«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի բուժաշխատողները կրկին ոտքի են կանգնել, բանն այն է, որ կառավարությունը դադարեցրել է մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին պետպատվերի շրջանակում վճարելը, սակայն բաժանմունքը շարունակում է գործել՝ պարտքեր կուտակելով։ Պարտքը հասնում է 12 միլիոն դրամի։
Բուժաշխատողները 7 ամիս շարունակ աշխատել են՝ առանց աշխատավարձ ստանալու։
«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժ/պ Անուշ Հովսեփյանի ներկայացմամբ, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի պետպատվերի հայտը մերժվել է, սակայն չունեն կառավարության որոշում, ձեռքի տակ չկա այն իրավական ակտը, որով բաժանմունքի թվով 13 աշխատակիցներին կծանուցեին աշխատանքից ազատման մասին։
«Այսինքն, նրանք գտնվում են աշխատանքի մեջ և չեն ստանում աշխատավարձ։ Մենք անհանգստություն ու մեծ մտավախություն ունենք, որ եթե ֆինանսական բեռն ավելի ծանրանա, կկորցնենք մեր պոլիկլինիկ ծառայությունը, ֆինանսական բեռի պատճառով կարող ենք սնանկ ճանաչվել և լուծարվենք»,- հայտարարեց տնօրենի ժ/պ-ն։
Վերջինս նշում է, որ ժամանակը շատ թանկ է իրենց համար․ մարդիկ ո՛չ աշխատանքից ազատված են, ո՛չ աշխատավարձ են ստանում, պարտքերը կուտակվում են։ Իրենք դիմել են Շիրակի մարզպետին, տարածքային կառավարման նախարարին, վարչապետին, սակայն հստակ պատասխան չունեն։ Ի դեպ, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը վերազինվել է, նոր սարքավորումներով հագեցվել, աշխատակիցները խնդրում են գան, ուսումնասիրություն կատարեն ու իրենց հնարավորություն տան աշխատելու։
Նրանք շեշտում են, որ սարքավորումների ձեռքբերմանը օգնել է նաև ամերիկահայ բարերար Հրանտ Թումասյանը, որը բնակվում է ԱՄՆ-ում, նա գամված է սայլակին։ Վերջինս մասնավորապես թթվածնային կենտրոնացված համակարգն է ներդրել․ Մարալիկը երբեք չի ունեցել այն։ Ի դեպ, Մարալիկի հիվանդանոցի շենքն էլ շքեղ վերանորոգված է։
Ըստ տնօրենի, իրենք հունվարի ամսվա վեց ծնունդների համար կարողացել են իրենց ունեցած դրամահավաքից աշխատավարձ տալ, սակայն դրանից հետո յոթ ամիս շարունակ աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել։
«Մեզ շատ է հետաքրքրում ծննդաբերական բաժանմունքի ճակատագիրն ու ֆինանսական բեռը։
Պաշտոնական գրություն ենք հղել մարզպետին, 2018 թվականին առկա բոլոր թերացումները վերացնելով՝ սարքավորումներով վերազինելով։ Մարզպետն այն ուղղել է մեր նախարարին, ի պատասխան մեր պաշտոնական գրության, ստացել ենք՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տվյալ պահին հանձնախումբ չկա նախարարությունում ուսումնասիրություն կատարելու համար»,-ասում է տնօրենի ժ/պ-ն։
Իրենք նաև պայմանագիր են կնքել մասնագետների հետ, այսինքն` բժիշկ մասնագետներով համալրելու բացարձակ խնդիր չկա, ուղղակի, ըստ տնօրենի, իրեն չեն տվել գործունեության հնարավորություն։
«Ինչո՞ւ փակեն բաժանմունքը, եթե 17 բնակավայր է սպասարկում ու ճիշտ աշխատանքի արդյունքում կարելի է բոլոր հղիներին բերել այստեղ։ Ընդ որում՝ Անիի տարածաշրջանը սոցիալապես անապահով տեղ է, մարդիկ փող չունեն Արթիկ, Գյումրի, Ախուրյան հասնելու, եթե ճիշտ աշխատենք, կկարողանանք 102 ծնունդների փոխարեն ունենալ 150-ը, որը սահմանված է՝ որպես նշաձող»,- ասում է տնօրենը։
Աշխատակիցները նշում են, որ այս հարցը պիտի վարչապետը լուծի։
«Իր տեղում նստած Մարալիկով երբեք չի հետաքրքրվում, ինչո՞ւ չես գալիս մի հատ Մարալիկ, կողքի գյուղերը։ Մարալիկի ծննդատունը 17 գյուղ է սպասարկում, ինչո՞ւ հղիները ուրիշ տեղ գնան, հրաշալի բուժանձնակազմ ունենք, վերանորոգված հրաշալի շենք, լուսավոր հիվանդասենյակներ», -ասում էր աշխատակիցներից մեկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Լուսանկարները՝ Սաթիկ Սեյրանյանի ՖԲ էջից