Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը

Օգոստոս 22,2020 11:48

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի։

Նախագահ Սարգսյանի աջակցությամբ վերականգնվել է եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը: Որմնանկարը վերականգնելուն օժանդակելու խնդրանքով դեռևս անցած տարի Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը: Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը 1964–1966 թթ., հեղինակել են նկարիչներ Հովհաննես Մինասյանը և Հենրիկ Մամյանը։ Տարիների ընթացքում խոնավության հետևանքով այն զգալիորեն վնասվել էր, որոշ հատվածներում ներկաշերտը փոշիացել էր և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել էր որմնանկարների գույները:

Վերականգնողական աշխատանքներն իրականացրած Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Արժանիկ Հովհաննիսյանը ներկայացնելով վերականգնված աշխատանքները՝ նշել է, որ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը 20-րդ դարի հայկական որմնանկարչության լավագույն նմուշներից մեկն է:

Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանը շնորհակալություն են հայտնել նախագահ Սարգսյանին՝ արվեստի այս գոհարը փրկելու հանձնառության և գործն ավարտին հասցնելու համար:

Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը, նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևել աշխատանքների ընթացքին: Շնորհակալություն հայտնելով նախագահ Արմեն Սարգսյանին, Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմին և մասնագետներին՝ Մարտին Մինասյանն ասել է. «Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարած նվիրյալների խումբը հրաշալի աշխատանք կատարեց»:

«Մեր ծնողները նվիրումով, սիրով են ստեղծել այս գործը և ժառանգներիս համար շատ կարևոր է, որ այն վերականգնվեց: Երախտապարտ ենք այս մեծ ու նվիրական գործի համար: Կարծում եմ, երախտապարտ կլինեն նաև բոլոր նրանք, ում համար հայ մշակույթը, մշակույթի զարգացումն ու պահպանումը մեծ ու կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Հենրիկ Մամյանի դուստրը։

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվել է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար: Որոշակի վերականգնողական աշխատանքներ են կատարվել նաև խաչկալի «Տիրամայրը մանկան հետ» պատկերի վրա (գործ՝ Հովհաննես Մինասյանի):

Նախագահ Սարգսյանը կարևորել է որմնանկարի պահպանությունը և նշել. «Այնքան գեղեցիկ է, որ նույնիսկ սովորական կիրակի օրվա պատարագի համար Երևանից կգաս կհասնես այստեղ։ Այստեղի պատարագը հատուկ, խորհրդավոր իմաստ ուներ, ունի և կունենա: Շնորհավորում եմ բոլորիս …

Այստեղ միանգամից մի քանի բան կա՝ Աստծո խոսքն ու հոգին, մեր մշակույթը, մեր գրականությունը, թարգմանչաց արվեստը, գեղանկարչական արվեստը: Սա շատ յուրօրինակ տեղ է: Գուցե սա օրինակ դառնա, որ Հայաստանում սկսենք վերականգնել որմնանկարները, որովհետև այս որակը, այս գույները, այս հագեցվածությունը ուրիշ տեղ չես տեսնի: Բոլորիդ շնորհակալ եմ»:

Հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը ծաղիկներ են դրել Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, այնուհետև այցելել դպրատուն, շրջել թանգարանում, տառերի պուրակում, տեսել նաև 443 թվականին իշխան Վահան Ամատունու կողմից կառուցված եկեղեցու հիմքերը, որոնք պահվում են ապակու տակ։

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31