Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Դաշնակցության կատարած հետևողական աշխատանքը համահայկական խնդիրների լուծման գործում՝ հատկապես ընդգծելով Արցախի անկախության կերտման դժվարին ճանապարհին և հետագա ձեռքբերումներում կառույցի ներդրած զգալի ավանդի մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են լիբանանահայությանն աջակցելուն, անհրաժեշտության պարագայում՝ նրանց հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև Հայրենիքի անվտանգային համակարգին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող մի շարք առանցքային հարցեր:
Արմեն Ռուստամյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել նաև անցած տարի Ստեփանակերտում անցկացված «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ընդունած հռչակագրի դրույթները: Արայիկ Հարությունյանը հավաստիացրել է, որ հետևողական է լինելու ազգային ու պետական շահերի համատեքստում դրանց կյանքի կոչման գործում:
Կարդացեք նաև
Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմ
«Առավոտի» կողմից հիշեցնենք, որ ավելի վաղ մեկնաբանելով, թե ինչու Արցախի նախագահը չի հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահին՝ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը մասնավորապես գրել էր. «Արցախի Հանրապետության նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ, բացի ծանրաբեռնված օրակարգից, Նախագահ Հարությունյանի համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը»: