Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանն ամբողջությամբ չի գիտակցում այն դերն ու պատասխանատվությունը, որը բխում է իր պաշտոնից. Արման Բաբաջանյան

Օգոստոս 21,2020 17:52

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե ինքը պատասխանատու չէ անցած տարիներին, տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած արատավոր երևույթների համար։ «Ես, բնականաբար, չեմ պատրաստվում երեք տասնամյակ կուտակված հարցերի պատասխանատվությունը անձամբ կրել»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի այն հարցի, թե ինչու իշխանությունը հրաժարվեց արդարադատական համակարգը դասական վեթինգի ենթարկելու գործընթացից, միևնույն ժամանակ՝ հանրության համար վեթինգը փոխարինող գործառույթներն այդպես էլ մշուշոտ մնացին: Օգտատերը նաև նկատել է, որ նախկինում տարբեր կոռուպցիոն սխեմաներում մասնակցություն ունեցած դատավորները շարունակում են պաշտոնավարել ու կայացնել կասկածելի վճիռներ։

Եվ ահա, այս հարցերին ի պատասխան, արդարադատության նախարարը հայտարարում է, թե ինքը պատասխանատու չէ անցած երեսուն տարիների համար։ Նրա այս հայտարարությունը ամենամեղմ ձևակերպմամբ կարելի է որակել որպես անպատեհ, ինչը վկայում է, որ Ռուստամ Բադասյանն ամբողջությամբ չի գիտակցում այն դերն ու պատասխանատվությունը, որը բխում է իր պաշտոնից։ Իսկ Բադասյանը հեղափոխական իշխանության արդարադատության նախարարն է, ինչը ենթադրում է, որ նա արդարադատության ոլորտում պետք է իրականացնի այն ակնկալիքներն ու սպասելիքները, որոնք քաղաքացիներին դրդել են 2018 թվականին հեղափոխություն իրականացնել։ Իսկ այդ ակնկալիքներն առաջին հերթին ու առավելապես վերաբերում էին ու ե՛ն հենց արդարադատության համակարգին, արդարության վերականգնմանը ու արդարության հաստատմանը, որին փաստորեն գործող իշխանությունը՝ ի դեմս Ռուստամ Բադասյանի, փորձում է հասնել նաև նախկինում կոռուպցիայի ու հանցավորության մեջ թաթախված դատավորների միջոցով։ Դա, իհարկե, ուղղակիորեն չի ասվում, սակայն հենց այդ մոտեցումն է բխում «պատասխանատու չեմ երեսուն տարվա համար» բադասյանական հայեցակարգից։

Ու հենց այդ մոտեցումն ու հայեցակարգն է հնարավոր դարձրել, որ Բադասյանի անմիջական դերակատարմամբ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանի իշխանության ամենակոռումպացված ու արատավորված դատավորներից մեկի որդուն, հենց դա է հնարավոր դարձրել իրողությունը, որ Դատավորների ընդհանուր ժողովը կրկին ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրում նույն Սերժ Սարգսյանի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակված ու ավելի քան տասը տարի այդ պաշտոնում պաշտոնավարած, որպես դրա հետևանք դատական համակարգի խայտառակ վիճակի համար անձնական պատասխանատվություն կրող Երվանդ Խունդկարյանին։

Դա հանցավոր ու անընդունելի է դառնում, որովհետև դատական համակարգում ևս, ինչպես Ռուստամ Բադասյանը, մտածում են, որ «պատասխանատու չեն անցած երեսուն տարիների համար»։ Այս մոտեցումը, սակայն, որն իրականում փիլիսոփայական ու գաղափարաբանական մոտեցում է, իր բնույթով ուղղված է հեղափոխության, հեղափոխության արժեքների ու հռչակումների դեմ։ Քանի որ երկու տարի առաջ հայ հասարակությունը հեղափոխություն է արել առաջին հերթին ու նաև այն բանի համար, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել անցած երեսուն տարիների համար, պատասխանատվության ենթարկվեն օրենքի տառին ու ոգուն համաձայն։ Եվ դա հայ հասարակությունը պետք է ու կարող է պահանջել այն գերատեսչություններից ու դրանց ղեկավարներից, որոնց նշանակել է հեղափոխական իշխանությունը։

Մինչդեռ այդ պաշտոնյաները նման հայտարարություններով իրենց դուրս են դնում այդ հարթությունից, այն հարթությունից, որում քաղաքացին կարող է հանդես գալ որպես հեղափոխության իրավատեր ու պահանջատեր։ Իսկ այդ պահանջները վերաբերում են ինչպես անցած երեսուն տարիներին թույլ տրված անարդարությունների, ապօրինությունների բացահայտմանը, այնպես էլ այնպիսի պայմանների ստեղծմանը, որ չգործվեն նոր անարդարություններ ու նոր ապօրինություններ։

Բայց Ռուստամ Բադասյանի և այլ պաշտոնյաների կողմից հնչող նմանօրինակ հայտարարությունները ավելի են խորացնում անարդարությունների պատճառով հասարակության ու պետության միջև ստեղծված անդունդը, այն լցնում են նոր անարդարություններ գործելու պատրաստ անուններով, ինչպիսին էր, օրինակ, Վահրամ Ավետիսյանը, և ինչպիսին է, օրինակ, Երվանդ Խունդկարյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31