Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանի և Իրանի համար՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունը, որպես էներգիայի արտադրության և փոխանցման աղբյուր

Օգոստոս 21,2020 16:12

Չինաստանը երկարաժամկետ ծրագրեր ունի Մերձավոր Արևելքի տարածաշրջանի արաբական երկրների, այդ թվում, Իրանի, Օմանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի այլ անդամների հետ, ընդլայնելու իր տնտեսական և էներգակիրների մատակարարման համագործակցությունը: Որպես միջազգային առևտրային տերություն, Չինաստանը խիստ կարիք ունի բաց միջազգային ուղիների, քանի որ դրանց միջոցով կատարվում է այդ երկրի առևտրի 90% -ը: Աշխարհի հետ Չինաստանի հիմնական առևտրային ուղիները Մալաքայի, Հորմուզի, Բաբ էլ-Մանդեբի և Ջիբրալթարի նեղուցներն են: Չինաստանի նավթի կեսը և բնական գազի մեկ քառորդը անցնում են Հորմուզի նեղուցով, որի ծավալները առաջիկա տասնամյակների ընթացքում կավելանան ներքին սպառման աճի պատճառով: Իսկ ակնհայտ է, որ Իրանը առանցքային դեր է խաղում Պարսից ծոցի անվտանգության ապահովման գործում: Այս հարցը ընդունվում է որոշ խոշոր տերությունների կողմից, որոնց շահերը չեն համընկնում ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությանը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Հատկապես երբ նկատի առնենք, որ Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը 2019-ին Իրանի նավատորմի հետ անցկացրել են ծովային մեծ զորավարժություններ Չաբահարի նավահանգստի մոտակայքում և Օման ծովի ջրերում: Նրանք կարևորել են Իրանի առանցքային դերն այս տարածաշրջանի անվտանգության ապահովման հարցում։

ԻԻՀ-ի կողմնորոշումը Չինաստանի հետ մենաշնորհային առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման և ռազմավարական համագործակցությունների ընդլայնման և էներգետիկայի ոլորտում ներդրումային համատեղ նախագծերի իրականցումը բախվում են մի շարք տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների շահերին: Այս մարտահրավերներից մեկը Չինաստանի և Ռուսաստանի միջև անմիջականորեն ընդլայնվող ռազմավարական կապն է: Մյուսը ԱՄՆ-ի և Պարսից ծոցի արաբական երկրների մասնավորապես Սաուդյան Արաբիայի դեմ ուղղված մարտահրավերներն են։

Մյուս կողմից, պետք է նկատել տալ, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև տնտեսական հարաբերությունները պետք է կարգավորվեն այնպես, որ Հարավչինական ծովում, Խաղաղ Օվկիանոսում և Թայվանի նեղուցում երկու տերությունները կարողանան ստեղծել ռազմավարական հավասարակշռություն, որպեսզի Միացյալ Նահանգները չկորցնի Չինաստանի վրա ազդելու և Չինաստանին կախված իշխանություններին հավասարակշռելու հնարավորությունը: Այս համատեքստում Ռուսաստանը սատարում է Թրամփի նախագահության շարունակմանը` Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը նոր առևտրատնտեսական և տեխնոլոգիական սառը պատերազմի փուլում սրելու համար: Այս խառն իրավիճակը մեծ առավելություններ ունի Ռուսաստանի համար, և դա Չինաստանի տնտեսական աճի արգելակելն է, և Չինաստանը կարող է անհրաժեշտ զիջումների գնալ Ռուսաստանի դիմաց՝ կապված ԵԱՏՄ-ի և Մետաքսի նոր ճանապարհի նախագծի հետ:

Միջազգային և տարածաշրջանային բարդ իրավիճակում հայտնված Իրանն՝ իր աշխարհագրական դիրքի պատճառով անխուսափելիորեն ազդվում է մեծ տերությունների ռազմավարական համաձայնագրերի և մրցակցությունների դաշտում։ Հետևաբար` Իրանը փորձում է իր հարաբերությունները հավասարակշռել Արևելքի և Արևմուտքի տերությունների հետ, հակառակ դեպքում դա կարող է երկարաժամկետ կտրվածքով լուրջ վնաս հասցնել Իրանի պետական շահերին և տնտեսական զարգացմանը:

Հետևաբար, Իրանի և Չինաստանի, կամ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համաձայնագրերի կնքումը կայացել է, մի կողմից Ռուսաստանի և Չինաստանի մրցակցության համատեքստում, իսկ մյուս կողմից Իրանի և ԱՄՆ-ի հակամարտության դաշտում և ինչ-որ չափով կրող է հավասարակշռել երեք համաշխարհային և տարածաշրջանային ուժերի միջամտությունները տարածաշրջանում և թուլացնել ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա գործադրվող տնտեսական ճնշումների ազդեցությունը: ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը այս պահին չունի հստակ քաղաքական տեսլական Իրանի համար և Թրամփի վարչակազմը գործում է պարագայաբար, առանց որոշակի քաղաքականություն որդեգրելով Իրանի ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ: Վաշինգտոնի քաղաքականությունը ներկայումս միայն կենտրոնացված է Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերի կանխման վրա, այն էլ պատժամիջոցների գործիքակազմով, որն փաստորեն չի հանգել ցանկացած արդյունքի։

Հատկանշական է, որ ըստ էության, աշխարհի գերտերությունները՝ սկսած Բրիտանիայից մինչև Ռուսաստան, իսկ այժմ ԱՄՆ-ն և Չինաստանը, մրցակցության և համագործակցության առումով չունեն հաջողված քաղաքական մոդել և նրանց միջև լարվածությունն ու մրցակցությունը թույլ չեն տվել, որ նրանք կարողանան միասնաբար կամ առանձին որոշակի քաղաքականություն որդեգրել Իրանի նկատմամբ:

Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ Պարսից ծոցի հարավային ափի արաբական երկրների քաղաքականությունն անքակտելի կապի մեջ է ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության հետ:

ԱՄՆ-ը, ներկա պահին Հորմուզի տարածաշրջանում իր ներկայությունը փորձում է ամրապնդել, որպեսզի առաջին հերթին կարողանա վերահսկել տարածաշրջանի էներգակիրների տարանցումը նավթի միջազգային շուկաներ: Երկրորդ հերթին, ԱՄՆ-ը փորձում է հսկել իր մրցակից Չինաստանին, քանի որ Միացյալ Նահանգները, կամ յուրաքանչյուր այլ երկիր, կարող է վերահսկելով նավթակիրների ուղղությունը, կանխել Չինաստանի տնտեսական զարգացումը: Մյուս կողմից Պեկինը ցանկանում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի վերահսկողությունը հնարավորինս արագ ավարտվի ու հարմար պայմաններ ստեղծել Պեկինի առևտրական ու տնտեսական գործունեության համար: Այդ նպատակով, Չինաստանը ներդրումներ է արել Իրանում, Օմանում, Սաուդյան Արաբիայում ԱՄԷ-ում ու Ջիբրալթարում, որպեսզի ավելի ակտիվ ներկայություն ունենա տարածաշրջանում:

Իսկ Պարսից ծոցի վերաբերյալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության մասին պետք է ասել, որ 2011թ-ից ի վեր, երբ ԱՄՆ-ը ուղղակիորեն չէր միջամտում տարածաշրջանի ներքին գործերին, Մոսկվան փորձեց իր տեղը գտնել Մերձավոր Արևելքում, և արաբական դաշնակից երկրներում ինչպես՝ Սիրիայում և Սաուդյան Արաբիայում: Մյուս կողմից, տարածաշրջանի արաբական երկրները, ինչպիսիք են Կատարը և ԱՄԷ-ը վերջին տարիներին հրաժարվել են Ռուսաստանի հետ մրցելուց և փորձում են ավելի շատ համագործակցել այդ երկրի հետ:

Կապված Պարսից ծոցի ռազմավարական կարևորությանը էներգակիրներ ներկրող այլ տերությունների համար, այդ թվում՝ Ռուսաստանն ու Չինաստանը, ԱՄՆ-ի ռազմանավերի ներկայությունն իրենց նավերի կողքին, սպառնալիք են համարում Պարսից ծոցի էներգակիրների անվտանգության համար:

Բրիտանիան ու Ֆրանսիան նույնպես հետևում են ԱՄՆ-ի քաղաքականությանը: Նրանք արաբական երկրների նավթի ու գազի հիմնական գնորդներն են: Ֆրանսիան Աբու Դաբիում ունի ռազմակայան: Բրիտանիան հին անցյալ ունի Պարսից ծոցում, որը վերաբերում է 19-րդ դարին: Այսօր ևս Բրիտանիան դեմ է Պարսից ծոցում նոր համակարգի ձևավորմանը և տարածաշրջանում անվտանգության ոլորտի համագործակցությունները հակասում են այդ երկրի քաղաքականությանը:

Վերջին ամիսներին մեկնարկել է Թեհրանի և Պեկինի միջև 25-ամյա բազմակողմանի համագործակցության համապարփակ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցությունները: Այս փաստաթուղթը հաստատվելու դեպքում կհամարվի ճանապարհային քարտեզ, որը կներկայացնի, Իրանի և Չինաստանի երկկողմ համագործակցությունների զարգացման գործընթացը քաղաքական, տնտեսական, ռազմական, էներգետիկ, տեխնոլոգիական և մշակութային տարբեր ոլորտներում:

Հետևաբար, կասկած չկա, որ տարածաշրջանում Իրանի ռազմավարական դիրքի մասին քաջ գիտակցում է Չինաստանը, և Թեհրանը կարող է տարբեր ոլորտներում, ներառյալ քաղաքականության, կապի, ազատ առևտրի, ֆինանսական կոնվերգենցիայի և այլ ոլորտներում և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում համագործակցել Պեկինի հետ:

Հաշվի առնելով, որ ԱՄԷ-ը և Սաուդյան Արաբիան, որպես Պարսից ծոցում Չինաստանի էներգետիկ գործընկերներ գտնվում են ԱՄՆ ճամբարում՝ չի բացառվում, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև տնտեսա- առևտրական լարվածությունները սրվելով, Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը, հետևելով ԱՄՆ-ի քաղաքականություններին, պատժամիջոցներ կիրառեն Չինաստանի նկատմամբ և կամ՝ ընդլայնել իրենց էներգետիկ և միջուկային համագործակցությունը Պեկինի հետ չեզոքացնելու Իրանի ձգտումները այդ ոլորտներում:

Անկասկած, Չինաստանը և Իրանը հետապնդում են իրենց տնտեսական շահերը, և Իրանն այլ երկրների և հատկապես ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները ամրապնդելով ձգտում է ուժեղացնել իր փոխգործակցությունը մեծ երկրների հետ ,հետևելով հաղթանակ-հաղթանակ ձևաչափով քաղաքականությանը:

Այս բոլորի համատեքստում Հայաստանի համար ևս խիստ կարևոր է ստեղծված առիթն օգտագործելով՝ անմիջական դիվանագիտական բանակցություններ վարել Պեկինի և Թեհրանի հետ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կամ մետաքսի նոր նախագծին և դեպի ԵԱՏՄ անդամ երկրները ու նաև Եվրոպա միացնող էներգակիրների խողովակաշարի և տրանզիտ ճանապարհի համատեղ նախագծերին միանալու համար։

 

Սահակ ՇԱՀՄՈԻՐԱԴՅԱՆ

ԻՐԱՆ-ԹԵՀՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31