Այսօր Եղեգնուտի բնակիչները իրենց բողոքի ցույցը տեղափոխել էին մայրաքաղաք: Նրանք գյուղի մի քանի տասնյակ բնակիչներով եկել էին կառավարություն՝ իրենց խնդիրը անձամբ, առանց միջնորդների վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացնելու: Ասում են՝ մարզպետին կամ որեւէ այլ պաշտոնյանի չեն վստահում, քանի որ նրանք տեղեկատվությունն աղավաղված են վարչապետին հասցնում:
Արդեն երկրորդ ամիսն է Եղեգնուտում կրքերը չեն հանդարտվում այն բանից հետո, երբ իմացել են, որ դատարանի վճռով համայնքը 30 տարի ղեկավարած նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը վերադառնում է պաշտոնին: Գյուղի բնակիչների մեծ մասը ոտքի են կանգնել ու այդ օրվանից ի վեր ցույցեր են անում. Նրանք որեւէ կերպ չեն համակերպվում դատարանի այդ որոշմանը: Պնդում են՝ գյուղապետ Մարգարյանի օրոք «որդնած ջուր են խմել, անբարեկարգ ճանապարհներ են ունեցել, գյուղում լուսավորություն չի եղել, ոչ մի ծրագրից չեն օգտվել»: Սակայն, երբ 2018-ին ժողովրդի ճնշման ներքո նա հրաժարական է տվել, պաշտոնակատարը 2 տարվա ընթացքում համայնքում այնքան շատ աշխատանք է կատարել, որ 30 տարվա ընթացքում չի եղել: Ասում են՝ գյուղը լուսավորվել է, ջուրը՝ 24 ժամ է դարձել, ճանապարհները բարեկարգվել, մարդկանց մեջ թշնամանքն իրար նկատմամբ՝ վերացել:
Ինչպես այսօր կառավարության առաջ ցույց անող եղեգնուտցիներն էին նշում, բան ու գործ թողած՝ ընկած են մարզպետարանի դռները, որպեսզի պաշտպանեն բարեկեցիկ ապրուստ ունենալու իրենց իրավունքը, ինչը նրանց կարծիքով, հնարավոր է միայն նախկին գյուղապետին հեռացնելու դեպքում: Եղեգնուտցիները չեն հասկանում՝ ինչո՞ւ է մարզպետը պաշտպանում Ռազմիկ Մարգարյանին:
Կարդացեք նաև
«Եթե մեզ ոչ ոք չի լսում, չի աջակցում, մեր ցավը չեն հասկանում, նշանակում է բոլորն էլ աջակցում են նրան»,-ասում էին բնակիչները՝ միաժամանակ նշելով, որ գյուղն այս պահին փաստացի ղեկավար չունի իսկ մարզպետարանը ո՛չ անդորրագրեր է տրամադրում, որպեսզի մարդիկ իրենց գույքահարկը մուծեն, ոչ էլ թույլ է տալիս սուբվենցիոն ծրագրերն ի կատար ածվեն:
«Արդեն երկու ամիս է` գյուղն օդի մեջ է: Բերքի իրացման խնդիր ունենք: Չենք կարողանում հարկուտուրքերը վճարել»,-նշում էին եղեգնուտցիները: Նրանք պահանջում են գյուղում հանրաքվե անցկացնել եւ նոր համայնքապետի ընտրություններ անել: Բնակիչները վստահեցնում են, որ չնայած արտակարգ դրությանը, պատրաստակամ են սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանելով անցկացնել նոր ընտրությունները, որպեսզի գյուղը դուրս գա կաթվածահար վիճակից:
Դիմելով Արմավիրի մարզպետին նշեցին՝ «Պարո՛ն մարզպետ, եթե ձեզ պետք է 30 տարվա փորձառու թալանչի գյուղապետ, նրան կարող եք նշանակել բարձր պաշտոնների, բայց ոչ՝ Եղեգնուտում:
Կառավարությունից արձագանքեցին Եղեգնուտի բնակիչների բողոքին: Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Այսեր Իսայանը, որը «Հանուն ժողովրդի բարեկեցություն» ՀԿ նախագահն է եւ Եղեգնուտ համայնքի շահերը ներկայացնող իրավաբանական խմբի համակարգողը, համայնքի 5 ներկայացուցիչ կհանդիպի կառավարության պատասխանատուին՝ խնդիրը ներկայացնելու:
Հիշեցնենք, որ երեկ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննելու Եղեգնուտի ավագանիների դիմումը՝ համայնքում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, սակայն ԿԸՀ-ն մերժեց՝ պատճառաբանելով, որ «ավագանիները դիմումն ավելի վաղ տարածքային հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ժամանակ չեն ներկայացրել Եղեգնուտում տեղական հանրաքվե նշանակելու մասին համայնքի ղեկավարի կողմից ընդունված որոշում, ինչպես նաեւ՝ տեղական հանրաքվե նախապատրաստելու եւ անցկացնելու մասին անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրումը հաստատող փաստաթղթեր»:
Եղեգնուտցիների բողոքի առնչությամբ Aravot.am-ը դիմեց Արմավիրի մարզպետարան: Հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ մարզպետարանը անդորրագրեր չի տրամադրում, որպեսզի Եղեգնուտի բնակիչները գույքահարկը վճարեն: Հարցրինք նաեւ՝ ճի՞շտ է արդյոք, որ համայնքի համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերը դադարեցվել են:
Մարզպետարանի իրավաբանական բաժնից հայտնեցին, որ կա կառավարության որոշում, համաձայն որի գույքահարկի եւ հողի հարկի հաշվառված գրքերը, որոնք իրենց համապատասխան լիազորագրով ներկայացված ներկայացուցիչը ստանում է ֆինանսների նախարարությունից, բաց է թողնվում համայնքի ղեկավարին կամ տեղական ինքնակառավարման մարմնի լիազորագրով հանդես եկող աշխատակցին, բայց՝ այս պահին նշյալ անձինք չկան:
Սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ էլ մարզպետարանից հայտնեցին, որ միանշանակ ծրագրերի ընթացքը չեն կասեցվել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ