Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ». Ռոմանոս Պետրոսյան

Օգոստոս 21,2020 23:15

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և Շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ։

Իմ հանձնարարությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար։

Առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած Դիլիջան ազգային պարկն ու Պարզ լիճը։

Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է։

Անընդունելի է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ մեկնելիս խաթարել էկոհամակարգը՝ անգամ աննշան մարդածին միջամտությամբ։

Մեկ անգամ չէ, որ կոչով դիմել եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը։

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել եմ աչալրջորեն մշտադիտարկման ենթարկել քաղաքացիներից ստացվող բոլոր ահազանգերը, հետևողական լինել և ինձ ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։

Հանձնարարել եմ բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։

Բնության պահպանությունն առնչվում է յուրաքանչյուրիս, իսկ շրջակա միջավայրի պահպանության մշակույթի ձևավորումը առողջ ու իրավագիտակից հասարակություն ունենալու կարևոր նախապայման է։

Ավելի հոգատար լինենք բնության հանդեպ, չէ որ պարտավոր ենք այն սերունդներին փոխանցել անվնաս»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31