Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Հայտարարիր, որ նախկինների բոլոր ստորագրածները ճղում, գցում ես ու սկսում նոր էջից»

Օգոստոս 21,2020 17:32

Երիտասարդ հայ կանանց՝ հացադուլը դադարեցնելու հորդորներին տեղի տված լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը իրեն լավ է զգում եւ առողջության հետ կապված խնդիրներ չունի:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում աշխարհի նախկին չեմպիոնն ասաց. «Կրկին տեսա, թե ինչ կանայք ունենք, եւ հայի արգանդը դեռ չի չորացել: Ավելի ոգեւորվեցի եւ ոգեշնչվեցի: Կարեւորը ֆիզիկական ուժը չէ, հոգեպես ուժեղ լինելն է կարեւոր: Եվ մեր հայ կանայք ինձ հոգեպես ավելի ուժեղացրին: Ես չէի կարող թույլ տալ, ինձ չէի ների, եթե հայ կանայք, հայ մայրերը ինձ հետ, իմ կողքին հացադուլ անեին: Դրա համար որոշեցի դադարեցնել հացադուլը:

Բայց ես նաեւ զգացի, որ ուսապարկով եւ կեպիով հիպնոսացած հայ ազգը աստիճանաբար արթնանում է կյանքում բան չտեսած այս ինքնասիրահարվածների, իրենք իրենցով հիացածների այս միֆից: Ես հիշում եմ, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե ամեն ինչ ջնջելու է ու սկսելու է իր՝ նոր էջից: Հիմա ես հարցեր եմ բարձրացնում: Հներն են նախապատրաստել Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները: Հիմա դիմում եմ Նիկոլին: Իրականում ցույց տուր, որ դու նոր էջից ես սկսում: Հայտարարիր, որ նախկինների, որոնցից այդքան զզվում ես, ստորագրածները պատռում, շպրտում ես ու սկսում ես նոր էջից»:

Aravot.am-ը Իսրայել Հակոբկոխյանին հարցրեց. «Դուք հարյուրավոր անգամներ մտել եք ռինգ, բայց ոչ մի անգամ դիրք չեք զիջել: Իսկ օրեր առաջ ձեզ «հաղթեցին» երիտասարդ հայ կանայք: Ի՞նչը կհաղթի հերոսին, թե չլինեն կինն ու գինի՞ն», ինչին աշխարհի չեմպիոնը պատասխանեց. «Հայ կինն ինձ միշտ էլ հաղթող է եղել: Ես միշտ հանուն հայ կանանց պատրաստ եմ ցանկացած զոհողության»:

Իսրայել Հակոբկոխյանին հացադուլը դադարեցնելու կոչի մասնակիցներից «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը հավելեց. «Ճիշտն ասած, չէինք հավատում, որ Իսրայել Հակոբկոխյանը տեղի կտա: Մտածում էինք, թե լավագույն դեպքում որոշակի զիջումների կգնա: Բայց իր քայլով մեր լեգենդար մարզիկը ցույց տվեց, թե իսկական հայ տղամարդը, որքան կնամեծար է, ապացուցեց, որ հայ տղամարդը երբեք թույլ չի տա, որ կինը առաջնագծում լինի: Նա ասում է՝ դուք եղեք խթանը, ես կկռվեմ առաջնագծում: Այնպես որ, պարոն Հակոբկոխյանն այդ օրը ոչ թե տեղի տվեց, այլ հաղթեց, ինչի համար մենք շնորհակալ ենք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31