«Մենք տեղական դիտորդների զտիչ չունենք»,- Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկման ընթացքում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։
Նա նշեց, որ կուսակցությունները այդ փաստը օգտագործում են և գրանցում են անձանց որպես դիտորդների, սակայն տեղամասերում նրանց օգտագործում են իբրև վստահված անձանց․ «Դա առնվազն երկու անհավասարակշռություն է առաջացնում։ Մեկը, որ իրական տեղական դիտորդները, որոնք որ երբեմն բավական պատրաստված և բավական վերահսկողի դեր են իրականացնում պատրաստվածությամբ։ Հաճախ շփոթում են վստահված անձի դեր կատարող դիտորդների հետ։ Եվ երկրորդը՝ այն կուսակցությունները, որոնք որ ունեն ավելի շատ ռեսուրս թե՛ մարդկային, թե՛ ոչ մարդկային, ըստ էության, ստացվում է, որ տեղամասերում ունեն են ոչ թե մեկ վստահված անձ, այլ ավելի շատ ներկայացուցիչներ՝ դիտորդի դերում»։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը առաջարկեց տեխնոլոգիական միջոցներ կիրառել․ «Այն ջանքերը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թափում է դիտորդներին ձեռքով գրանցվելու վրա, և որևէ կերպ ստուգման չի ենթարկում։ Ասեմ ավելին՝ նույն դիտորդները հաճախ տարբեր դիտորդական կազմակերպությունների անունից են գրանցվում։ Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ կերպ չունի այդ լծակը կամ չի ստուգում։ Եվ կարծում ենք, որ դրա լուծումը պետք է տեխնոլոգիական լինի և էլեկտրոնային եղանակով գրանցվելով, ստուգվելով յուրաքանչյուր քաղաքացի ստանա որևէ մեկ կարգավիճակ՝ կա՛մ դիտորդ, կա՛մ վստահված անձ, կա՛մ հանձնաժողովի անդամ»։
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ այն հանգամանքը, որ դիտորդներին հնարավորություն է տրվում գրանցվել մինչև ընտրություններից 15 օր շուտ, բավականին լուրջ խնդիրներ է ստեղծում դիտորդական կազմակերպությունների համար։ Ըստ նրա, շատ հաճախ ընտրություններից մեկ օր առաջ են քաղաքացիները դիտորդություն իրականացնելու ցանկություն հայտնում, կամ հակառակը՝ հրաժարվում են դրանից։ Սոնա Այվազյանը առաջարկեց մինչև վերջին օրը գրանցվելու հնարավորություն տալ։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ