Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՛վ հասարակական, և՛ մշակութային, և՛ կրթական ոլորտներում մենք սովորելու շատ բան ունենք, բայց ուղղակի վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը, թե դասագիրքը, շատ վտանգավոր եմ համարում»․ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ

Օգոստոս 21,2020 16:02

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները մտավորականների հետ: Այս անգամ նախագահը հյուրընկալել է ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանին, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանին, «Հայեր» մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանին:

Հանդիպման մասնակիցները, մասնավորապես, ընդգծել են մշակույթի ոլորտում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, կարևոր համարել ժամանակին համահունչ քայլելը։

Անդրադարձ է կատարվել նաև կրթության ոլորտում իրականացվող փոփոխություններին՝ առանձնահատուկ համարելով կրթության առաջնային դերը երկրի զարգացման գործում: «Կրթության համակարգը շատ զգայուն է, պետք է հազար անգամ չափել, նոր կտրել,- մասնավորապես ասել է նախագահ Սարգսյանը։- Եվ՛ հասարակական, և՛ մշակութային, և՛ կրթական ոլորտներում մենք սովորելու շատ բան ունենք, բայց ուղղակի վերցնել և արտապատկերել երկրի սահմանադրությունը, թե դասագիրքը, շատ վտանգավոր եմ համարում։ Ցանկացած ազգ և ժողովուրդ պետք է ունենա անփոփոխ չափանիշներ, արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չպետք է փոխվեն։ Ինչ էլ, որ ներկայացնենք աշխարհին, պետք է մեր մեջ եփված լինի»։

Նշելով, որ այսօրվա աշխարհն էապես տարբերվում է նախորդից, իսկ նախորդ աշխարհը ոչ թե 100, այլ սրանից 20 տարի առաջ էր’ Արմեն Սարգսյանն ասել է. «Հսկայական քանակությամբ ինֆորմացիա կա։ Եթե կարողանում ես այդ ինֆորմացիան մարսել, համակարգել և դրանից հետո նաև համապատասխան եզրակացությունների գալ, մշակել ծրագիր և ըստ ծրագրի աշխատել, այդ դեպքում դառնում ես անհատ, որ գիտի, թե ուր է գնում, բիզնես, որ գիտի, թե ուր է գնում, մշակույթ, որ գիտի՝ ուր է գնում և երկիր, որ գիտի՝ ուր է գնում։ Մեր հիմնական խնդիրներից մեկն է՝ այս անորոշության պահին հստակ հասկանալ, թե մենք ով ենք և ուր ենք գնում։ Եթե դա լավ պատկերացնենք՝ այդ դեպքում իրավիճակը մեր օգտին է լինելու։

Մեզ համար շատ էական է նախ հասկանալ փոփոխված աշխարհը, այն լավ ճանաչել և երկրորդը՝ ունենանք մեր տեղը, գոնե տեսլականը, թե որտեղ ենք ուզում լինենք։ Եթե տեսլական ունենք, պետք է դրան համապատասխան ծրագիր լինի, այնուհետև՝ գործողությունների ցանկ։

Իհարկե, ինչպիսի որոշում էլ վերջում ընդունենք, միևնույն է, գալու ենք նույն տեղը, որ մշակույթը, կրթությունը, գիտությունը և ժամանակակից լինելն էական են։ Մենք կարող ենք հաջողակ լինել, եթե ներդաշնակ լինենք այսօրվա աշխարհի հետ»։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31