19-20-րդ դարագլխին հայերիս մեջ տարածված կարգախոս-գաղափարն էր՝ «Քեռին կգա կփրկի». քեռին Ռուսաստանն էր: Իրոք, Ռուսաստանը հասավ մինչեւ Մուշ, Բիթլիս, Երզնկա, Տրապիզոն… Բայց մինչ այդ հայերն արդեն ոչնչացված էին: Իսկ որտեղ էլ որ ինքնապաշտպանվել ու գլխովին չէին ոչնչացել, ինչպես Վանում, ռուսական զորքերի մեկամսյա անհասկանալի ետուառաջ-նահանջը բավարար էր, որ առնվազն երեք հազար տարի հայերով բնակեցված քաղաքն ու գավառը վերջնականապես հայաթափվեին:
Ռուսական կայսրությունը հայերից զգուշանալու մոտեցում էր մշակել. ըստ որի՝ հայերը փոքր-ինչ ամրանալու պարագայում կարող էին Արեւմտահայաստանում անկախություն պահանջել՝ ի տարբերություն հարյուր տարի առաջվա քրդերի: Նույն մտահոգությունն Արեւելյան Հայաստանի պարագայում 1905-1906թթ. արժեցավ հայ-թաթարական արյունալի ընդհարում ամբողջ Կովկասով մեկ: Նույնիսկ խորհրդային իշխանությունը Հարավային Կովկասը շրջանների բաժանելիս Սովետական Հայաստանին տվեց այնպիսի մի կենսատարածք, որը որեւէ կերպ համարժեք չէր Ադրբեջանին եւ Վրաստանին: Հարավային Կովկասում հայերն «արդարացրին» կայսերական զգուշավորությունը՝ Երկրորդ համաշխարհայինում տալով անհամեմատ շատ մասնակիցներ, անհամեմատ շատ զոհեր, անհամեմատ շատ ԽՍՀՄ հերոսներ, մարշալներ, գեներալներ, իսկ պատերազմից հետո՝ ամենից շատ անկախական այլախոհներ՝ քաղբանտարկյալներ:
ԽՍՀՄ փլուզումից հետո մինչեւ վերջերս շարունակվում էր նույն կայսերական մտահոգությունը, թեեւ հայերիս համար մեծամտաբար ձեւակերպվում էր որպես՝ «Ա կուդա՞ անի դենուտսյա» («Իսկ ո՞ւր կարող են նրանք փախչել») – քանի որ բոլոր կողմերից շրջապատված ենք թյուրքական էթնոսով, ուստի եթե Ռուսաստանը չլինի, իբր մենք կորած ենք եւ իրենցից պետք է հավերժ կառչած մնանք: Ու թեեւ Հարավային Կովկասում միայն ՀՀ-ում Ռուսաստանն ունի իր ռազմաբազան, միայն Հայաստանի բնակչությունն է բարյացակամորեն տրամադրված Ռուսաստանի հանդեպ, միեւնույն է՝ քամահրական վերաբերմունքը դուրս էր իրատեսության սահմաններից:
Բայց պատմության անիվը նույն տեղում երբեք չի դոփում: Եվ նույնիսկ ռուսական ինքնահավան, բայցեւ՝ Արեւմուտքից բարդույթավորված քաղաքական միտքը, երբ ըմբռնեց այն իրողությունը, որ կորցրել է ոչ միայն Արեւելյան Եվրոպան ու հավատակից Վրաստանը, որի մայրաքաղաքն այնպես հոգածությամբ պճնել էր որպես փոխարքայության մայրաքաղաք, հետագայում էլ՝ խորհրդային ռազմական ուժերի հարավային կենտրոնատեղի, այլեւ ինքնության ճգնաժամի մեջ գտնվող Ադրբեջանն ու նույնիսկ ցեղակից Ուկրաինան, հայտնվեց անելանելի վիճակում: «Դեպի Եվրոպա պատուհանը», որ բացել էր Պետրոս Մեծը, շրխկոցով սկսել է փակվել Ռուսաստանի առջեւ: Վերջնականապես ասիական երկրի չվերածվելու, Սեւ ծովից դուրս չմղվելու համար Ռուսաստանը հապճեպ վերամիավորեց Ղրիմի թերակղզին, որին այսօր կարող է կապվել միայն կամրջով, ինչպես Կալինինգրադին՝ փակ վագոնների նվաստացմամբ: Այդ կամրջային շոկից դեռ չսթափված՝ հիմա էլ փուլ առ փուլ սկսվել է Բելառուսի հանձնման-ընդունման արարի շոկը:
Կարդացեք նաև
Բելառուսի ցնցումից ընդամենն օրեր առաջ ԱՄՆ-ն իր զորամիավորումները Գերմանիայից շարժեց արեւելք՝ տարավ Լեհաստան՝ Բելառուսի, այսինքն՝ Ռուսաստանի քթի տակ: Ղրիմյան անեքսիոն երկրորդ շռայլություն Ռուսաստանն իրեն թույլ տալ չի կարող, մանավանդ սաստկացող պատժամիջոցների պարագայում: Նույնիսկ անհնար է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվի Ռուսաստանը, երբ իր ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, Մաքսային միության կազմում մնան ինքն ու մահմեդական Միջին Ասիան՝ զարգացող չինական տնտեսության հումքային ապագա բազան: Այստեղ է, որ Հայաստանի արժեքն անգնահատելի է դառնում: Այժմ մե՛նք կարող ենք Ռուսաստանի համար ասել. «Ա կուդա՞ անի դենուտսյա»:
Մենք, իհարկե, դա չենք ասի, քանի որ վարակված չենք կայսերական շովինիզմով ու մեծամտությամբ: Մենք չենք ասի, բայց իրենք կհասկանան, որ եթե շարունակվի երեքհարյուրամյա քաղաքականությունը, որն իրականում շարունակվել չի՛ կարող, ապա բացառված չէ, որ փոքրիկ Հայաստանը վարվի Վրաստանի օրինակով, ու այդ դեպքում Ռուսաստանի սահմանները կանցնեն Կրասնոդարից էլ հյուսիսով: Իհարկե, Հայաստանը կարող է գին վճարել դրա դիմաց. ծանր ու ցավալի գին, բայց այլեւս չի կորցնի պետականությունը, ինչպես 1920թ.-ին, երբ աշխարհակարգը միանգամայն այլ էր, երբ մոլորակը չուներ ԱՄՆ-ի պես գերտերություն, եւ հնարավոր էր ռուս-թուրքական համագործակցությունը: Ասվածում բացառվում են շանտաժն ու չարախնդումը. սա մերկ իրականությունն է:
Ցնցող է նույնիսկ խորհրդային տարիներին մայրաքաղաք Մինսկում ընդամենը մեկ բելառուսական դպրոց ունեցող երկրի բնակչության ազգային զարթոնքը, որից անմիջապես փորձեցին օգտվել դեռեւս երկուսուկես դար առաջ մարած Ռեչ Պոսպոլիտայի ժառանգները՝ Լեհաստանն ու Լիտվան: Բելառուսական ցույցերին այժմ հենց այդ զինանշաններն ու դրոշներն են: Ժամանակն աշխատում է բելառուսական նոր ինքնության օգտին: Ուկրաինական հարվածից հետո սա արդեն ցուկցվանգային նոր իրավիճակ է ստեղծել: Ու եթե Կիեւի կորստով Ռուսաստանը կորցրեց իր հոգեւոր մայր ակունքը, որի ավազանում մկրտվել էր որպես ազգ ու քրիստոնյա էթնոս, ավելի հեռացավ ռուսական «Ցար ի Բոգ» («Թագավոր եւ Աստված») ազգահավաք մերանի միֆական Ցարգրադից՝ Կոստանդնուպոլսից, ապա դոնորային Բելառուսի կորստով կհայտարարվի Ռուսաստանի աստիճանական իսլամացման սկիզբը, որքան էլ հերոսական ջանքեր թափվեն՝ նոր սահմանադրության մեջ ամրագրելով «Աստված», «ընտանիք», «ռուսաց լեզու» պետականամիջուկ արժեքները:
Եվ սա դեռ վերջը չէ, եթե Ռուսաստանը չկարողանա նորովի վերագտնել ինքն իրեն: Եթե բելառուսների նման հանդարտ ու վերջին հարյուրամյակում ազգային ինքնության նշաններ ցույց չտված ժողովուրդը կարող է հայացքը հառել դեպի Լեհաստան ու Լիտվա, ապա որքան ավելի դյուրին է լինելու Ուկրաինային կպած Նախակովկասի կազակության անջատումը, որը տարուբերվում է իր ռուսական-ուկրաինական ինքնության ամպլիտուդում: Այս պարագայում միանգամայն ավելորդ է խոսել Հյուսիսային Կովկասի մահմեդական ժողովուրդների ամենահավանական հավակնությունների մասին, որոնք ցույց են տրվել միակցման ժամանակներից մինչեւ չեչենական նորօրյա պատերազմներ, որքան էլ որ հանճարեղ Պուշկինն ասի՝ «Ահա՛ Կովկասն իմ ոտքի տակ»:
Պատմության մեջ երեւի երկրորդ անգամ է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կարող են լինել բացառապես տարածաշրջանային իրակա՛ն դաշնակիցներ՝ առանց տիրոջ եւ վասալի ցայժմ եղած հարաբերության: 2008-2009թթ. ընդհատակում գտնվածս ժամանակ, երբ հրատարակեցի Լեոյի «Անցյալից» հուշագրությունը, նախաբանում արձանագրել էի. «…եթե անգամ եղել է պահ, որ ռուսներից երես ենք թեքել, ապա դա եղել է այն եզակի պահը, երբ պետք էր նրանց հետ լինել» (խոսքը 1920թ. սկզբի մասին է), մանավանդ որ մեզ այդ մասին բացահայտ խորհուրդ էին տալիս Ռուսաստանի ավանդական հակառակորդ անգլիացիները: Այժմ եւս Արեւմուտքը, մանավանդ մեր բոլոր պետական սայթաքումներին ըմբռնումով մոտեցած ԱՄՆ-ն, ոչ միայն չի խոչընդոտի, այլեւ կխրախուսի ցանկացած խելամիտ դաշնակցությամբ մեր նախաձեռնողական ինքնապաշտպանությունը. դրա վկայությունն է, որ ԱՄՆ (նաեւ՝ ԵՄ) – ՌԴ բազմապլան հակադրության պայմաններում միայն Արցախի խնդրում է, որ նրանք բացառիկ համերաշխություն են ցուցաբերում:
Իսկ դաշնակցությունը որոշվում է առաջին հերթին ընդհանուր մարտահրավերներով: Բայց այդ դաշնակցությունն այլեւս կարող է չենթադրել կամակատարություն. այդ դաշնակցությունն այլեւս չի կարող ՀՀ ԱԺ-ում ենթադրել ինչ-որ Կիսիլյովի կամ ռուս նախարարուհու լպիրշ դեմարշ մեր Հոգու առանցքի՝ հայոց լեզվի դեմ: Մեծ Մերձավոր Արեւելքի մեր հատվածում ուժային կենտրոնների մոտեցումների բացառիկ ներդաշնության այս վիճակից չօգտվելը ճակատագրական կարող է լինել: Մեզանից այժմ չպահանջվող ճամբարավորումը կամ խրամատավորումը միայն մեր շահերին է հարվածելու, եթե Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվենք: Պարզապես տնայնագործության, ազգային անվտանգության խամրած պատկերացումների փոխարեն ազգային-պետական առաջնահերթությունների հստակության պարագայում է, որ համաշխարհային եւ տարածաշրջանային ամենապայթյունավտանգ այս վիճակից կարող ենք ելնել ոչ միայն անկորուստ, այլեւ մեծապես շահած: Այսպիսի վիճակ գուցե այլեւս չկրկնվի, երբ մեր անկախության պահից մեր ամենամեծ դաշնակից եւ դոնոր ԱՄՆ-ի, մեր հարյուրամյա բարեկամ եւ այժմ Միջերկրականում ռազմածովային ուժեր կենտրոնացրած Ֆրանսիայի ներկայությունները խիստ առարկայական են, իսկ «փախչելու տեղ այլեւս չունեցող» Ռուսաստանը դատապարտված է մեր անկեղծ դաշնակիցը լինել, որը պատմության ընթացքում մեզ բազմիցս լքել է, իսկ մենք՝ երբեք, ու այսօր դարձել ենք նրա պետականության առաջնային երաշխավորներից:
Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Պահպանողական կուսակցության նախագահ
«Առավոտ» օրաթերթ
21.08.2020
Հարգելի պարոն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ,
Կարծում եմ՝ որպես կուսակցության ղեկավար, Դուք պետք է ոչ միայն տաք ինչ-որ պատմական «եզրահանգումներ», այլ նաեւ՝ ներկայացնեք կոնկրետ գործողությունների ծրագիր (ձեր կուսակցության տեսլականը դիվանագիտական հարթակում)։ Օդ կրակող ամորֆ հայտարարությունները («պետք է օգտագործել պատմական շանսը», «հայերը միշտ բոլորին օգնել են՝ եկել է սեփական ազգի մասին մտածելու ժամանակը») թողեք տաքիստներին։ Կոնկրետ՝ մենք այս հարցը տեսնում ենք այսպես եւ առաջարկում ենք այսպիսի լուծում։ Ես կարդում եմ ու որոշում՝ կամ՝ համաձայնում (նույնիսկ ադամագրվում կուսակցությանը), կամ՝ չեմ համաձայնում։ Այլապես իմաստը՞ լինել կուսակցության ղեկավար։ Ինչ վերաբերում է «եզրահանգմանը», որը խտացված է վերջին պարբերությունում, ապա դա, պարզապես, պատմական եւ ներկայիս փաստերի խեղաթյուրմամբ համեմված, հակառուսական հերթական «պատվերի» տպավորություն է թողնում։ Օգտվում ե՞ք ներկայիս հասարակության պատմությունը YouTube-ի բլոգերների տեսահոլովակներով ուսումնասիրող հատվածի տգիտությունից եւ «հրամցնում» թեզիսներ «սիրելի ԱՄՆ-ի», «հավատարիմ Ֆրանսիայի» կամ «անկյունում հայտնված Ռուսաստանի» մասին ու ստորագրում «կուսակցության նախագահ»՝ մտքերի կշիռը բարձրացնելու համա՞ր։ Չեմ ուզում դիսկուրսի մեջ մտնել, ուղակի հիշեցում՝ նավերը լեռներով չեն կարող լողալ։