Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Գրիգորյան․ Վաղուց արդեն ժամանակն է հեղափոխության հաղթանակի դափնիներն ու աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու․ Ilur.am

Օգոստոս 22,2020 10:55

Նիկոլ Փաշինյանն իր վերջին «լայվերից» մեկում արձագանքել էր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանին, որը քննադատել էր BBC-ին տված նրա հարցազրույցը։ Փաշինյանը չէր որոշակիացրել, որ հատկապես Զուրաբյանին էր պատասխանում, բայց ես, հավանաբար, չեմ սխալվում, որ արձագանքի հիմնական խթանը հենց վերջինիս քննադատությունն էր։

Լևոն Զուրաբյանը քննադատել էր Փաշինյանին, մասնավորապես, Ղարաբաղի հարցը քննարկելիս հազարամյա պատմությանը, ոչ թե ինքնորոշման իրավունքին հենվելու, ինչպես նաև ռազմական հանցագործությունների վերաբերյալ մեղադրանքին, Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի ու Իրանի միջև ընտրություն կատարելու վերաբերյալ հարցերին անհամարժեք պատասխաններ տալու համար։ «Լայվի» ժամանակ Փաշինյանի հնչեցրած պատասխանը կարելի է ամփոփել երկու կետով։ Առաջին` Հայ ազգային կոնգրեսի որոշ անդամներ ժամանակին մեղադրանքներ են հնչեցրել, թե ինքը գործարքի էր գնացել իշխանությունների հետ` այն բանից հետո, երբ որոշեց խզել հարաբերություններն այդ կազմակերպության հետ։ Երկրորդ` Հայ ազգային կոնգրեսն ուներ սխալ մարտավարություն, ինչը ժողովրդին տանում էր պարտության ու մարգինալացման, մինչդեռ Փաշինյանն ուներ իշխանափոխության հասնելու ճիշտ մարտավարություն, ինչն էլ հենց ապացուցվեց 2018 թվականի հեղափոխությամբ։ Կոնգրեսից եկող քննադատություններն, ըստ այդմ, անընդունելի են։

Ես չգիտեմ, թե ով ու երբ է ասել, որ Փաշինյանն իշխանությունների պրոյեկտ էր, բայց չեմ բացառում, որ ասել են։ Վստահ եմ, եթե ինչ-որ մարդիկ պայքարի հատկապես ծանր փուլում հեռանային նրա ղեկավարած կազմակերպությունից, այդ կազմակերպության շարքերում էլ կարող էին նման շշուկներ լինել։ Վստահ եմ, որ հատկապես եթե այդ կազմակերպությունը նման մի քանի նախադեպ ունենար, հերթական հեռացողի վրա նույն կասկածը կարող էր տարածվել։ Բայց իմ նպատակը նման մեղադրանքներն արդարացնելը չէ կամ պնդելը, որ չեն եղել նման մեղադրանքներ։ Ես պարզապես կարծում եմ, որ նեղացկոտի կեցվածքը չի սազում պետական այրին ու երկրի ղեկավարին` անկախ այդ ամենից։ Նշանակություն չունի նաև, որ առանց որևէ ակնկալիքի ու վարչապետի ղեկավարած քաղաքական ուժի կողմից միայն հարվածների արժանանալու պայմաններում` Հայ ազգային կոնգրեսը հետևողականորեն կանգնել է նրա կողքին, քանի որ դա են պահանջում Հայաստանի շահերը։ Նշանակություն ունի միայն այն, որ հեղափոխությունը դեռ չի ավարտվել, իսկ վարչապետը, նրա ղեկավարած կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսն ընդհանուր հակառակորդներ ունեն։ Սակայն, հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն այդ ակնհայտ իրողությունը չի գիտակցում։

Անցնենք երկրորդ փաստարկին. Հայ ազգային կոնգրեսը ժողովրդին տանում էր պարտության ու մարգինալացման, իսկ Փաշինյանն ուներ հաղթանակի բանալին և ի վերջո ապահովեց այդ հաղթանակը։ Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունները երբեք հաջողությամբ չեն պսակվում միայն հեղափոխական լիդերների հանճարեղ մարտավարության շնորհիվ։ Հեղափոխությունների հաջողության համար պարտադիր պայման է նաև հետևյալ երեք գործոններից առնվազն մեկի առկայությունը. 1) ռեժիմի ներքին ապակայունացում` հեղափոխականների հարվածներից անկախ, ինչպես դա եղավ, օրինակ` Արևելյան Եվրոպայում 1980-ականների վերջին, 2) պառակտում ռեժիմի ներսում, հատկապես երբ դա անդրադառնում է զինված ուժերի ու ներքին անվտանգության համակարգի կողմից ժողովրդի վրա կրակելու հրաման կատարելու պատրաստակամության վրա, 3) զսպում արտաքին ուժերի կողմից։ Փաշինյանի ղեկավարած հաղթական ու նախկինում ձախողված հեղափոխութունների փորձերի միջև ընդամենը մի շատ ակնհայտ տարբերություն կա. 2018-ին ժողովրդի դեմ ուժ չգործադրեցին, իսկ նախորդ դեպքերում, մասնավորապես 2003-ին ու 2008-ին` գործադրեցին։ Քաղաքագետների ու պատմաբանների համար իսկապես շատ հետաքրքիր հարց է, թե ինչու դա տեղի ունեցավ, և նույն Սերժ Սարգսյանը, որն արյան վրա իշխանության էր եկել 2008 թվականին, որոշեց հեռանալ առանց արյուն թափելու։

Եվ ընդհանրապես, ինձ թվում է` վաղուց արդեն ժամանակն է հեղափոխության հաղթանակի դափնիներն ու աննախադեպության սինդրոմը մի կողմ դնելու ու լուրջ գործերով զբաղվելու։ Վաղուց ժամանակն է, օրինակ`կողմնորոշվելու հայդատականության ու պետական մտածողության միջև, այլապես ևս մի քանի նման հարցազրույց ու Սևրի պայմանագրի խորին խորհրդի մասին մի քանի նոր հայտարարություն, և կսկսենք լուրջ խնդիրներ ունենալ արտաքին աշխարհի հետ։ Վաղուց ժամանակն է կողմնորոշվելու` արդյոք մենք շահագրգռված ենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը խաղա՞ղ հանգուցալուծում ստանա, թե՞ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Վաղուց ժամանակն է կողմնորոշվելու` մտադրություն կա՞ ինչ-որ բան փոխելու դատաիրավական համակարգում, թե՞ մեզ նոր անակնկալներ են սպասվում վահրամավետիսյանների տեսքով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31