Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սուրճի, թեյի, մարիխուանայի օր կա, իսկ խորովածի՝ ոչ

Օգոստոս 21,2020 14:17

«Ախթալան հայտարարել ենք խորովածի համաշխարհային մայրաքաղաք, որտեղ ավանդաբար կազմակերպվում է խորովածի փառատոն: Բացի դրանից՝ խորովածի տոն ենք հայտարարել, որը միշտ նշում ենք օգոստոսի նախավերջին կիրակին: Ավանդույթները չխախտելու համար` պարոն Խաչիկյանի հետ որոշեցինք հանդես գալ մամուլի ասուլիսով, քանի որ շատ են հարցնողները՝ արդյոք լինելո՞ւ է խորովածի փառատոն՝ արտակարգ դրության պայմաններում: Սա ուրախացնող փաստ է, որովհետեւ գնալով շատ դինամիկ կերպով փառատոնի շահառուների թիվը մեծանում է»,- «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Սեդրակ Մամուլյան

Նրա խոսքով, խորովածի փառատոնի պահանջարկն այնքան մեծ է, որ թեեւ անցյալ տարի դժվարություններ ունեին փառատոն կազմակերպելու առումով, բայց Ախթալայի բնակիչներն ուղղակի ստիպեցին անցկացնել սիրելի փառատոնը, որը «Հյուսիսային դարպասներ» զբոսաշրջային նախագծի շրջանակում իրականացավ:

Հյուսիսային դարպասներ զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել մի մարդու՝ Սեդրակ Մամուլյանի կողքին, որի շնորհիվ հայկական խոհանոցը թրենդային է գոնե Հայաստանում: «Մեր նպատակն է հայկական խոհանոցը դարձնել միջազգային թրենդ, ինչին նպաստում է նաեւ խորովածի փառատոնը:

Դժբախտաբար համավարակով պայմանավորված՝ փառատոնի ժամկետները մի փոքր խախտվում են, բայց տա Աստված, որ պարետատան որոշմամբ որոշակի մեղմացումներ լինեն, որոնք թույլ կտան պահանջված փառատոնն իրականացնել: 5 տարի առաջ Ախթալան հռչակվեց խորովածի միջազգային մայրաքաղաք, եւ կա մի ցանկություն եւս, որ մտածում ենք իրականացնել Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում ՀԿ-ի հետ: Աշխարհում կան միջազգայնորեն ընդունված տարբեր օրեր, որոնց մի մասն առնչվում է խոհարարության հետ՝ ինչպես սուրճի, շոկոլադի, թեյի եւ անգամ մարիխուանայի օրերը»,-նշեց նա:

Վազգեն Խաչիկյանը փաստում է, որ խոհարարական տոների մեջ բացակայում է խորովածի օրը, թեեւ խորովածը միակ ուտեստն է, որը աշխարհի բոլոր ժողովուրդներն ունեն, նաեւ չկա օր, որ կապված լինի Հայաստանի կամ հայ ժողովրդի հետ:

«Քանի որ խորովածի փառատոները անց են կացվում օգոստոսի նախավերջին կիրակիները, ուզում ենք կոչ անել, որ ամբողջ աշխարհում օգոստոսի նախավերջին կիրակին նշվի որպես խորովածի միջազգային օր, եւ այդ օրը աշխարհի տարբեր երկրներում մարդիկ միավորվեն խորովածի կրակի շուրջ, այդ օրը խորոված պատրաստեն պիկնիկի վայրերում, տներում, ռեստորաններում, լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակեն՝ խորովածի օր հեշթեգերով»,-ասում է Խաչիկյանը, որի համոզմամբ՝ դա կնպաստի Հայաստանի եւ հայկական խոհանոցի հանրահռչակմանը, քանի որ հայկական խոհանոցը ներառում է խորովածի բազում ձեւեր:

«Խոհանոցը եւ կերակուրը միակ երեւույթն են, որ զբոսաշրջիկին կարող են կրկին կանչել մեր երկիր, մեր եկեղեցիները, տեսարժան վայրերը շատ գեղեցիկ են, բայց զբոսաշրջիկին չենք կարող ասել, օրինակ, եկեք՝ նորից մեր Նորավանքը տեսեք, իսկ սնունդը միշտ բերում է»,-համոզված է Սեդրակ Մամուլյանը՝ կարեւորելով համի հիշողությունը:

Նա ասաց, որ համավարակային շրջանն օգտագործել է 7 մարզերի խոհանոցների հետ կապված նյութերը ի մի բերելու ու մշակելու համար: «Մեզ թվում է, թե մեր մարզերի խոհանոցների միջեւ չպետք է տարբերություն լիներ, բայց ինչպես բարբառներն են տարբերվում, այդպես էլ խոհանոցն է տարբեր»,-ասաց Սեդրակ Մամուլյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31