի, խնձորի, հապալասի, դեղձի, տանձի, կանաչ թեյի, խաղողի կորիզների, կարմիր պղպեղի կազմում
  • Ֆլավաններ – Կատեխինն ու էպիկատեխինը հայտնի են իրենց հակամիկրոբային հատկություններով․ էպիկատեխինները վարակների կանխարգելման ու բուժման լավ միջոց են, դրանցով շատ հարուստ է կանաչ թեյը, էպիկատեխինը նաև ինսուլինային ընկալիչների ակտիվացուցիչ է։ Իսկ շոկոլադն ու կաթը հարուստ են թեաֆլավիններով։

  • Ֆլավանոններ – Հեսպերետինը կամ նարինգենինը հզոր հակաօքսիդանտ է, որը նպաստում է գեների էքսպրեսիային, պայքարում է ճարպակալման դեմ, օգտակար է մետաբոլիկ համախտանիշի բուժման ժամանակ, էրիոդիկտոիլ, որը նույնպես չեզոքացնում է ազատ ռադիկալները (պարունակվում են ցիտրուսային բոլոր մրգերում, խաղողի կազմում
  • Անտոցիանիդիններ – ցիանիդին, դելֆինիդին, մալվիդին, պելարգոնդին, պեոնիդին և պետունիդին միացությունները հակաօքսիդանտային հզոր նշանակություն ունեն,պաշտպանում են սիրտն ու նեյրոնները, պայքարում դիաբետի, ճարպակալման ու բորբոքումների դեմ, օգտակար են տեսողության համար (պարունակվում են լոռամրգիի, սև հաղարջի, այլ հատապտուղների, մուգ խաղողի, քաղցր կարտոֆիլի կազմում
  • Իզոֆլավոններ– Գենիստինը, գենիստեինը, գլիցերինը նույնպես հայտնի ֆիտոէստրոգեններ են, որոնք պաշտպանում են բջիջները ԴՆԹ-ի օքսիդացման վնասներից, դրանք կարող են նվազեցնել օստեոպորոզի զարգացման վտանգը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ միացությունները կարող են նպաստել շագանակագեղձի և կրծքագեղձի զարգացման վտանգը։ Պարունակվում են օրգանիկ սոյայի, լոբազգիների կազմում։

Harvard Health ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ թեյերի սիրահարների մոտ ավելի քիչ են զարգանում սրտի հիվանդությունները, ինչն էլ կարող է կապված լինել թեյերի ֆլավոնոիդային ակտիվության հետ։ Թեյի դրական ազդեցությունը արյունատար անոթների ու սրտի վրա մասնավորապես պայմանավորվում է կատեխինի ու էպիկատեխինի ակտիվությամբ։ Այս միացություններով ավելի հարուստ է կանաչ թեյը։

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ ֆլավոնոիդներն օգնում են ճնշել բորբոքումը, ինչպես նաև կարող են նվազեցնել երակային խցանումները»։
Որոշ ապացույցներ կան, որ սև կամ կանաչ թեյի օգտագործումը կարող է նվազեցնել ցածր խտության լիպոպրոտեիդների՝ «վատ» խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, ահա թե ինչու է կանաչ կամ սև թեյի կանոնավոր օգտագործումը նպաստում սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանմանը։

2019 թ․-ին անցկացված հետազոտությունը ցույց է տվել, թե որքան լավ են աշխատում ու ինչպիսի մեծ ազդեցություն ունեն առողջության վրա ցիտրուսայիններում պարունակվող ֆլավոնոիդները, որոնք չեզոքացնում են ազատ ռադիկալնորն ու բարելավում ինսուլինի նկատմամբ զգայունակությունն ու «համերաշխությունը» գլյուկոզայի հանդեպ։
Դրանք կարող են ճեղքել ճարպն էներգիայի ստացման համար (ճարպափոխանակություն), նվազեցնել բորբոքումը՝ կարգավորելով արյան մեջ շաքարի մակարդակն ու ամրացնելով սրտի առողջությունը։

Որպեսզի հասկանալի լինի, թե որքան մեծ է ֆլավոնոիդների ազդեցությունը մարդու առողջության վրա, բավարար է ցիտրուսայիններում պարունակվող հեսպերետին միացության օրինակը․ այն օժտված է հակաքաղցկեղային, հակագերճնշումային, հակավիրուսային, հակաօքսիդանտային, հակադիաբետիկ, հեպատոպրոտեկտիվ (լյարդը պաշտպանող), հակաբորբոքային ազդեցություններով։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31