Աշխարհը կռիվ է տալիս նոր տիպի կորոնավիրուսի համավարակի բռնկման հետ և քայլ առ քայլ նախապատրաստվում է կարգավորել ավելի երկարաժամկետ լուծումներ պահանջող հետևանքները, մինչդեռ կառավարություններին ու հասարակություններին պետք է մի պահ մտորել, թե ինչ դասեր քաղեցինք ճգնաժամից և ինչպես կարող ենք օգտագործել ստացված հմտությունները և ապագան ավելի լավը դարձնել:
Աշխարհի բնակչության ավելի քան կեսն ապրում է «լոքդաունի» պայմաններում, և ուրեմն առաջին՝ մեր երկրների և տարածաշրջանների միջև գոյություն ունի խորը փոխադարձ կախվածություն և արտաքին ցնցումները մեծապես ազդում են բոլորիս վրա: Վարակն անվերահսկելի տարածվում է աշխարհամասից աշխարհամաս, իսկ կառավարությունները ստանձնելով պատասխանատվություն սեփական քաղաքացիների բարեկեցության համար, առաջ են քաշում հակաճգնաժամային հստակ պլաններ, որոնք փորձարկում են հաջողությամբ: Երկրորդ՝ բազմակողմանիությունն ու գլոբալ համերաշխությունը կենսունակ են: Բազմաթիվ երկրների կառավարություններ միավորել են ուժերը համակարգման և տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ ստեղծելու, ինչպես նաև կենտրոնացրել անհրաժեշտ աջակցություն առավել ծանր հարվածի ենթարկված և հատկապես խոցելի խմբերին՝ մարդկանց կյանքն ու կենսապայմաններն ամբողջ աշխարհում արդյունավետորեն փրկելու նպատակով: Երրորդ՝ անհրաժեշտ է ընդունել գիտության ձեռքբերումներն ու արձագանքել:
Ահա այստեղ է, որ բախվում ենք կլիմայի փոփոխությանն ու բնապահպանական իրավիճակի վատթարացմանը: Կորոնավիրուսային համավարակը 2020 թվականի ընթացքում մարդկությանը վրա հասած հազվագյուտ լայն մասշտաբի աղետ է, նման համաճարակային բռնկումներ գրոհելու են նաև ապագայում, մինչդեռ գիտականորեն ապացուցված է՝ քաղաքակրթության գոյատևման առաջիկա տարիների սպառնալիքների համեմատ այս համավարակը զուտ նախազգուշացում է, և այդ սպառնալիքները պայմանավորված են գլոբալ տաքացմամբ և այլ՝ մեր մոլորակին սպառնող մարտահրավերներով: Ապացուցված է նաև, որ բազմաթիվ նոր վարակակիր հիվանդությունների բռնկումներ հրահրվում, սրվում են գլոբալ տաքացման կամ էկոհամակարգերի հետ կապված իրավիճակի վատթարացման հետևանքով:
Կենսունակ բնական էկոհամակարգերը բարեկեցության շարունակականության երաշխիքներ են ստեղծում: Ջերմոցային գազերի արտանետումների աճող ծավալների նվազեցմանն ուղղված միջազգային հանրության նպատակների ձախողումը չլուծված կթողնի կլիմայի փոփոխության ու բնապահպանական իրավիճակի վատթարացման հիմնախնդիրները և աղետալի հետևանքներ կունենա մեր մոլորակի համար՝ հանգեցնելով զգալի մասի անապատացման մոտ տասնամյակների ընթացքում: Խստաշունչ եղանակային երևույթները կշարունակեն ոչնչացնել բերք, տներ և ենթակառուցվածքներ, հրկիզել զանգվածային հրդեհներ և հրահրել զանգվածային արտագաղթ: Սրանք խիստ չկարգավորված աշխարհ բնորոշող բաղադրիչներ են:
Կարդացեք նաև
Գլոբալ տաքացման դեմ պայքարն ավելի բարդ է, քան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը: Կլիմայի փոփոխության և դրա ավերիչ հետևանքների համար պատվաստանյութ չի ստեղծվի: Ջերմոցային գազերի արտանետումների կորը հնարավոր է հարթեցնել, եթե ձեռնարկել կլիմային ուղղված խիզախ և համարձակ միասնական գործողություններ: Լավ լուրն այն է, որ մեզ դա կհաջողվի. մենք կարող ենք, ըստ էության պարտավոր ենք օգտագործել «Քովիդ-19»-ի տնտեսական վերածնունդը և ապահովել ավելի արագ անցում դեպի ավելի անվտանգ, ավելի դիմակայուն ապագա:
Մեր ընտրությունն այսօր կանխորոշելու է մեր վաղվա ապագան: Հաջորդ երկու տարիների ընթացքում ամբողջ աշխարհի կառավարությունները ձգտելու են ծախսել շուրջ 10 տրիլիոն եվրո՝ պարտք առած ապագա սերունդներից: Այդ մեծածավալ ներդրումները կուղղվեն մեր տնտեսությունների զարգացման գործընթացը մեկնարկելու գործին, և ոչ միայն չեն ծանրանա հաջորդ սերունդների ուսերին, այլ թույլ կտան ազատել նրանց այդ ծանրությունից: Անհրաժեշտ է սկսել հիմքից: Ահա թե ինչու վերականգնման պլանները մշակելիս պետք է առաջնորդվել «ավելի լավ վերակառուցման» համար ընձեռված բացառիկ հնարավորության սկզբունքով և ներդրումներն ուղղել ոչ թե նախնադարյան հնացած ածխածնային տնտեսության, այլ 21-րդ դարի նոր տնտեսության զարգացման ուղղությամբ:
Եվրոպական հանձնաժողովը՝ ԵՄ պետությունների կամ կառավարությունների ղեկավարների հետ հաստատել են կանաչ, թվային և դիմակայուն վերականգնման նկատմամբ հանձնառություն, որը ներդրվել է Եվրոպական միության վերականգնման առաջարկվող պլանում և հրապարակվել մայիսի վերջին: «ԵՄ հաջորդ սերունդ» կոչվող մեր վերականգնման ծրագրի և նորացված ԵՄ բյուջեի միջոցներով յուրաքանչյուր եվրո կներդրվի Եվրոպան ոտքի կանգնեցնելու գաղափարի իրականացման համար՝ միաժամանակ արագացնելով անցումը դեպի կանաչ և թվային տնտեսություններ, ինչպես նաև կառուցելով արդար և ավելի կայուն հասարակություններ:
Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ բյուջեի առաջիկա յոթ տարիների 25 տոկոսը ծախսել կլիմայի շուրջ ներդրումների ուղղությամբ: Որոշ ոլորտներում ուժեղ գործողությունները կարող են տալ լուրջ արդյունքներ, մասնավորապես՝ շրջանաձև տնտեսությունը, էկոհամակարգի վերականգնումը, կառուցված շրջակա միջավայրը (վերանորոգում), շարժունակությունը (էլեկտրաֆիկացում) և էներգիայի ոլորտը (վերականգնվող և մաքուր ջրածին):
ԵՄ-ն հավատարիմ կմնա իր նպատակին` մինչև 2050 թվականը դառնալ կլիմայի չեզոք տարածք, և մենք մարտահրավեր ենք նետում ցանկացած մեկին, ով կփորձի հաղթել մեզ այդ հարցում, որից հաղթանակած կլինի ամբողջ մարդկությունը:
«Կենսաբազմազանության ռազմավարություն՝ մինչև 2030» փաստաթղթի շրջանակներում ԵՄ-ն նաև ստանձնել է պարտավորություններ ԵՄ էկոհամակարգերի պահպանության և վերականգնման նկատմամբ և պատրաստ է ջանքեր գործադրել, որպեսզի «2020-ից հետո Կենսաբազմազանության նոր հավակնոտ գլոբալ շրջանակը» համաձայնեցվի առաջիկայում կայանալիք «Կենսաբանական բազմազանության թեմայով գործընկերների տասնհինգերորդ համաժողովի ընթացքում»:
Համաշխարհային համերաշխությունը, բաց և արդար առևտուրը, կանոնահեն կարգը և բազմակողմանիությունը կարևոր են դեպի հանածո վառելիք ետնահանջից և ռեսուրսների ինտենսիվ վերականգնումից խուսափելու տեսանկյունից, որոնք անդառնալի վտանգի կհանգեցնեն մարդկությանն ու մոլորակին: Մենք կոչ ենք անում միջազգային գործընկերներին, մասնավորապես՝ Հայաստանին և իր քաղաքացիներին իրականացնել ցածր ածխածնային զարգացման կուռ քաղաքականություններ և կանաչ վերականգնման ռազմավարություններ: Այն մեր հասարակություններին թույլ կտա հստակ պատկերացնել հետագա գործողություններն ու նպատակները, ինչպես նաև կուղղորդի ներդրողներին, բիզնեսին, աշխատողներին և սպառողներին դեպի կայունություն:
Եվրոպական միությունը պատրաստ է համագործակցել ամբողջ աշխարհի գործընկերների հետ բնապահպանական տեսանկյունից կայուն տնտեսական գործողությունների համար ներդրումների ուղիներ մշակելու վերաբերյալ: Մենք պատրաստ ենք փոխանակել փորձագիտական գիտելիք, ֆինանսավորել ծրագրեր, պարզաբանել մեր կանոնակարգերն ու կիսվել կայուն ֆինանսավորման մեր սկզբունքներով: Հավաքական մարտահրավերների հաղթահարման նոր ուղիներ գտնելու և մեր երեխաների համար խաղաղ մոլորակի վրա արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելու ուղղությամբ մեծ աշխատանք տանելն իդեալիստական կամ միամիտ նպատակներ չեն: Այն վերաբերում է մեր արժեքների նկատմամբ հավատարմությանը, գիտությանն ականջալուր լինելուն, տնտեսությունների ամրապնդմանը և ավելի լավ ապագա կառուցելուն: Միանշանակ է, որ կանաչ վերականգնմանն իրատեսական այլընտրանք գոյություն չունի:
Ն.Գ. Անդրեա ՎԻԿՏՈՐԻՆ
Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար