Լրահոս
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան․ Եթե 16 տարեկանները կարող էին իշխանություն ձևավորել փողոց փակելով, ինչո՞ւ չեն կարող դա անել քվեաթերթիկի վրա

Օգոստոս 21,2020 13:34

«Սկսած փետրվարի վերջից՝ ընտրական բարեփոխումների հանձնաժողովը համարյա ամեն շաբաթ նիստեր է գումարել, ինչ-որ հարցեր քննարկել»,- «Մեդիա կենտրոնի» կազմակերպած քննարկման ընթացքում ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ երկու հարց կա, որի շուրջ ձևավորված դիրքորոշում կա, մնացածը դեռ քննարկման փուլում են։ Այդ երկու հարցերն են խորհրդարանական հանրապետությունը և կայուն մեծամասնության մեխանիզմից հրաժարվելը․ «Ներկայիս Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը ենթադրում են, որ ամեն դեպքում ընտրությունների արդյունքում խորհրդարանը ունենալու է մեծամասնություն, ընդ որում՝ կայուն մեծամասնություն։ Եվ ըստ այդմ, կառավարության ձևավորումը բնականաբար, որևէ խնդիրներ չի ունենում։ Ժողովրդավարության հետ կապված է այս մեխանիզմը խնդրահարույց։ Բայց կառավարություն ձևավորելը, իհարկե, ավելի հեշտ է լինում։ Հիմա եթե մենք հրաժարվում ենք կայուն մեծամասնության երաշխավորումից, այսինքն՝ այլևս Սահմանադրությամբ և օրենքով չի երաշխավորվում, որ կայուն մեծամասնություն կլինի, ինչպե՞ս  պետք է ձևավորվի կառավարությունը։ Ենթադրենք, մոլդովական սցենարը, երբ երեք քաղաքական ուժեր ամեն մեկը մոտավորապես հավաքում է խորհրդարանի տեղերի ⅓-ը և ամեն մեկն ասում է, որ մյուսներից ոչ մեկի հետ կոալիցիա չի ձևավորելու։ Այդ սցենարը քիչ հավանական է, եզակի է, բայց լինում է, այդ սցենարում ինչպե՞ս է տեղի ունենում դեպքերի զարգացումը, ինչպե՞ս է խնդիրը լուծվում և ինչպե՞ս է ձևավորվում կառավարությունը»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ ընտրական տարիքի երեք հնարավոր սցենար է քննարկվում․ «Սցենարներից մեկն այն է, որ թողնվում է այնպես, ինչպես կա, այսինքն՝ 18 տարեկան։ Միանգամից ասեմ՝ ես այդ սցենարի կողմնակիցը չեմ։ Սցենարներից մյուսը ենթադրում է, որ տարիքը իջեցվում է 17 կամ 16։ Եվ երրորդ սցենարը այն է, որ այդ տիրույթում ազատություն է տրվում օրենսդիրին, և օրենսդիրը կարող է որոշել, թե որ ընտրություններում ինչ շեմ սահմանի»։

Նա ընդգծեց, որ 16 տարեկանում քաղաքացին ստանում է ամուսնանալու, աշխատելու, հարկեր վճարելու իրավունք․ «Եվ այդ ամենով հանդերձ ինչո՞ւ չպետք է ունենա ընտրությունների միջոցով իշխանության ձևավորմանը մասնակցելու իրավունք։ Առավել ևս, որ մենք դեռ ոչ վաղ անցյալում ունենք 2018 թվականի ապրիլի հեղափոխությունը, երբ հենց այդ տարիքային խմբի երիտասարդները փողոց փակելով անմիջապես մասնակցություն ունեցան իշխանության ձևավորմանը։ Եթե իրենք դա կարող էին անել փողոց փակելով, ինչո՞ւ չեն կարող անել քվեաթերթիկի վրա»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դուք ավելի լավ կլինի մտածել,թե ոնց անել,որ մե ուժը 80տոկոս տեղ չունենա խորհրդարանում,որպեսզի անհեթեթությունների հասնող օրենքներ չընդունի…:Առաջարկում եմ հաղթող ուժին տալ 40-46 տոկոս տեղեր ձևավորող խորհրդարանում:Դա կնպաստի,որ կառավարությունը այնպիսի նախագծեր ներկայացնի,որոնք ընդունելի կլինեն նաև մնացած ուժերի կողմից,թե չէ մեր այսորվա խորհրդարանը նման է ՍՄԿԿ կենտկոմի պլենումի՝адабрямс….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31