Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը 10 տարի ժամանակ ուներ անելու այն ամենը, ինչի մասին խոսում էր»

Օգոստոս 22,2020 13:00

«Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը

– Երկու տարվա լռությունից հետո ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ ծավալուն ասուլիսով: Թեեւ ասուլիսում հնչեց Սերժ Սարգսյանի ասելիքի մի մասը միայն՝ ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերվող, Արցախի հարցին, ներքին եւ արտաքին քաղաքական թեմաների շուրջ պաշտոնաթող նախագահը խոստացավ խոսել առաջիկայում, շատերի մոտ արդեն իսկ տպավորություն է, որ Սերժ Սարգսյանը քաղաքական հայտ է ներկայացնում, ընդ որում, տպավորություն է, որ նա նորից ՀՀԿ-ով է ներկայանալու: Դուք ի՞նչ տպավորություններ ունեք, Սերժ Սարգսյանը քայլ առ քայլ փորձո՞ւմ է վերականգնել իր քաղաքական մասնակցությունը, ի՞նչ կասեք Սերժ Սարգսյանի առաջին հրապարակային խոսքի մասին առհասարակ:

– Եթե Սերժ Սարգսյանը այդքան վատ հիշողություն ունի, որ արդեն մոռացել է երկու տարի առաջվա եղածը, ապա ՀՀ քաղաքացին չի մոռացել։ Ասուլիսը ոչնչի մասին էր, կամ նույն տեքստն էր կամ «հիմա չեմ պատասխանի» ձեւակերպումը։

– Ձեր կարծիքով ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չսպասեց հանձնաժողովի զեկույցի հրապարակմանը եւ մինչ այդ հայտնեց իր տեսակետը, պատասխանեց մտահոգող հարցերին:

– Իր պատկերացմամբ, նախահարձակ է երեւի լինում, բայց նորից եմ ասում, ՀՀ անվտանգությանը նախահարձակ լինելը լավագույն ճանապարհը չէ, իսկ եթե գիտեր ասուլիս ինչպես են անում թող անցած 10 տարվա ընթացքում աներ, ոչ թե փակ հարցազրույցներ աներ «ընտրյալ» լրագրողների հետ։

– Թեեւ ասում եք, որ Սերժ Սարգսյանի ասուլիսը «ոչնչի մասին» էր, բայց նա բավական ուշագրավ դիտարկումներ արեց. օրինակ,  «տգետ» հայտարարություն որակեց ժամանակին դեռ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ապրիլյան քառօրյա պատերազմը հրահրել է ՌԴ-ն: Նաեւ հավելեց, որ դա նշանակում է ռազմավարական գործընկերոջը մեղադրել դավաճանության մեջ: Տարեսկզբին, երբ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին, ասաց, որ 2016-ին հայտնած իր դիրքորոշումը մնում է նույնը, եւ քննարկում է ունեցել ՌԴ-ի գործընկերների հետ: Ապրիլյան քննիչ հանձնաժողով Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհրավիրվեց: Այս հարցին զեկույցում անդրադարձ լինելո՞ւ է, թե՞ այն կշրջանցվի: Իշխող ուժում կիսո՞ւմ են վարչապետի կարծիքը:

– Սարգսյանի անգիր արած տեքստերի վերաբերյալ իրեն կարող էիք հարց ուղղել ասուլիսին, իսկ վարչապետի հայտարարությունների վերաբերյալ իրենից պետք է ճշտել։ Իսկ ապրիլյան քննիչ հանձնաժողովը բոլոր վարկածներն ուսումնասիրել  է:

– Սերժ Սարգսյանը հստակ հայտարարեց, որ չնայած ունեցած կորուստներին, ապրիլյան քառօրյա պատերազմում հայկական կողմը հաղթանակ է տարել: Դուք ի՞նչ կարծիք ունեք՝ հաղթե՞լ ենք, թե՞ պարտվել:

– Պատասխանելու համար այդ հարցին, պետք է հստակ իմանալ ի՞նչ խնդիր էր դրել իր առաջ Ադրբեջանը, լուծե՞ց այդ խնդիրը թե ոչ, այս հարցի պատասխանը մենք կտանք զեկույցում:

– Սերժ Սարգսյանն ասուլիսում նաեւ հայտարարեց, որ հետախուզությունը թերացել է եւ նախապես հայկական կողմը չի իմացել հարձակման մասին: Դուք, ֆեյսբուքյան կարճ անդրադարձում հիշեցրել էիք այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, որ մենք ունեցել ենք հետախուզության համապատասխան տեղեկատվությունը, ինչը եւ օգնել է հայկական կողմին՝ դիմակայել ողջ ճակատով: Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքերում, ըստ Ձեզ, շա՞տ են անհամապատասխանություններ, չհամընկնումները, կամ՝ Ձեր անհամաձայնությունները: Մեկ-երկուսը կնշե՞ք:

– Սարգսյանի ասուլիսը ծայրից ծայր երեւակայական տեքստ էր, նա ինչպես չէր տիրապետում իրավիճակին, այդպես էլ չի տիրապետում։

– Իսկ զեկույցում հստակություն կա՞ հարցի շուրջ, թե ի վերջո ե՞րբ է խոցվել անօդաչու սարքը: Սերժ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ  ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի անօդաչու թռչող սարք Ստեփանակերտ չի հասել։ 2016 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել էր, որ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ Ստեփանակերտում ադրբեջանական անօդաչու թռչող սարք էր նկատվել։ Այն ժամանակ Դավիթ Բաբայանը նշել էր, որ  անօդաչու սարքը, որ թռել է Ստեփանակերտի երկնքում հենց Մինսկի խմբի եւ ԼՂ նախագահ Բակո Սահակյանի բանակցությունների ժամանակ, ոչնչացվել է։ Երեկ, պարոն Բաբայանը հաստատեց՝ անօդաչու սարքը ամսի 8-ին է խոցվել: Մեկնաբանություն ունե՞ք:

– Այդ հարցի հասցեատերը ես չեմ:

– Խոսելով տավուշյան դեպքերի մասին եւ արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները, Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե լավ կլիներ, որ նույնը լիներ նաեւ Նախիջեւանի ուղղությամբ»։ Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը՝ դա ասելով:

– Ի՞նչ նկատի ուներ, պետք է հարցնեք Սարգսյանից, ես կարող եմ ասել, որ ինքը 10 տարի ժամանակ ուներ անելու այն ամենը, ինչի մասին խոսում էր, հարցրեք իրեն, ինչի՞ չի արել:

Զրույցը՝

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
21.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31