ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երևանի 36 և 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի:
Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հաճախորդի և աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը ևս դրսևորել է խուլիգանական վարքագիծ: Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 3 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 և 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Կարդացեք նաև
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին