Սեւանա լճում արգելվել է սիգի որսը, ինչի պատճառով ձկնորսները երկկողմանի փակել էին Սեւան-Երեւան մայրուղին: Ավելի ուշ նրանք բացեցին ճանապարհը՝ նշելով, որ կառավարության, Շրջակա միջավայրի նախարարության եւ մարզպետարանի ներկայացուցիչների հետ են հանդիպել, ու իրենց խոստացել են վերջնական պատասխան տալ երեքշաբթի օրը: Ձկնորսները հայտնեցին, որ իրենց ցանցերն առավոտյան հավաքել էին, ոմանց տուգանել 200 հազար դրամի չափով:
«Մինչեւ երեքշաբթի կաշխատենք այնպես, ինչպես աշխատել ենք, ազգային պարկի, բնապահպանության նախարարության եւ մարզպետի հետ ենք պայմանավորվել, բայց մի ամբողջ մարզի հարցը ինչ-որ տեղակալ կամ մարզպետ չպետք է տա, նույնիսկ վարչապետի լուծելու հարցն է սա»,-ասաց նրանցից մեկը:
«Մարդ կա, որ մինչեւ երեքշաբթի իրա երեխու հացը նիսյա պիտի տանի կամ էլ պիտի էս ավտոները թալնի՝ տանի»,-նեղսրտել էր մի ուրիշ ձկնորս: Նրանք պնդում էին, որ իրենց հետ ոչ ոք ոչինչ չի քննարկել, պատիժներն էլ անակնկալ են եղել:
«Հիմա մեր առաջարկը իրենք լսել են, չգիտեմ՝ ընդունելի ա, թե՞ չէ, եթե չեն ուզում էս ծովով աշխատենք, թող պատ քաշեն, էն, որ գրած ա «Գեղարքունիքի մարզը ողջունում է», գրեն «Գեղարքունիքի մարզը չի ողջունում», մենք էլ իմանանք մեր անելիքը… Հո, սաղ նախարար չե՞ն, որ երկու հազար դրամով ձուկ ուտեն»,-ասաց ցուցարարներից մեկը:
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տասնվեց տարի անց, առաջին անգամ կիրառվում է նոր կարգը, որը նախատեսում է հատուկ կանոններ, այդ թվում՝ ցանցի չափ, ձկան քաշ եւ այլն: Նրա խոսքով, սա երկար տարիներով չկարգավորված ոլորտ է, երկու օր է՝ կարգը գործում է, եւ քաղաքացիներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում: Ըստ մարզպետի, նրանց առաջարկվել է բոլոր հարցերը ձեւակերպել՝ Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելու համար, որպեսզի բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն:
Մարզպետը հավաստիացրեց, որ կարգի կետերի մի մասը ձկնորսների առաջարկով է մտցվել, թեեւ ձկնորսները պնդում են, որ իրենց ոչ ոք չի լսել: Նրանք պատրաստ են չորեքշաբթի սկսել բողոքի գործողությունները, եթե պատասխանը չգոհացնի իրենց: Նաեւ պատրաստ են որոշակի գումար մուծել ու զբաղվել ձկնորսությամբ: Ձկնորսները կարծում են, որ Սեւանի կանաչելը սիգի եւ իշխանի որսի հետ կապ չունի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ