Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է. Արցախի ԱԳՆ

Օգոստոս 21,2020 14:05

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը:

Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը:

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։

Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զեկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը:

Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։

Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։

Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին։

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31