Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Շահինյան. «Աշակերտներին դիմակ կրել ստիպելով սերունդ են փչացնում»

Օգոստոս 21,2020 19:30

Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն այսօրվա մամուլի ասուլիսում խոսելով կորոնավիրուսի պատճառով հերթական անգամ երկարաձգված արտակարգ դրության նպատակների մասին՝ ասաց, որ այն, ինչով այսօր զբաղվում է վարչապետը, դա իրականում պիտի անեն համապատասխան ճյուղային կառույցները, գերատեսչությունները, նախարարությունները, ՏԻՄ-երը, մարզպետարանները:

«Այդ ամենը պիտի զեկուցվի վարչապետին, հաշվետվություն ներկայացվի, որպեսզի լինի ընդհանուր պատկերը: Մինչդեռ, այսօր անընդհատ երկարացվող արտակարգ դրության պայմաններում մայրաքաղաքի կենտրոնում դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար մարդկանց ստորացնելով ու նվաստացնելով բերման են ենթարկում, տուգանում են:

Հիմա էլ նոր ուսումնական տարում դիմակ կրել պարտադրելու են աշակերտներին: Ես ինքս ութ տարի դասավանդել եմ ու գիտեմ՝ ինչ է երեխան, ինչ է նրան դաստիարակելը, կրթելը, նրա կողքին լինելը: Մենք այսօր ուղղակի սերունդ ենք փչացնում: Աշակերտներին հիվանդացնելու ենք: Թթվածնի պակասությունը ի՞նչ հետեւանքներ կունենա նրանց շնչառության, թոքերի վրա: Փոխարենը, սկսած նախակրթարաններից, պետք էր մեծ ուշադրություն դարձնել ֆիզկուլտուրա, ռազմագիտություն առարկաների վրա, դաստիարակել հայրենասիրություն՝ դրանք ավելի խորացնելով կրթական հաստատություններում: Դրա փոխարեն այսօրվա իշխանությունը լրիվ ուրիշ ուղի է վերցրել: Մեր պետությունը, մեր ազգը, մեր անվտանգությունը այսօր խիստ վտանգի տակ է դրված: Ապագա սերունդների հարցերով ամենայն լրջությամբ պետք է զբաղվեն հասարակական, քաղաքական կազմակերպությունները, մանկավարժները, բժիշկները: Պետք է րոպե առաջ կազմակերպվել, պահանջել կառավարության հրաժարականը, ձեւավորել նոր կառավարություն: Այս իշխանությունը իր արտակարգ դրությունով, ընդունվող օրենքներով փորձում է հնարավորինս երկարաձգել իր կառավարման ժամկետը»,-ասաց Հովհաննես Շահինյանը:

«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը անդրադառնալով վերջին օրերին կրկին սկսված վարչապետի մարզային այցերին, հիշեց Փաշինյանի այն արտահայտությունը, թե մարդիկ իրենց տան դիմացի ասֆալտն անելու համար ուզում են վարչապետին տեսնել, որպեսզի նա այդ հարցը լուծի: Նա փորձում էր ներկայացնել, թե վարչապետը բոլոր հարցերը չի կարող լուծել:

«Բայց ինչի՞ց է դա եկել: Ես ասել ու հիմա էլ ասում եմ, որ մեր երկրում եւ քաղաքաշինության եւ անվտանգության եւ ներքին գործերի, առողջապահության, սննդի անվտանգության, ԺԷԿ-ի, մանկապարտեզի եւ բոլոր-բոլոր հարցերով զբաղվում է մեկ մարդ: Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Եթե բոլոր հարցերով ինքն է զբաղվում, բա էս ուռճացված համակարգն, աշխատակազմերն ո՞ւմ համար ենք պահում: Մինչդեռ, իշխանության գալու ճանապարհին ասում էին, թե պետական կառավարման համակարգում պետք է բարեփոխումներ անեն: Հերիք չի, որ բարեփոխումները չարեցին, կատարեցին հակառակը. ատելություն սերմանեցին հասարակության մեջ, հայկական, հոգեւոր արժեքների դեմ սկսեցին լայնածավալ արշավ, հերոսների կերպարը սկսեցին քայքայել ներսից:

Այս ամենը մենք ապրեցինք այս երկուսուկես տարում: Իսկ այսօր վեր է կենում ու ասում՝ անգլերեն չիմանաս՝ մոշ չես կարող աճեցնել: Կամ, ինչ-որ տեղ տեսնելով, որ լավ ջերմոցում մոշ, ելակ են աճեցրել, հայտարարում է, թե տեսեք, բոլոր պայմանները կան, մեր խնդիրը կլիմայի լավ ինժեներ ունենալն է, որպեսզի 500 կամ 1000 եվրոյով գա աշխատի: Բայց եղբայր, դու ի՞նչ կապ ունես այդ ջերմոցների, ներդրումների հետ: Դու մի կառավարության ղեկավար ես, որի օրոք զրո ներդրում է եղել», ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31