Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահայտություններ, որոնք «փչացնում» են ընտանեկան հարաբերությունները. խուսափեք դրանցից

Օգոստոս 21,2020 15:00

«Ռիդերս դայջեսթ» ամսագիրը սյունակագիր Սթեյսի Ֆեյնթաչն իր հոդվածում հրապարակել է արտահայտությունների ցանկը, որոնք պետք չէ օգտագործել ընտանիքի անդամների հետ հարաբերություններում, եթե ուզում եք ունենալ ուրախ, համերաշխ ու երջանիկ ընտանիք:

Ներկայացնում ենք այդ, այսպես ասած, վտանգավոր արտահայտությունները, որոնք ընտանեկան հոգեբանները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս օգտագործել:

«Ես ատում եմ քեզ, զզվում եմ քեզնից»

Իհարկե, երբեմն երեխան կարող է վիրավորված ու չափից ավելի դժգոհ լինել ծնողից, մանավանդ անցումային տարիքում, կամ ծնողն այնքան հոգնած լինի, որ ցանկանա ասել երեխային՝ զզվում եմ քեզնից, ատում եմ քեզ, նույնն էլ երեխան ծնողին, սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս նման դեպքերում մտածել՝ հնարավոր է սրանք հենց վեջին երեք բառերն են, որ ես պետք է ասեմ իմ հարազատին և զերծ մնան նման բառապաշարից:

Ի՞նչ չպետք է ասել մայրիկին. «Դու այդ մասին ինձ արդեն ասել ես»

Պետք չէ մեղադրել մայրիկին, որ նույն բանը նա կրկնում է մի քանի անգամ, քանի որ նախ բոլորս ենք նույն բանի մասին երբեմն մի քանի անգամ խոսում, մյուս կողմից էլ` այս դեպքում պետք է մեղքը փնտրել սեփական արարքների մեջ: Գուցե դրանք վերանայե՞լ է պետք:

Ի՞նչ չպետք է ասել ամուսնու կամ կնոջ ծնողներին. «Ձեր որդին կամ դուստրն այդպես է սիրում»

Այսպիսի արտահայտություն անելուց առաջ միշտ պետք է հիշել, որ ամենից լավ իր երեխային ճանաչում է նրա ծնողը, հետևաբար այսպիսի արտահայտությամբ հնարավոր է «փչացնեք» Ձեր հարաբերությունները Ձեր կնոջ կամ ամուսնու ծնողների հետ:

Ի՞նչ չպետք է ասել հայրիկին. «Հաստատ ժամերն ես հաշվում, թե երբ ես աշխատանքի գնալու»

Պապիկները շատ են սիրում թոռնիկների հետ ժամանակ անցկացնել, սակայն երբեմն դա հոգնեցնում է նրանց՝ հաշվի առնելով տարիքը, նյարդերը…Անգամ, եթե զգում եք, որ պապիկը հոգնել է, աշխատեք այդ մասին չբարձրաձայնել, նրան չասել՝ հաստատ ժամերն ես հաշվում, թե երբ ես գնալու աշխատանքի: Այս արտահայտությունը հաստատ կվիրավորի նրան:

Ձեր զուգընկերոջը երբեք մի ասեք. «Չես էլ հարցնում, թե օրս ինչպես է անցել»

Կան մի քանի արտահայտություններ, որոնք ամենից շատն են նյարդայնացնում հատկապես ամուսիններին: Օրինակ, երբ կինն ասում է. «Միշտ ուշ ես գալիս տուն», «Երբեք չես ասում, թե ինչ գեղեցիկ եմ ես» և այլն: Ըստ հոգեբանների՝ այս արտահայտությունները կառուցողական չեն և վնասում են ամուսնական հարաբերություններին:

Ձեր զուգընկերոջը երբեք մի ասեք. «Ես չեմ հավատում քեզ»

Առողջ հարաբերությունների հիմքը հավատն ու վստահությունն է: Հոգեբան, ընտանեկան հարաբերությունների փորձագետ Անտոնիա Հոլը խորհուրդ է տալիս անգամ եթե կարծում եք, որ Ձեր զուգընկերը ստում է, մի բարձրաձայնեք դրա մասին: Փորձեք նրան հարցեր տալով ու նրան լսելով՝ հասկանալ, թե որն է պատճառը:

Երբեք Ձեր ամուսնուն մի ասեք. «Ընկերուհուս ամուսինն այս է անում, այն իսկ դո՞ւ»

Հոգեբաններն այս դեպքում ասում են. «Միշտ հիշեք՝ խոտածածկը հեռվից ավելի կանաչ է թվում, քան, երբ մոտենում ես»: Իրականում Դուք չգիտեք, թե ինչ հարաբերություններ են ուրիշի ընտանիքում, հետևաբար երբեք օրինակ մի բերեք այս կամ այն անձի կնոջը կամ ամուսնուն: Հոգեբանները խորհուրդ են տալիս. «Դադարեք կենտրոնանալ ուրիշի հարաբերությունների վրա, ավելի լավ է աշխատեք Ձեր հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31