«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1.Պարադոքս է, երբ իշխանություններն ամենօրյա ռեժիմով խոսում են նախկինների օրոք տեղի ունեցած զանգվածային թալանի ու գողության մասին, սակայն քիչ թե շատ հասարակական հնչեղություն ունեցող կոռուպցիոն որևէ գործով դեռևս չկա կայացված դատավճիռ:
2.Պարադոքս է, երբ իրավական պետության կառուցման ուղի բռնած ժողովրդավարական բաստիոնի կառավարիչների արդարադատության մասին պատկերացումները սահմանափակվում են միայն մեղադրանքներ հնչեցնելով և մեղավորներ նշանակելով՝ առանց դատական իշխանության կողմից հաստատված փաստերի։
3.Պարադոքս է, որ իշխանությունն այդպես էլ չի գիտակցում, որ նման գործելաոճը, եթե հաջողություն էր ապահովում ընդդիմության պայմաններում, ապա այժմ աշխատում է իր իսկ դեմ՝ հասարակության տարբեր շերտերի մոտ ծնելով օբյեկտիվ կասկածներ և մտորումներ իշխանության ազնիվ մղումների վերաբերյալ։
4.Պարադոքս է, երբ պետության և հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող կենսական հարցերի շուրջ իշխանությունը դիրքորոշում հայտնելու փոխարեն որդեգրում է դիտորդի կարգավիճակ:
Կարդացեք նաև
5.Պարադոքս է, որ երկրի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չգիտակցեց, որ իշխանությունը սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնելու և իրագործելու, այլ ոչ թե տեղի ունեցող դեպքերին հետևելու գործընթաց է:
6.Պարադոքս է, որ իշխանությունն այդպես էլ չի ընկալում, որ բարձր լեգիտիմությունը ոչ թե պարծենալու կամ թմբկահարելու համար էր, այլ որոշում կայացնելու համար տրված մանդատ:
7.Պարադոքս է, երբ իշխանությունը հայտարարում է, որ ունի համավարակի դեմ պայքարի ռազմավարություն, մինչդեռ դրա արդյունքում գրանցում է խայտառակ ու աննախադեպ ցուցանիշներ աշխարհում վարակակիրների թվով առաջին տասնյակում հայտնվելու ուղղությամբ: Եվ այստեղ ծագում է տրամաբանական հարց, մենք ունենք համավարակի դեմ պայքարի, թե՞ դրա տարածման ռազմավարություն: Վերջինիս ուղղությամբ մտորելու հիմք է տալիս երկրի առողջապահության թիվ մեկ պատասխանատուի հայտարարությունն առ այն, որ իրենց նպատակը բնավ էլ վարակվածության դեպքերի զրոյացումը չէ:
8.Պարադոքս է, երբ տնտեսության զարգացումն իշխանությունը տեսնում է ՀԴՄ տպելու, համավարակի դեմ պայքարը՝ դիմակ կրելու, իսկ գյուղատնտեսության զարգացումը՝ անգլերեն իմանալու մեջ: Երբ գլոբալ մարտահրավերների և հիմնախնդիրների ներկա պայմաններում խոշորամասշտաբ խնդիրների լուծման վերաբերյալ նման պարզունակ ու նաիվ մոտեցումներ է արտահայտում երկրի իշխանությունը, դա վկայում է ոչ միայն դրանց լուծման պատկերացումների, այլ նաև առկա պրոբլեմների ընկալունակության բացակայության մասին:
P.S. Սթափ և վեհ մնացեք»: