Երիտասարդ, հատկապես ուսանողական տարիներից աչքի ընկած արվեստագետների պարտադիր զինվորական ծառայության հետ կապված հարցերը միշտ էլ վիճահարույց են եղել։ Արդյունքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ իսկապես տաղանդավոր երիտասարդների մի մասը ազատվել է ծառայությունից, իսկ որոշներն էլ մեկնել են ծառայության։
Այսինքն, ոչ մեկը չի կարող հերքել այն ճշմարտությունը, որ օրենքը ընտրովի է գործում։ Հասկանալի է, որ տաղանդավորի, պակաս տաղանդավորի սահմանումներ չկան, բայց այսօր էլ ճանաչված հեղինակավոր արվեստագետները պնդում են, թե օրենքում կարելի է բացառություն կատարել։ Օրինակ են բերում հատկապես բալետի արտիստներին, երաժիշտ կատարողներին եւ այլն։
Ի դեպ, այս հարցի շուրջ մեզ հետ զրուցած անվանիները նշում են, որ այս բացառությունը պետք է գործի ոչ միայն մշակույթի, այլեւ մյուս ոլորտներում նույնպես։ Մենք էլ բերենք անքննարկելի մի փաստ. այսօր աշխարհում Հայաստան անունը շատ ավելի հաճախ ու բարձր է հնչեցնում բանակում ծառայություն չանցած ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, քան մեր ամենաբարձր իշխանավորներից յուրաքանչյուրը:
Վերջին շրջանում «Առավոտը» հարցազրույցներ է վարել մշակույթի տարբեր ոլորտների երիտասարդ ներկայացուցիչների հետ, որոնցից մեկ-երկուսը պարտադիր զինվորական ծառայությունից հետո, ցավոք, հեռացել են ոլորտից, անցել այլ աշխատանքի։ Ունենք նաեւ այնպիսի երիտասարդներ, որոնք մինչ զորակոչվելն արդեն մեծ ձեռքբերումներ են գրանցել, օրինակ, վերջերս ծառայությունն ավարտած պրոդյուսեր Արտաշես Բաբայանի անունը ծանոթ էր արվեստասեր հանրությանը մինչեւ ծառայության մեկնելը: Նա շուրջ 20 նախագիծ էր իրականացրել տիկնիկային թատրոնում, այդ թվում՝ ներկայացումներ, հյուրախաղերի կազմակերպում եւ այլն։ Իսկ տիկնիկայինը հենց երիտասարդ պրոդյուսերի շնորհիվ հրավերներ էր ստացել եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Թունիսից եւ այլն։
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը վերջերս իր ծառայությունն ավարտած, մասնագիտությամբ մասսայական միջոցառումների ռեժիսոր Հարություն Հարությունյանն է։ Այս երիտասարդի անունը նույնպես մինչ ծառայության մեկնելը հայտնի էր մեզ։ Նշենք Արման Էլբերտի երաժշտությամբ ու նրա ռեժիսուրայով 2017-ին ներկայացրած «Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերան։ Թեեւ հիշյալ օպերան ծանոթ էր մեր հանրությանը դեռեւս 2001թ.՝ Կասկադում ներկայացված Արշալույս Հարությունյանի ռեժիսուրայով, որտեղ գլխավոր կերպարում հանդես եկավ Արամ Սուքիասյանը, որը նաեւ լիբրետոյի հեղինակն է։ Ի դեպ, մեր զրուցակիցն ուսանել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, հենց Արամ Սուքիասյանի ղեկավարությամբ եւ ինքն էլ հանդես է եկել իր բեմադրած ռոք օպերայում նաեւ որպես գլխավոր դերակատար։
Հիշում ենք, որ այդ ժամանակ արվեստագետները համեմատելով երկու բեմադրիչների աշխատանքները, նշում էին, որ Արշալույս Հարությունյանը իր բեմադրության մեջ պահպանել է ռոքի ավանդույթները (նկատի ունեին բողոք, ընդվզում, բազում հարցեր հավատքի շուրջ եւ այլն), իսկ Հարություն Հարությունյանը դարձյալ հարազատ է մնացել ռոքի ժանրին, բայց որոշ վերապահումներով։ Այս առիթով մեր զրուցակիցը հայտնեց. «Իսկապես հարազատ եմ մնացել ռոք ժանրին կամ ավանդական ռոքին, որի հայկական «ֆունդամենտի» հիմնադիրը պրոֆեսորս է։ Փորձել եմ ներկայացնել սերնդակիցներիս իմ պատկերացումները հայկական ռոքի մասին, իհարկե՝ ուսումնասիրելով համաշխարհային ռոքը»։
Տեսարաններ «17 տարեկան – 20-րդ դար» ներկայացումից:
Հիշելով ուսանողական տարիների իր աշխատանքները, արվեստագետը նշեց դրանցից մի քանիսը. «Համագործակցել եմ ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի հետ, որը հատուկ ինձ համար գրել էր երկու պիես, խոսքը մոնոներկայացումների մասին է. առաջինը «17 տարեկան-20-րդ դար», երկրորդը՝ «Կյանքն ինչու եք տվել էս խեղճ մարդուն»։ Վերջինը դիպլոմային աշխատանքս էր, որտեղ հանդես եկա նաեւ իբրեւ դերասան»։ Հետաքրքրությանը՝ դուք մինչ ծառայության մեկնելը հասցրել եք հանդես գալ նաեւ Արցախում, երիտասարդը պատասխանեց. «2017-ին Արցախում մեկնարկեց «Երիտասարդական օրերը» միջոցառումների շարքը սիրված ու ճանաչված դերասանուհի, ռեժիսոր Նարինե Գրիգորյանի հեղինակած «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում» պիեսով ու ռեժիսուրայով։ Հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակով հեղինակել եմ «Սահմանի հեքիաթ» նախագիծը։ Մեր ինստիտուտի ուսանողներին համախմբելով մարզի սահմանամերձ գյուղերում` հիմնեցինք 7-14 տարեկան շուրջ 150 երեխաներից կազմված փոքրիկ թատերախմբեր եւ հենց այդ շնորհալի երեխաների մասնակցությամբ էլ ներկայացրեցինք հեքիաթ- բեմադրություններ։ Նշեմ, որ մեր ինստիտուտի ուսանողներն էլ հանդես եկան Ֆորշի երաժշտությամբ եւ Վիգեն Ստեփանյանի ռեժիսուրայով «Շունն ու կատուն» մյուզիքլով»։
Անդրադառնալով մեր զրուցակցի՝ ինստիտուտում ստացած մասսայական միջոցառումների ռեժիսորի մասնագիտությանը, հիշեցնենք, որ այս մասնագիտությամբ առաջին կուրսը հավաքել է Արամ Սուքիասյանը 2014թ., բայց մինչ օրս իբրեւ մասսայական միջոցառումների ռեժիսորի անուններ մեծ հաշվով հայտնի են մի քանիսը՝ Հրաչյա Աշուղյան, Լեւոն Իվանյան եւ Արամ Սուքիասյան։ Այս դիտարկմանն ի պատասխան, Հարություն Հարությունյանն ասաց. «Այդ հարցը հաճախ ինձ էլ է խորհելու առիթ տալիս, թեեւ կարելի է զուգահեռել թատրոնի եւ մասսայական միջոցառումների ռեժիսորի գործունեությունը։ Օրինակ, ձեր հնչեցրած անունների կողքին ես կնշեի նաեւ Արթուր Սահակյանի անունը, բայց, կրկնում եմ՝ այդ հարցը ինձ էլ է տանջում։ Պարզապես պետք է այդ աշխատանքը վստահել նաեւ երիտասարդներին։ Ախր մյուս կողմից էլ՝ պարտադիր չէ, որ մասսայական միջոցառումները իրականացնեն նեղ մասնագետները։ Կրկնեմ՝ հենց նոր հնչեցրի Արթուր Սահակյանի անունը, որը «Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավարն է…»։
Ռեպլիկին՝ թեեւ նոր եք վերադարձել, բայց հավանաբար որեւէ նախագիծ արդեն ձեռնարկել եք, Հարությունը պատասխանեց. «Այս պահին ընտրել եմ անիմացիան ու փորձում եմ մասնագիտանալ այդ ոլորտում։ Ցանկությունս է սկսել սոցիալական հոլովակների շարք եւ ասելիքս բարձրաձայնել հենց այդ ձեւաչափով»։
Իսկ թե ո՞րն է երիտասարդի ասելիքը, մեր զրուցակիցը նախ նշեց, թե ցանկանում է փոխել սոցիալական կարծրատիպերը, հետո էլ փոքր-ինչ մանրամասնեց. «Տեսեք, օրինակ՝ բանակը կամ բանակային կյանքը. այսօր հայտնի է, որ զինվորի, ծառայողի կենցաղային վիճակը բարվոք է, ավելին՝ լավ է։ Այս հարցում, համոզված եմ, ինձ հետ համակարծիք կլինեն բոլոր ծառայածները։ Այդուհանդերձ, դեռեւս կան տրտնջացողներ, նույնիսկ մտածում են՝ ծառայե՞լ, թե՞ խուսափել ծառայությունից… 1990-ականներին ինչ-ինչ պատճառներով հայաստանցիներից շատերը նախընտրեցին տեղափոխվել, բնակություն հաստատել արտասահմանում։ Մեծ մասի երազանքը Ամերիկան էր։ Այո, դա եղել է, բայց հիմա չմեղադրենք, ինչպես ընդունված է ասել՝ հայրենիքը լքողներին։ Գուցե այդ մարդիկ շատ ավելի հայրենասեր են, քան այստեղ մնացածներից ոմանք… Թող շատ պաթետիկ չհնչի, բայց պետք է ասեմ՝ շատ կուզենայի, որ մեզանում արմատներ գցեր միմյանց սիրելու, նվիրվելու մշակույթը։ Եվ բացարձակ կարեւոր չէ՝ հայը Հայաստանում է ապրում, թե Սփյուռքում… Հուսով եմ, որ սոցիալական հոլովակներս կիրականացնեմ եւ դրանք մեծ արձագանք կունենան»։
Զրույցի ընթացքում խոսեցինք հատկապես պանդեմիայի շրջանում երիտասարդ արվեստագետների մոտ զգացվող հիասթափության նշույլների մասին։ Այդ առիթով Հարություն Հարությունյանի խոսքը հակիրճ էր. «Իմ սերնդակից արվեստագետները թող մեկ վայրկյան անգամ չմտածեն այլ աշխատանքի անցնելու մասին»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2020