Վստահորդիս պատմածը.
Համավարակից ամիսներ առաջ բանկից ստացել է հարյուր միլիոն դրամի վարկ: Ասում է՝ օրական ռեժիմով զանգում, առողջությունն են հարցնում, արկղերով, իբր հատուկ հաճախորդի, ուղարկել են տարբեր հիգիենիայի պարագաներ, այդ թվում՝ բարձր որակի դիմակներ: Այնքան են ձանձրացրել, որ ցանկանում է օրենքով սահմանված կարգով և չարգելված եղանակով դադարեցնել հարաբերությունները բանկի հետ, այդ թվում՝ վճարումները:
Սպորտային հետաքրքրություն առաջացավ՝ փորձել իրավական լուծում գտնել:
Իսկ հիմա մեր օրերի մյուս իրականությունը. Այսօր ընդունեցի բանկի պարտապանների, ովքեր օրենքով, դատարանով, հարկադիրով կորցրել էին ամեն ինչ և դարձել օրենքով բոմժ: Ըստ հավաստի տեղեկատվության՝ բնակչության զգալի հատվածն ընկել է բանկային վարկերի ու պարտքերի տակ: Սա աղետ է, պետական անվտանգության հետ կապված խնդիր, որը չի կարող տևական շարունակվել:
Կարդացեք նաև
Վերջին հաշվով, իրավունքի տեսակետից առկա է ակնհայտ անհավասար, պարտադրող մոտեցում բանկի և անձանց միջև պայմանագրային հարթության մեջ, իսկ առերևույթ պայմանագրի ազատությունն ու մնացյալ իրավական նորմերները գործում են ձևական: Ուզում ես ուզի, չես ուզում՝ ուզի: Արդյունքում բարձր տոկոսներ, տևական տույժեր ու տուգանքներ, պետության անգործություն և քաղաքացիների գերակշիռ մասը վարկերի ու պարտքերի տակ է: Պետք է աշխատի, որ բանկը գերշահույթներ ստանա:
Փաստում եմ՝ բանկ կոչվող հիմնարկն ընդամենը փող վաճառող կառույց է և ոչ ավել: Վերանայեք ձեր տոկոսները, տույժերը, կիրառեք դրամային համաներում: Հակառակ պարագայում, իրավունքի ուժով կարող է տրվել իրավական գնահատական, ինչպես քաղաքացիական հարթակում՝ անհիմն հարստացում, այնպես էլ՝ քրեաիրավական, որտեղ ըստ վարույթն իրականացնող մարմնի ստեղծագործական ջիղի, հոդվածները կարող են թվաբանական պրոգրեսիայով աճել: Իսկ եթե բանկերին ապահովագրող ու պաշտպանող գործող օրենքները խոչընդոտ կհանդիսանան, իրավունքի ուժով կարող են ճանաչվել հակասահմանադրական:
Եթե մինչև տարեվերջ առարկայական փոփոխություններ չլինեն ՀՀ քաղաքացու և բանկերի միջև և քաղաքացին չի ձերբազատվի մայր գումարները մի քանի անգամ գերազանցող տոկոսներից, տույժերից ու տուգանքներից, 2021 թվականի փետրվարից իմ կողմից ղեկավարվող գրասենյակը սկսելու է իրավական գործընթաց՝ տալու փող վաճառող և գերշահույթներ ստացող բանկ կոչվող հիմնարկների իրավական գնահատականը, ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ քրեական:
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն