Այսօր լրանում է 18-ամյա Դավիթ Անտոնյանի հացադուլը եւ ժամը 22:00-ին նա գնալու է տուն: Դավիթը ոչ է ասում ստամբուլյան կոնվենցիային, սակայն ոչ բոլոր կետերին: Aravot.am-ը զրուցեց երիտասարդի հետ:
-Բժիշկները տեղյա՞կ են հացադուլից:
-Այո: Օրը երկու անգամ գալիս, հետազոտում են: Այսօր էլ մինչեւ 22:00-ը կմնամ, կապացուցեմ, որ իրոք սնունդ չեմ ընդունել, այնուհետեւ կգնամ տուն:
-Հացադուլի իմաստը ո՞րն էր, երբ մի քանի օր առաջ այս նույն վայրում ստամբուլյան կոնվենցիայի մերժման եւ այլ պահանջներով հացադուլ էր անում աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, որին, ի դեպ, դուք էլ էիք այցելում:
Կարդացեք նաև
-Ցանկանում եմ իմ օրինակով ներկա իշխանությանը ապացուցել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կողմ չեն ստամբուլյան կոնվենցիային: Այս օրերին կարծիքներ եմ լսել եւ կա մեծամասնության պատկերացում, թե մի կոնվենցիա, որը կրում է «ստամբուլյան» անունը, միանշանակ Հայաստանի Հանրապետության թուլացում է ցույց տալիս այլ երկրներում: Կրկնում եմ, սա ոչ թե իմ, այլ քաղաքացիների կարծիքն է:
-Ստամբուլյան կոնվենցիայի ո՞ր կետերին եք անձամբ դեմ:
-Այն կետերին, որոնցով համասեռական զույգերի ամուսնությունը նույն իրավական հարթությունում է գտնվում, ինչ ավանդապաշտ տղա եւ աղջիկ ամուսնությունը: Դա համասեռականներին թույլ կտա օրինական ամուսնանալ Հայաստանի Հանրապետությունում եւ երեխա որդեգրել:
-Այսինքն, եթե համասեռականների ամուսնություն թույլատրվի այլընտրանքային կարգավորումների հարթությունում, դրան համաձա՞յն կլինեք:
-Ոչ:
-18 տարեկան եք: Բուհ ընդունվելու ցանկություն ունեցե՞լ եք:
-Ընդունվել եմ Եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, քաղաքագիտություն մասնագիտությամբ:
-Որեւէ քաղաքական կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ կամ համակի՞ր եք:
-Դավիթ Անտոնյանը որեւէ քաղաքական կուսակցության անդամ չէ, ոչ էլ ցանկություն ունի: Անգամ կուսակցության եւ հասարակական կազմակերպության անդամ ընկեր չունեմ:
-Դուք ընդունվել եք բուհ: Բայց բարձր միավոր վաստակած, սակայն բուհի կամ մասնագիտությունների ընտրությունը ճիշտ չգուշակելու պատճառով չընդունված հասակակիցների բողոքի ակցիաներին մասնակցե՞լ եք:
-Ակցիաները կազմակերպել է իմ հարազատ ընկերը: Սակայն ցույցերին չմասնակցեցի, քանի որ չէի տիրապետում խնդրին: Մինչեւ խնդրին ամբողջությամբ ծանոթացա, ցույցերն արդեն ավարտվել էին: Բացի դա, մտածում եմ՝ քաղաքի կենտրոնում մեծամասշտաբ հավաք իրականացնելը այնքան էլ ճիշտ չէ:
-Հարցս ավելի հստակեցնեմ: Ո՞րն եք բուհ ընդունվելու համար ավելի կարեւոր պայման համարում. գիտելի՞քը, թե՞ գուշակությունը:
-Միանշանակ՝ գիտելիքը: Արդարացի է եղել չընդունված դիմորդների պահանջը:
-Սեպտեմբերի 1-ը մոտենում է, ու բողոքի ակցիաները կարող են վերսկսվել: Հիմա, երբ արդեն խնդրին տիրապետում եք ու նոր օրենքն էլ ուսումնասիրել եք, հնարավոր ցույցերին կմասնակցե՞ք:
– Վստահ եմ՝ կառավարությունը չի թողնի, որ դիմորդները ցույց անեն եւ իմ սուբյեկտիվ կարծիքով մինչեւ սեպտեմբերի 1-ը այդ հարցը կլուծի:
-Տասնյակ ու հարյուրավոր դիմորդներ էին պայքարում կրթություն ստանալու իրենց իրավունքի համար ու ոչ ոք նրանց ականջալուր չեղավ, խնդիր չլուծեց:
-Շատ բաներ, որ ժողովրդավարական են համարվում, անտեսվում են կառավարության կողմից: Բայց իմ հավատը դեռեւս չեմ կորցնում: Հույս ունեմ, որ խնդիրը լուծելով՝ ներկայիս իշխանությունը կապացուցի իր ժողովրդավար լինելը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ