Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը՝ քաղաքականությունից դուրս

Օգոստոս 22,2020 10:00

Ներքին քաղաքական բանավեճը պատերազմի եւ բանակի մասին ինձ երբեք դուր չէր գալիս՝ իրար բզբզելու, իրար «ջախջախիչ հարվածներ եւ հակահարվածներ» հասցնելու այդքան թեմաներ եւ առիթներ կան, որ այս նվիրական թեմայի մասին, կարծում եմ, քաղաքական գործիչները կարող են լռել: Ապրիլյան պատերազմի շուրջ բանավեճն էլ, կարծում եմ, ցանկալի չէ: Իշխանության քարոզչական թեզը, որքան հասկանում եմ, մոտավորապես հետեւյալն է. «Ապրիլյան պատերազմում մենք պարտվեցինք Սերժ Սարգսյանի ապաշնորհության եւ թալանի պատճառով, իսկ Տավուշում տեղի ունեցած վերջին հուլիսյան իրադարձություններում մենք հաղթեցինք՝ Նիկոլ Փաշինյանի ռազմագիտական հանճարի շնորհիվ»: Մյուս կողմից Երրորդ նախագահն էլ, ինձ թվում է, չպիտի արդարացումներ փնտրի եւ առավել եւս՝ չպիտի քննարկի, թե զինծառայողներից ում եւ ինչի համար են պարգեւատրել՝ հավերժ փառք մեր զինվորներին եւ սպաներին, թող բոլորը պարգեւատրվեն: Ընդհանրապես պետական էթիկան, ի թիվս այլ բաների, իմ պատկերացմամբ, ներկա եւ նախկին առաջին դեմքերի իրար հանդեպ ծայրահեղ զսպվածությունն է: Դրանից պետությունը միայն կշահի:

Խնդիրը միայն այն չէ, որ պատերազմի մասին քաղաքական խոսակցությունները լսում է մեր ռազմական հակառակորդը: Վստահ եմ, որ այս, պարզ ասենք, գաղջ մթնոլորտն ազդում է նաեւ մեր զինվորների վրա: Ես կասկած չունեմ, որ մեր երիտասարդները, նոր փորձության դեպքում էլի չեն թողնի իրենց դիրքերը եւ դարձյալ կոչնչացնեն մեր (ներառյալ Արցախի) սահմանների հանդեպ ոտնձգություններ կատարող բոլոր տեսակի «յաշմաներին»: Բայց եկեք մտածենք մեկ այլ բանի մասին. նրանք 20 տարեկանում կվերադառնան խաղաղ կյանքին եւ շատ կարեւոր է, թե ինչպիսին է այդ կյանքը: Ճիշտ, կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար միայն հայրենասիրությունն ու հերոսությունը բավարար չէ. անհրաժեշտ է գիտակցություն, որ դու ապրում ես մի պետությունում, որտեղ իրավիճակը կայուն է, որտեղ կան անսասան ավանդույթներ, ինստիտուտներ (նախեւառաջ, իհարկե, բանակը), որոնք անփոփոխ են, անսասան եւ չեն վարկաբեկվում քաղաքական վայրիվերումների պատճառով կամ՝ ի շահ որեւէ քաղաքական ուժի քարոզչության: Եթե ձեւավորվի կայունության այս զգացողությունը, ապա տնտեսական մեծ դժվարությունները, որոնք մեզ են սպասում մոտակա տարիներին, կհաղթահարվեն:

Իսկ եթե այդ կայունության զգացողությունը չլինի, եթե, մասնավորապես, իշխանական քարոզչությունն ասի, որ ապրիլյան պատերազմը «Սերժի վախտ էր», եւ դրա համար ամեն ինչ վատ էր, իսկ տավուշյան իրադարձությունները «մեր վախտ էին», դրա համար ամեն ինչ լավ է, երիտասարդները կշարունակեն գնալ Հայաստանից:
Իսկ պատմական առումով իրադարձությունների քարոզչական շերտը շատ բարակ է եւ փխրուն. հինգ տարուց, առավել եւս՝ տասը տարուց իրար մեղադրելու շեշտադրումներով մանր-մունր խոսակցությունները կմոռացվեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Պատերազմ՝ քաղաքական-հասարակական միավորումների (պետություններ, ցեղեր, քաղաքական խմբավորումներ և այլն) միջև հակամարտություն, որն արտահայտվում է հակամարտող կողմերի ռազմական ուժերի (բանակներ) միջև ռազմական (մարտական) գործողությունների տեսքով։
    https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%A6%D5%B4

  2. Alfred says:

    Սկզբից իշխանությունը Ամուլսարի պայմանագիրը սկսեց բզբզել կոռուպցիա գտնելու հույսով, չգտավ, հիմա էլ Ապրիլյան կռիվն են բզբզում մի բան գտնելու հույսով որ աշխարհով մեկ աղմուկ բարձրացնեն։ Իսկ շքանշանների պահով, միանգամից այդքան մարդու պարգևատրել ուղղակի արժեքազրկում է շքանշանը։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31